
ԱԳ փոխնախարարը հավաստիացնում է, որ Ադրբեջանին զենքի վաճառքը չի ստվերում ՌԴ-ի հետ գործընկերությունը
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու հրավեր արեց Թուրքիայի նախագահին: Համաձայնության դեպքում ի՞նչ է տալու այդ այցը:
- Գործընթացի զարգացում է տալու: Շատ դրական եմ գնահատում, սպասում ենք պատասխանի:
- Պատասխան կլինի՞:
- Չեմ կարող ասել:
- ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս խոսում է Հայաստան-Ռուսաստան բարեկամանական հարաբերությունների մասին, բայց Հանրապետության օրվա առիթով ՌԴ նախագահը շնորհավորեց միայն Ադրբեջանին: Ի՞նչ է սա նշանակում:
- Շնորհավորանքը կա՞ր, թե՞ չէ, դրանից պետք չէ եզրակացություններ անել, թե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերը չէ: Մի քիչ ճիշտ չէ...
- Իսկ այն, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին, դրանից եզրակացություններ անել պետք չէ՞:
- Զենքի վաճառքի գործընթացը միշտ էլ կար, ու Ռուսաստանի պաշտոնյաներից մեկն էլ ասաց, որ ես չեմ կարող ողջունել դա, բայց միևնույն ժամանակ դա գործըթնաց է, որն իրականացվում է:
- Հայաստանն ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է, որ Ռուսաստանը չշարունակի զենք վաճառել Ադրբեջանին:
- Քայլեր արվում են. կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն ֆիքսված է սպառազինության քանակությունը և այլն: Այս ուղղությամբ բավական մեծ աշխատանքներ են իրականացվում և իրականացվելու են, որ բոլորը մնան այդ պայմանագրերի շրջանակներում:
- Ռուսաստանը մնո՞ւմ է այդ պայմանագրերի շրջանակներում:
- Պետք է աշխատենք…
- Այսինքն` չի՞ մնում, եթե պետք է աշխատեք: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ մնա:
- ՌԴ մասին չէ խոսքը: Խոսքը սպառազինությունների քանակի մասին է:
- Խոսքը կոնկրետ ՌԴ մասին է, որովհետև Ռուսաստանն է ամեն անգամ զենք վաճառում Ադրբեջանին:
- Իսկ ինչու՞ եք միայն Ռուսաստանի մասին ասում, բա մոռացե՞լ եք Իսրայելը:
- Որովհետև Ռուսաստանն է մեր ռազմավարական գործընկերը, ոչ թե Իսրայելը:
- Գիտեք ինչ, պետք չէ այս ֆորմատները խառնել իրար: ՌԴ-ն զենք է վաճառում երկրորդ, երրորդ երկրին, այդ թվում ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք բարեկամ հարաբերությունների մեջ չենք ու դրանից պետք չէ եզրակացնել, որ մեր հարաբերությունները ՌԴ հետ նվազել են, ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն և այլն: Զուգահեռ պրոցեսներ են. պետք չէ հասարակ ձևով նայել այս ամենին:
- Իսկ ի՞նչ եզրակացնենք, պարոն փոխնախարար:
- Ոչ մի բան… եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել