
«Պատվերով» աճուրդը Բջնիում ձախողվեց
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վերջին էջում մանր տառերով զետեղված հայտարարությունը տեղեկացնում էր, որ մայիսի 26-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում տեղի է ունենալու 8 լոտ հողամասի աճուրդ-վաճառք: 2013թ. ընթացքում այս համայնքում որևէ աճուրդ չի եղել: Բջնիի ֆոնդային բյուջեն, որը պետք է համալրվի համայնքային սեփականության գույքի աճուրդ-վաճառքներից, չի գերազանցել 3 մլն դրամը: 8 հողամասի աճուրդ-վաճառքը Բջնիի համար սեփական եկամուտներն ավելացնելու հնարավորություն էր, սակայն պարզվեց, որ այն չի հետաքրքրում ոչ համայնքապետին, ոչ էլ հայտ ներկայացրած մասնակիցներին:
Աճուրդի ժամին համայնքապետ Արմեն Մաթևոսյանը տեղում չէր: Մեզ փոխանցեցին, որ նա գնացել է Կոտայքի մարզպետի մոտ խորհրդակցության (նշենք, որ Կոտայքի մարզպետը, ըստ http://kotayk.gov.am/-ի, այդ օրը խորհրդակցություն չի անցկացրել-Մ.Մ.):
Աճուրդին մասնակցության հայտ ներկայացրածները, ովքեր այդ գյուղի բնակիչներ են, նույնպես չներկայացան: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Բալաբեկյանն ասաց, թե աճուրդի հայտատուները հավանաբար զգուշացրել են համայնքապետին, որ չեն գալու, այլապես վերջինս չէր գնա խորհրդակցության: Աճուրդի ներկայացված 8 հողամասից 6-ի համար ներկայացվել էր երկուական հայտ, մեկի համար՝ մեկ հայտ, լոտերից մեկի համար ոչ մի հայտ չէր ներկայացվել: Ստացվում է, որ 13 հոգի հայտ էր ներկայացրել աճուրդին մասնակցելու համար, սակայն վերջին պահին հրաժարվել էր մասնակցությունից:
Մեր ենթադրությամբ` աճուրդի մասնակիցները վստահ էին, որ առանց աճուրդը կայանալու էլ հողերը ձևակերպվելու են նախապես իրենց հայտնի «հաղթողների» անուններով, այդ պատճառով էլ չէին ներկայացել: Աշխատակազմի քարտուղար Անահիտ Բալաբեկյանի ասաց, որ աճուրդը համարելու են չկայացած մասնակիցների չներկայանալու պատճառով, և ինչպես նախատեսում է օրենքը, նոր հայտարարություն են տալու:
Համայնքապետարանի գլխավոր գյուղատնտես Արմեն Անդրեասյանը թվեց լոտերի համար հայտ ներկայացրածների անուն-ազգանունները: Պարզվեց, որ մրցակիցները հիմնականում ունեն նույն ազգանունները՝ Արտակ Սահակյան-Սպարտակ Սահակյան, Արմեն Մովսիսյան-Գեւորգ Մովսիսյան, Վարդան Վարդանյան-Ստյոպա Վարդանյան ... :
«Դե, հիմնականում որ գյուղացի են իրար հետ, երկու ախպեր գալիս, իրար հետ հայտ են գրում»,- ասաց Արմեն Անդրեասյանը: Պարզ է, որ եթե աճուրդը կայանար էլ, միևնույն է, սակարակությունը մեկ քայլից չէր անցնելու:
Աշխատակազմի քարտուղար Անահիտ Բալաբեկյանն ասում է՝ առաջ այսպես չէր, շատ հայտեր էին ունենում, հողի գինը մի քանի քայլով սակարկվում էր և գյուղի բյուջե զգալի գումար էր մտնում, իսկ հիմա «քար ու քարափ» հողերը ոչ ոք չի ուզում գնել:
Բջնիի գյուղատնտեսական վարելահողերը, համաձայն հողային հաշվեկշռի, կազմում են 1170 հա, որից այժմ միայն մոտ 1010 հա է սեփականաշնորհված, 18 հա-ը տրված է վարձակալության, մնացածը համայնքինն է: Ինչո՞ւ այս հողերի համար աճուրդներ չեն կազմակերպվում մեր հարցին, Արմեն Անդրեասյանը պատասխանեց. «Ժողովուրդը հետարքրքրությունը կորցրել է հողի հանդեպ: Իրենց սեփականաշնորհած հողերը չեն մշակում նույնիսկ»: Բջնիի դաշտերում ոռոգման ցանց չի անցկացվել, հողերի նկատմամբ հետաքրքրության պակասը, նրանց ասելով, հենց սա է: Այնուամենայնիվ, այդ օրը աճուրդի դրված հողերի համար ներկայացված հայտերը հուշում էին, որ վիճակն այնքան էլ անհույս չէ, ինչպես ներկայացրին համայնքապետարանում: Լոտերից մի քանիսը հենց գյուղատնտեսական նշանակության հողեր էին, որոնց համար հայտատուները պատրաստ են վճարել ու գնել:
Աճուրդների կանոնակարգի համաձայն՝ ավագանին հաստատում է վաճառվող լոտերի ցանկը, հայտարարում աճուրդի կայացման օրն ու ժամը, ընդունում հայտերը և նշանակված օրը աճուրդ է իրականացնում: Նպատակը` ֆոնդային բյուջեն համալրելն է ու գյուղի խնդիրները լուծելը: Բջնիում գործընթացն իրականանում է հակառակ ուղղությամբ. եթե որևէ մեկը ցանկանում է հող ձեռ բերել, դիմում է համայնքապետարան: Նրա դիմումը քննարկվում է ավագանու հերթական նիստի ժամանակ, հայտարարվում է աճուրդ: Եթե դիմումատուի «բախտը չբերի», ապա աճուրդի հայտարարությունը կտեսնեն նաև այդ պահին տվյալ հողով հետաքրքրված այլ անձինք ու կգան նրա հետ մրցելու, իսկ եթե նա «հաջողակ» լինի, ապա կլինի միակ հայտատուն:
Համայնքապետարանը այսպիսով ոչ թե աճուրդ է կազմակերպում, այլ ինչ-որ մեկի դիմումին է ընթացք տալիս «աճուրդ» անվան տակ:
«Հիմա մենք օդի մեջ չենք ուզում աճուրդ անենք, որովհետեւ ավելորդ ծախսեր են լինում: Էդ հողը, եթե պիտի դնենք աճուրդի, բայց չօտարենք, ստացվում է՝ համայնքապետարանը ծախսեր է անում ու էդ ծախսերը մնալու են մեզ վրա»,- պատճառաբանեց Արմեն Անդրեասյանը:
Այսպիսով, համայնքապետարանը նվազագույնի է հասցնում հողի համար սակարկության հնարավորությունը: Աճուրդի կայանալու պայման է երկու մասնակցի առկայությունը: Բնական է` ով դիմել է հող ձեռք բերելու համար, որպես «մրցակից» բերելու է իր բարեկամին, սակարկելու է մեկ քայլ և գնելու է հողը գրեթե մեկնարկային գնով՝ համայնքի ֆոնդային բյուջեն թողնելով նույն դատարկ վիճակում:
2013թ. ֆոնդային բյուջեում եղել է ընդամենը 2 մլն 600 հազար դրամ, որով համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստ Սաշա Սահակյանի խոսքով, գյուղում կարողացել են ընդամենը փողոցային լուսավորություն անցկացնել և համայնքապետարանի համար գնել վեց հատ համակարգիչ:
Մեկնաբանել