Ջրվեժում աճուրդը հետաձգել էին. համայնքի ղեկավարին մարզպետը կանչել էր
Երեք տարվա ընդմիջումից հետո երեկ, ժամը 14:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում հողամասերի աճուրդ էր կազմակերպվել: Նշված ժամին համայնքապետարանում էինք, սակայն աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադեւոսյանը հայտնեց, որ համայնքապետը մարզպետի մոտ ընդունելության է և աճուրդը հետաձգվել է ժամը 16:00-ին:
Պարզվում է, Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը երեկ մեկառմեկ հանդիպել է մարզի համայնքապետերին և նրանց հետ առանձնազրույց ունեցել: Այդ մասին ավելի ուշ աճուրդի մասնակցիներին հայտնեց համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանը: Քանի որ համայնքապետերը մարզպետին մերժել չէին կարող, ստիպված աճուրդն են հետաձգել:
Ջրվեժի համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանը «Հետքին» հայտնեց, որ աճուրդի ներկայացված տնամերձ և հասարակական կառուցապատման 32 լոտ հողերի միայն 9 լոտի համար են հայտեր ներկայացվել: Աճուրդի քայլի չափը աճուրդային հանձնաժողովը որոշեց աճուրդն սկսելուց անմիջապես առաջ՝ վաճառվող հողատարածքների մեկնարկային գնի 5%-ի չափով, իսկ վաճառվող հողերի մեկնարկային գները տատանվում էին 4-6 մլն դրամի սահմաններում:
Նշված ժամին աճուրդի մասնակիցներն արդեն համայնքապետարանում էին: Նրանց գերակշիռ մասը կանայք էին: Մեկ լոտի համար հիմնականում ներկայացված էր երկու հայտ, բացառությամբ երկու հողակտորի, որի մասնակիցները նույն մարդիկ էին: Չէր ներկայացել նույն լոտերի համար հայտ ներկայացրած երրորդ հայտատուն և երկուսն իրար հետ «մրցելով»` գնեցին երկու հողակտորները: Նույն մասնակիցներով հողեր վաճառվեցին նաեւ այլ լոտերով:
9 լոտերից միայն մեկի դեպքում աճուրդն ավարտվեց երկու քայլով, մյուսների դեպքում 6-7 քայլից հետո էին հանձնվում: Ուշագրավ էր, որ մասնակիցները բոլոր դեպքերում միանգամից երկու կամ երեք քայլ էին անում և քայլ անելուց նայում էին իրար ու ժպտում: Պարզ էր, որ նրանք պայմանավորվել էին եւ հստակ գիտեին, թե ով որ հողը պետք է գնի:
Ջրվեժի ավագանու ապրիլի 23-ի որոշմամբ հողերի օտարումից առաջացած միջոցները պետք է ուղղվեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը: «Երեք տարի ընդհանրապես աճուրդ չենք արել: Հող գնողների թիվը մեծ չէ, որովհետեւ այսօր քաղաքացիներն իրենց գույքը գրեթե նույն գնով են օտարում, որոշ դեպքերում նույնիսկ ավելի պակաս, քան աճուրդային գներն են: Պատճառն այն է, որ քաղաքացին ժամանակին հողը ձեռք է բերել կամ անհատույց կամ` ավելի ցածր գնով, բնական է, այսօր ինչքան էլ ցածր գնով վաճառի, ձեռք է տալիս»,- ասում է Ռոբերտ Պետրոսյանը: Համայնքապետի ասելով այն «իրարանցումը», որ երեք տարի առաջ կար հողի նկատմամբ, այսօր չկա: Հող գնողների թիվն ակնհայտորեն պակասել է:
Ըստ նրա՝ հողերի մեկնարկային գինը սահմանել են կադաստրային արժեքի 100%-ի չափով, թեեւ կարող էին նույնիսկ 50%-ով դնել աճուրդի: «Ելնելով համայնքի սոցիալակական խնդիրների լուծման անհրաժեշտությունից, ամեն դեպքում դրել ենք 100%»,- ավելացրեց Ռ. Պետրոսյանը նշելով, որ իրենց համայնքում 1քմ հողի կադաստրային արժեքը 4524 դրամ է:
Ռոբերտ Պետրոսյանը Ջրվեժում երեք հիմնական խնդիր առանձնացրեց՝ ասֆալտապատում, առուների եւ կոյուղագծերի կառուցում: Դրանք համայնքի առաջնային խնդիրներն են, եւ համայնքի վարչական բյուջեով հնարավոր չէ իրականացնել: «Հույս ունենք, որ այս աճուրդով կկարողանանք դա կազմակերպել: Աճուրդի գումարով առաջնահերթ 4-5 փողոց կասֆալտապատվի, եթե գումար մնա 15 մլն դրամի շրջանակներում էլ կոյուղագծի կառուցմանը կհատկացնենք»,- նշեց համայնքապետը:
Չկայացած լոտերի մասով աճուրդային հանձնաժողովը որոշեց մեկ ամիս անց կրկին աճուրդ կազմակերպել:
Լուսանկարում` Ջրվեժի համայնքապետ Ռոբետ Պետրոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել