HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հակոբյան. «Գործը չի հասնի 2017-18թթ. ընտրություններին. այս քաղաքականությունը տանում է դեպի արտահերթ ընտրություններ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը

- Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր սկսել են 2017-18 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ձեզ համար ընտրարշավը սկսվա՞ծ է:

- Ցավոք, այն բոլոր հայտարարությունները, որոնք հնչեցվեցին այս ընթացքում, հատկապես՝ նախկին կառավարության հրաժարականից հետո, ՀՀԿ համագումարում, համարժեք չեն պետության մեջ ստեղծված իրավիճակին: Ես չեմ կարծում, որ ոչ իշխանական քաղաքական ուժերն այսօր ընտրարշավի մեջ են մտել, որովհետև հստակ չէ՝ ե՞րբ են լինելու այդ ընտրությունները: Եթե այս քաղաքականությունը շարունակվի, չեմ կարծում, որ գործը կհասնի 2017-18թթ. ընտրություններին:

- Նկատի ունեք, որ արտահերթ ընտրություննե՞ր կլինեն:

- Այո, այս քաղաքականությունը տանում է դեպի արտահերթ ընտրություններ:

- Քառյա՞կն է գնում արտահերթ ընտրությունների անցկացմանը, թե՞ իշխանությունները:

- Քառյակն անում է այն, ինչ անում է: Կարծում եմ, որ քառյակի կեցվածքն, անկախ տարբեր գնահատակններից, ավելի համարժեք է ստեղծված իրավիճակին, քան այն, ինչ ասում ու անում է իշխանությունը: Այդ բարի ցանկությունները, որոնք արվում են իշխանությունների կողմից, բովանդակային առումով բացարձակ կապ չունեն իրականության հետ: Եվ եթե համեմատական անցկացնենք, թե ով է ավելի համարժեք գնահատում իրականությունը, ով է  ավելի ականջալուր, պատկերը միանշանակ կլինի՝ դա քառյակն է: Իշխանությունն ասում է ականջալուր կլինի, բայց ականջալուր չէ հասարակությանը, ով այսօր պահանջում է արմատական փոփոխություններ, ոչ թե ձևական ցանկությունների ձևակերպումներ: Հասարակությունն ուզում է կոռուպցիան վերանա, որ ստվերը, մենաշնորհները նվազեն, բայց իրականում այսօր շարունակվում է այն, ինչ արվել է նախկինում:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ուներ Ս. Սարգսյանը, երբ ընդդիմությանն ու իշխանությանը համեմատում էր մարդու ձեռքերի հետ՝ կոչ անելով աջ և ձախ ձեռքերին համագործակցել:

- Որպես ձևակերպում ճիշտ է, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան միմյանց հակակշռել, որպեսզի պետության մեջ առողջ զարգացում տեղի ունենա: Ամբողջ հարցն այն է, որ իշխանությունը խոսում է դրա անհրաժեշտության մասին, բայց փորձում է ոչնչացնել, վերացնել մյուս ձեռքը՝ ընդդիմությանը՝ վերացնելով հակակշիռը: Որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը դառնան հակակշռող մարմիններ, ընդդիմությանը պետք է տրվեն լծակներ՝ վերահսկիչ լծակներ: Ասում են, թե ընդդիմությունը վտանգավոր է, ո՞նց կարելի է լծակներ տալ, բայց եղբայր, եթե ուզում ես հավասարակշռված լինել, պետք է ապահովես դեպի ժողովրդավարություն գնացող այդ նորմի լինելիությունը: Բայց իշխանությունը չի ուզում գնալ այս քայլին, որովհետև վերարտադրվելու համար իրեն ձեռնտու է, որ իշխանական խոհանոցը միշտ փակ պահվի ինչպես ընդդիմությունից, այնպես էլ ժողովրդից:   

- Տեսակետ կա, թե Ս. Սարգսյանի համեմատությունը գործարքի առաջարկ էր ընդդիմությանը, այդպե՞ս է:

- Ես չեմ կարծում, որ այդտեղ գործարք կա: Սա պարզապես գեղեցիկ խոսք է, լավ խոսք է, բայց տակը ոչինչ չկա՝ դատարկ է: Իշխանությունն ասում է՝ եկեք բոլորդ մտեք կոալիցիա, միմյանց հետ աշխատենք: Լուրջ քաղաքական գործիչ լինել պետք չէ` հասկանալու համար, որ նման առաջարկը պետությունը զարգացնելու համար չէ արվում: Ի՞նչ է նշանակում ամբողջ ընդդիմությունը մտնի կոալիցիա, դառնա իշխանություն... Սա ժամանակակից պետություն դառնալու ձգտման հետ որևէ կապ չունի: Իրենք մտածում են միայն իշխանության ապահովման մասին: Իսկ երբ ընդդիմությունն ասում է, որ ինքը պետք է մնա իր դաշտում, բայց մասնակցի պետական կառավարման համակարգին վերահսկիչ ֆունկցիաներով, որպեսզի կարողանա զսպել իշխանությանը, իշխանությունը մերժում է, թույլ չի տալիս, որ իշխանության խոհանոցում ընդդիմությունը մի փոքր վերահսկողական կամ գոնե դիտորդական պատուհան ունենա:

- Այսինքն՝ կընդունե՞ք գործարքի առաջարկը:

- Դա գործարք չէ, դրա անունը մի դրեք գործարք… Ինչի՞ չի գնա գործարքի… Քառյակն առաջիկայում կներկայացնի իր մոտեցումները, թե ի՞նչ է պահանջում իշխանություններից: Բայց դրա անունը գործարք չէ, գործարք ասում են նրանք, ովքեր բացի թվաբանական խաղերից, այլ բան չեն պատկերացնում: Չորս քաղաքական ուժերն առաջարկում են նորմալ իրավիճակ ստեղծելու համար խաղի որոշակի կանոններ սահմանել: Դրանց հիմքում պետք է դրվեն առողջացման մեխանիզմներ: Սա գործարք չէ, ճշգրիտ խաղի կանոնների առաջարկ է՝ պետության մեջ ստեղծված իրավիճակը վերացնելու համար, ինչին ընդդիմանում է իշխանությունը: Թե Ս. Սարգսյանը, վարչապետը ի՞նչ խոսքեր կասեն, էական չէ, որովհետև ես տրամադրություն չեմ տեսնում նրանց կողմից պետությունը դուրս բերելու անդունդից:

- Պարոն Հակոբյան, երկար ժամանակ է խոսվում է երկբևեռ համակարգ ստեղծելու մասին: Քառյակը կարո՞ղ է դառնալ այդ բևեռներից մեկը:

- Եթե Ս. Սարգսյանը նկատի ունի, որ քառյակը դառնա մեկ միավոր, ապա ես դա հավանական չեմ համարում, որովհետև չորս ուժերը միավորման հեռանկար չունեն: Քառյակում տարբեր գաղափարական ուղղություններ որդեգրած ուժեր են, ուստի չեմ կարծում, որ կարող են միավորվել, դառնալ մեկ քաղաքական ուժ՝ մեկ միասնական գաղափարախոսությամբ: Այլ հարց է, որ ընտրությունների ժամանակ կարող են համախմբվել: Քառյակի համագորածակցության նպատակն այն է, որ պետության մեջ ստեղծենք նորմալ պայմաններ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարողանա պայքարել իր գաղափարների իրականացման համար:

- Գուցե իշխանությունները հենց դրանից են վախենում, որ քառյակը կարող է համագործակցել նախագահական ընտրությունների ժամանակ, այդ պատճառով էլ Ս. Սարգսյանը կոչ է անում չզբաղվել քարոզարշավով:

- Չգիտեմ... դա իրական չէ: Իշխանության քայլերը կապ չունեն այն բարի ցանկությունների հետ, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Մի կողմից իշխանությունն ասում է, որ ընդդիմադիր ուժերին չի վստահում, որ լծակներ չի տալիս, որովհետև վտանգավոր է, մյուս կողմից` համագործակցության կոչ է անում: Ինչո՞ւ է համագործակցության կոչ անում, երբ չի վստահում. հակասություններն ակնհայտ են: Վարչապետն ասում է` «հարգելի գործարարներ, ճիշտ է, համակարգը թույլ է տալիս գողանալ, ֆինանսներն ու տնտեսությունը ստվերում պահել, մենաշնորհներին տիրապետել, կոռուպցիայով զբաղվել, բայց իմ անձը հարգեք, դադարեցրեք իմ խաթր…»: Սա ի՞նչ է, եթե ոչ ընդամենը ընկերական պայմանավորվածություն, որը նորմալ քաղաքականության հետ որևէ կապ չունի. սա չէ՞ համակարգի ամբողջական բնութագիրը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter