
Հայ պատգամավորները Սիրիայում դիտորդական առաքելություն չեն իրականացնի
Հունիսի երեքին Սիրայում անցկացվելու են նախագահական ընտրություններ:
Սիրիայի խորհրդարանի նախագահը ՀՀ Ազգային ժողովին հրավեր է ուղարկել ՝ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Մայիսի 24-ին «Հետքը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդունվելու է Սիրիայի խորհրդարանի հրավերը: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց, թե հայ դիտորդական խմբի ներկայությունը պատերազմող երկրում որևէ նշանակություն ունենալ չի կարող:
«Ես կարծում եմ, որ մեր դիտորդների ներկայությունն այնտեղ որևիցե նշանակություն չի կարող ունենալ, բայց եթե ցանկություններ կլինեն, բնականաբար... Ուղղակի մենք կարծում ենք, որ պետք է կարողանանք ավելի լուրջ ճանապարհներով օժանդակել հայ համայնքին»,- նշեց նա:
Մեր հարցին, թե առայժմ վերջնական որոշում չկա՞ հրավերն ընդունելու կամ մերժելու մասին, ԱԺ նախագահն այդպես էլ հստակ պատասխան չտվեց. «Բնականաբար, դա ընդունել-չընդունելու խնդիրը չէ: Ես չեմ կարծում, որ պատերազմող երկրում դիտորդները որևիցե նշանակություն կունենան: Իսկ եթե դրա հարկը կլինի, կզգանք, որ մեր դիտորդները կնպաստեն ինչ-որ բանի, բնականաբար, կգնանք»:
«Հետքը» նաեւ գրավոր հարցում էր ուղարկել պարզելու՝ արդյոք պատվիրակություն ուղարկվելո՞ւ է Սիրիա, թե՞ ոչ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր մեզ տեղեկացրին, որ Սիրիայի խորհրադարանից հրավեր ստացվել է. խորհրդարանական պատվիրակություն թեև չի մեկնի, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անհրաժեշտության դեպքում դիտորդական առաքելություն կիրականացնեն Սիրիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել