HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում՝ Գարդաբանիում

Մայիսի 28-ին՝ ուշ գիշերով, ադրբեջանաբնակ Գարդաբանի քաղաքի կենտրոնում անհանգիստ մթնոլորտ էր: Այնտեղ սկսվել է կոնֆլիկտ` վերածվելով ֆիզիկական բախման տեղի ադրբեջանցիների և տեղի սվանների միջև: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքը: Ըստ ականատեսների խոսքերի՝ կոնֆլիկտը սկսվել է տեղի չայխանեներից մեկում, որտեղ մի քանի սվան լեզվակռվի են բռնվել 4 ադրբեջանցու հետ: Ինչից հետո սկսվել է կռիվ մահակների և ձեռքի տակ եղած այլ միջոցների գործածությամբ: 

Ականատեսների խոսքերի համաձայն` փոքր կռիվը հաշված վայրկյանների ընթացքում վերածվել է դաժան բախումի, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Կռվի ընթացքում կողմերը հայհոյել են միմյանց, ինչպես նաև լսվել են քսենոֆոբիական` էթնիկ բովանդակության լուտանքներ:

Ադրբեջանցիների և վրացիների միջև զանգվածային կռիվը տևել է մոտ կես ժամ և դադարեցվել է միայն կռվի վայր ժամանած ոստիկանության և հատուկ ծառայության միջամտությունից հետո: Մայիսի 29-ի առավոտյան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սկսված է համապատասխան հետաքննություն` ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ` խուլիգանության հոդվածի:

Զանգվածային կռվի պատճառի մասին նույնիսկ տեղի բնակչության կարծիքներն են տարբեր: Չնայած կռվի մասնակիցները հստակորեն բաժանված էին ըստ ազգային պատկանելության` վրացիներ և ադրբեջանցիներ, տեղի բնակիչների մի մասը, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ զանգվածային կռվի պատճառ է դարձել ադրբեջանցիների` «Ազգային շարժում» կուսակցության պատկանելությունը, իսկ հարձակվողները համապատասխանաբար «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են եղել: Այդ կերպ փորձ է արվում կռվի պատճառը համարել ոչ թե էթնիկ, այլ քաղաքական բաղադրիչը:

Մայիսի 29-ի առավոտյան Գարդաբանիի կենտրոնում կայացել է բազմամարդ ցույց: Հավաքվելով քաղաքի կենտրոնական հրապարակում` ադրբեջանցիները պահանջել են իշխանությունից կռվի պատճառների անհապաղ հետաքննոթյուն, ինչպես նաև ենթարկել մեղավորներին քրեական պատասխանատվության: Բազմամարդ ցույցին ներկա է եղել նաև Քվեմո Քարթլի շրջանի նահանգապետը, որը խոստացել է հավաքվածներին, որ իրադարձության հետաքննությունը կվերցնի իր հսկողության տակ:

Ամբողջ օրվա ընթացքում Գարդաբանիի փողոցները խստորեն վերահսկվում էին ոստիկանների շարքերով, իսկ դրան զուգահեռ անցկացվում էին տեղի երիտասարդության քայլերթեր: Տեղի ունեցած բախման առնչությամբ արվել են հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ընթերցողին.

«Ուզում եմ դիմել երեկվա կռվի մասնակիցներին` Գարդաբանիի սվաններին: Ինչպես պարզվում է, իրականում, կռվի մասնակիցներից ոչ ոք քաղաքական այս կամ այն կուսակցության անդամ չէ, մինչդեռ, յուրաքանչյուր հակադրություն վնասում է երկրին, վնասում է նախընտրական գործընթացին: Միջգերատեսչական հանձնաժողովի անունից Գարդաբանիի բոլոր բնակիչներին հանգստության կոչ եմ անում», -հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը` ծագումով սվան Թեա Ծուլուկիանին:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Գարդաբանիում, միշտ էլ տեղի է ունեցել: Տեղի է ունենում այսօր և կարող է տեղի ունենալ վաղը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարդ գործընթաց է, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ: Բնականաբար, փոխհարաբերությունները նման ժամանակահատվածներում սրվում են: Բոլորին հանգստության կոչ եմ անում: Կարևորը, որ պետությունը կանգնած է իր դիրքերում և ամեն ինչ անում է, որպեսզի հակադրություններ չլինեն», -հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Ադրբեջանցիների վրա հարձակում գործած մարդիկ կապ ունեն «Վրացական երազանք» կուսակցության հետ: Հարձակումը կրում էր քաղաքական բնույթ: Ամենասարսափելին այն է, որ քաղաքական մրցակիցների հանդեպ գործածվել է այնպիսի տերմինաբանություն, որը Վրաստանում չէր հնչել վաղուց` 90-ականներից: Երեկ մենք բոլորս տեսանք և լսեցինք էթնիկական անարգանքներ քաղաքական հակառակորդների հասցեներին: Դա անթուլատրելի է: Մենք պահանջում ենք իշխանությունից, որպեսզի նրանք անհապաղ հետաքննեն տրված փաստերը և պատժեն բոլոր մեղավորներին», -հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը` Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter