HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես»

«Գիտեք, այնպես չէ, որ հենց նույն պահին անպայման պետք է արձագանքես. դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես, որ դուրս գա՝ տեղը դրեցիր»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում պատասխաներ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևին: Հիշեցնենք, որ վերջինս խոսեց Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակի մասին, որում նշված է, որ Հայաստանը պետք է անդամակցի միությանը առանց Լեռնային Ղարաբաղի:

Ա. Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ առջևում պատասխանելու առիթներ դեռ կլինեն: Հարցին, թե արդյոք Ս. Սարգսյանի լռությունը միջազգային հանրությունը չի ընկալի` որպես համաձայնության նշան, Ռուստամյանը հակադարձեց՝ պաշտպանելով նախագահի որդեգրած կեցվածքը:

«Չէ, ի՞նչ համաձայնության նշան, մանավանդ, երբ Նազարբաևը միջնորդավորված է խոսում, անձամբ իր տեսակետները չի ներկայացնում: Դեռ առջևում կլինեն առիթներ, երբ կոնկրետ անդամակցության հարցը կլուծվի ու առիթ կլինի, որ Նազարբաևի բացած հարցից չխուսափենք, չանտեսենք այն ու պատասխան տանք: Բացել եք՝ բարի եղեք խորանալ: Սա մեզ համար առիթ, որ կարողանանք շահերը պաշտպանել»,- նշեց նա:

Արմեն Ռուսատմյանն ասաց, թե Նազարբաևի քայլն իր համար անակնկալ չէր, որովհետև նա միշտ էլ հանդես է եկել որպես Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպան:

«Հենց սկզբից էլ ասել ենք, որ Ղազախստանը փորձում է հանդես գալ որպես Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպան: Ի սկզբանե պարզ էր, որ Ղազախստանը իրականացնում է նրանց լոբբինգը: Որքան խոսք է գնում Հայաստանի լիիրավ անդամ դառնալու մասին, այնքան այս հարցերը սրվում են, որովհետև Ադրբեջանը դուրս է այս պրոցեսից ու ամեն ինչ անելու է, որ Եվրասիական միությանը չանդամակցելով` Հայաստանը չամրապնդի իր դիրքերը: Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ փորձի անդամակցության միջոցով Ղարաբաղի կարգավորման հետ կապված իրեն նպաստավոր ձևակերպումներ ստանա»,- նշեց նա:

Ա. Ռուստամյանի խոսքով՝ քննարկումները, որոնք առաջարկվում են «ինչ-որ երրորդ-չորրորդ կողմեր հեռվից կատարված նամակների միջոցով, չի տեղավորվում միջազգային պրակտիկայի նորմերի մեջ»: Ըստ նրա՝ եթե Հայաստանը շարժվեր Ալիևի տրամաբանությամբ, ապա վաղուց պետք է մաքսակետ դրած լիներ Ղարաբաղի և ՀՀ միջև:

Հարցին` արդյոք հնարավոր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցելու գաղափարից, Ռուստամյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Եթե հարցը խիստ դրվի, մենք միշտ էլ ասել ենք՝ որ միության մեջ էլ անդամակցենք՝ Եվրամիություն կլինի, Մաքսային լինի, էն գլխից էլ ասել ենք, որով Ղարաբաղը կճանաչի, պատրաստ ենք այդ միության մեջ լինել՝ անկախ դրանից, որ մի բան էլ տնտեսական առումով կկորցնենք, որովհետև հակառակ դեպքում մենք կկորցնենք ավելի կարևոր մի բան, որը մենք կորցնել չենք կարող: Եթե հարց դրվի, թե մենք պատրաստ ենք այդ գնով չմտնել Եվրասիական միություն, այսինքն չմտնել Ղարաբաղի հետ, ապա չեմ կարծում, որ որևէ իշխանություն համաձայնի դրան»: 

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Եթե կարողանա հետագայում խելոք խոսք ասել, Սերժի այս լռությունը ես ոսկի կհամարեմ, որովհետեւ որեւէ բան ասելն այս պահին ,,չանա տալ,, կնշանակեր: Մի բան, որ միշտ անիմաստ է: Պարզապես պիտի ուժ գտներ իր մեջ` հեգնական ժպտալու: Բայց որ կարողացավ Քոչարյանի պես ցանցառավարի տեղից վեր չթռչել,գնահատում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter