ՀՀԿ պատգամավոր. «Գուցե ԼՂՀ-ն չմտնի Եվրասիական միության մեջ, բայց անվտանգության առումով ապահով լինի»
Հետք-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը
- Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ղազախստանի նախագահ Նազարբաևի կողմից անակնկալ մատուցվեց. վերջինս փոխանցեց Ադբեջանի նախագահ Ի. Ալիևի նամակն այն մասին, որ Եվրասիական միությանը Հայաստանը պետք է անդամակցի առանց ԼՂՀ-ի: Իշխող ՀՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:
- Այդ հայտարարությունն ինձ համար անակնկալ չէր: Քաղաքականությունը հնարավորինին հասնելու արվեստ է ու, բնականաբար, ինչքան հնարավորություններ, ռեսուրսներ ունի ՀՀԿ-ն, նախագահը կօգտագործի հարցն ինչ-որ կերպ լուծելու համար:
- Այսինքն թույլ չե՞ք տա, որ Ղարաբաղը դուրս մնա ինտեգրացիոն գործընթացից:
- Եթե մեր ձեռքը լինի, իհարկե, թույլ չենք տա:
- Ս. Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի հայտարարություններին: Նրա լռությունը արդարացվա՞ծ է Ձեզ համար:
- Ես չեմ կարծում, թե պետք էր հապշտապ պատասխան հասցնել:
- Տպավորություն է, որ նա համաձայնել է Նազարբաևի հետ:
- Դիվանագիտության մեջ պահեր կան, երբ պատասխան հայտարարություններն արվում են հայտարարությունից հետո: Ես կարծում եմ, որ դեռ քննարկման խնդիրներ կան: Լեռնային Ղարաբաղն այսօր ճանաչված երկիր չէ, մեր հանրապետության մասը չի կազմում: Այսինքն քաղաքական առումով սպասելի էր, որ հարցը պետք է բարձրացվի:
- Կարծես Ռուսաստանն էլ դեմ չէր, որ Ղարաբաղը չանդամակցի Եվրասիական միությանը:
- Ռուսաստանը, կարծում եմ, ուզում է, որ Ղարաբաղը Հայաստանի հետ միասին անդամակցի Եվրասիական միությանը, բայց կան քաղաքական իրավիճակներ:
- Պարոն Ալեքսանյան, եթե Հայաստանի առջև ի վերջո դրվի այդ պայմանը՝ անդամակցել առանց ԼՂՀ-ի, հնարավո՞ր է ընդհանրապես հրաժարվենք այդ կառույցից:
- Ես բոլոր տարբերակներն էլ տեսնում եմ, բայց կարծում եմ, որ գնացքն արդեն շարժվել է:
- Ո՞ւշ է միությունից հրաժարվելու համար:
- Չէ, ոչ թե ուշ է, այլ պետք է հաշվի առնել՝ հրաժարվելն ինչ կտա մեզ. պետք է պլյուսներն ու մինուսները հաշվենք:
- Առանց Ղարաբաղի ավելի մեծ մինուս կունենանք, չե՞ք կարծում:
- Գիտեք, ես ընդամենը կարող եմ իմ կարծիքը ասել, դիվանագիտությունն իմ մասնագիտությունը չէ: Ես շատ եմ ուզում, որ Ղարաբաղն անպայման, Հայաստանի հետ միասին, անդամակցի Եվրասիական միությանը: Բայց կան խնդիրներ, գուցե հետագայի, գուցե պայմանավորվածությունների հետ կապված: Քանի որ Եվրասիական միությունը նոր է կազմավորվում, սա առայժմ շարունակական գործընթաց է, ապագայում ընդլայնվող, առաջ ընկնել ու ասել, թե ինչ կլինի, սխալ է:
- Չե՞ք կարծում, որ այս հարցը վաղուց պետք է քննարկվեր հայ իշխանությունների կողմից և մշակվեր տարբերակ, որպեսզի այսօր չկանգնեինք փակուղու առջև:
-Չէ, հարցը քննարկվել է... Գուցե ԼՂՀ-ն չմտնի Եվրասիական միության մեջ, բայց անվտանգության առումով ապահով լինի: Մենք չգիտենք, չէ՞, ի՞նչ պայմանագրեր կնքվեն: Հնարավոր է, որ ՀՀ հետ պայմանագիր կնքվի, որն ամբողջապես ապահովի ԼՂՀ անվտանգությունը: Ամեն դեպքում մի բան կարող եմ ասել՝ հավատացեք, ով-ով, բայց ՀՀ նախագահը փորձված է, խնդիրը գիտի, գիտի` ինչ անի:
- Շատերը հենց այդ առումով էլ թերահավատ են. տեսակետները, որ Ս. Սարգսյանը ձախողել է արտաքին քաղաքականությունը, շարունակում են ավելի սուր ձևով հնչել:
- Չէ, չի կարելի նրա փորձվածության առումով որևէ բան ասել. նա դիվանագետ է: Պետք է համբերել, վստահել նախագահին, որ նա հարցը կլուծի, որովհետև դա իր անձի հետ է կապված, դա իր իմիջի խնդիրն է: Չեմ կարծում, որ նախագահն իր բոլոր հնարավորությունները չօգտագործի հարցը լուծելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել