
«Թրջված, խեղճացած, անարժանապատիվ. սա էր մեր երկրի վիճակը Աստանայում»
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է երեկ Աստանայում` հենց Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում, հակադարձեր Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևին, ով ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի նամակն այն մասին, թե Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի:
«Հետք»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյոք Նազարբաևի հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանի լռությունը արդարացված էր, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը միանշանակ պետք է պատասխաներ: Ինքն իրեն պահում էր դաս չսովորած աշակերտի նման: Ես իր տեղը խեղճանում էի: Ախր, երկիր ես ներկայացնում, մի քիչ արժանապատիվ եղիր… Տխուր էր, իհարկե, այդ վիճակը, թեպետ այն նոր չէր հասունացել. դա տարիների բերքն էր, որը հիմա Սերժ Սարգսյանը քաղում է: Հետո որ համեմատում ես` Բելառուսի նախագահը իրեն ոնց է պահում, Ս. Սարգսյանը՝ ոնց էր պահում, այդտեղ ամեն ինչ պարզ է դառնում: Մենք ասում ենք, թե Բելառուսը ոչ դեմոկրատ, կոլխոզների երկիր է, բայց արի ու տես, որ մարդն արժանապատիվ իր շահերն է պահում: Թրջված, խեղճացած, անարժանապատիվ՝ սա էր մեր երկրի վիճակը: Մենք հիմա չգիտենք, թե հունիսին ինչ պահանջներ կդրվեն ստորագրելու համար, բայց Ս. Սարգսյանի համար հիմա շատ հարմար հրաժարականի պահ է»:
Մեր հարցին` արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցելու գաղափարից, ՀԱԿ պատգամավորը դժվարացավ պատասխանել՝ նշելով, թե դա կախված է այն պայմաններից, որոնք ՀՀ առջև կդրվեն հունիսին:
Հետաքրքրվեցինք նաև, թե հաշվի առնելով Ղրիմի, Օսիայի, Աբխազիայի կարգավիճակը` արդյոք հնարավոր է, որ ՌԴ-ն Ղարաբաղի հարցում մեղմ դիրքորոշում որդեգրի՝ նկատի ունենալով այն, որ եթե Ղարաբաղը չանդամնակցի միությանը կամ ՀՀ և ԼՂՀ միջև դրվեն մաքսակետեր, ապա նույն կարգավիճակում պետք է հայտնվեն այդ երկրները, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պրոբլեմին քաղաքականությունը նայում է յուրովի, ընդհանուր ստանդարտներ չեն գործում»:
Ճշտմանը՝ արդյոք հնարավոր է մեր նկատմամբ գործի, ՌԴ-ի նկատմամբ՝ ոչ, Մանուկյանը արձագանքեց այսպես. «Այո, հատվածական. ի վնաս մեզ»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել