HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նազարբաևի եվրասիական ծուղակը և շանսը Հայաստանի համար

Ղազախստանի  նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի հայտարարությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն առանց ԼՂՀ-ի, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, երկսայրի սրի էֆեկտ ունի:

Մի կողմից այն ակնհայտ վիրարվորանք էր Հայաստանի հասցեին: Փաստորեն Նազարբաևը դիվանագիտական լեզվով ասաց, որ իր համար ելակետային նշանակություն ունի ոչ թե Հայաստանի հետ այսպես կոչված ստրատեգիական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում, այլ Ադրբեջանին և նրա նախագահ Իլհամ Ալիևին ոչ մի կերպ չնեղացնելու հանգամանքը: Եվ դա արվում է մի պարագայում, երբ ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը ստորագրելով Ռուսաստանի հետ` Ղազախստանը փաստացի ճանաչում է միջազգային հանրության կողմից «անեքսիա» որակված` Ղրիմի կցումը Ռուսաստանին: Ըստ էության` Ղազախստանը ոչ միայն երկակի ստանդարտներ է կիրառում Հայաստանի նկատմամբ` բացարձակապես արհամարհելով նրա հետաքրքրություններն ու շահերը, այլ նաև ստանձնում է ԵՏՄ-ում Ադրբեջանի փաստաբանի դերը:

Այս իմաստով Նազարբաևի հայտարարությունն անձնական վիրավորանք էր նաև Սերժ Սարգսյանի հասցեին: Նազարբաևն ավելի արժևորեց Ալիևի նամակը` հարկ համարելով դրանից մեջբերումներ կատարելով հիմնավորել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգելու և ԼՂՀ-ից սահմանազատվելու իր պահանջը, քան Սերժ Սարգսյանի ֆիզիկական ներկայությունը գագաթաժողովին և հավաստիացումը` ԵՏՄ-ին հնարավորինս շուտ անդամակցելու հարցում Հայաստանի շահագրգռության մասին:

Այս տեսակետից Նազարբաևի վերաբերմունքն ակնհայորեն հակադարձելու անհրաժեշտություն է առաջանում` առնվազն հայկական պետության արժանապատվությունը նրան հարգել ստիպելու նկատառումով: Բայց որպեսզի դա արվի, նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի` արտաքին դիվանագիտության համար պատասխանատու օղակներում վիրավորված և արժանապատվությունը ոտնահարված լինելու զգացողությունը, ինչպես նաև դրան հակադարձելու հստակ գիտակցումը լինի: Թե որքանով են դրանք առկա, պարզ կդառնա առաջիկայում, այն բանից, թե արդյոք Երևանը հարկ կհամարի որևէ ձևով վերաբերմունք արտահայտել Նազարբաևի հայտարարություններին:

Մյուս կողմից, սակայն, Նազարբաևը ինչ-որ իմաստով ծառայություն է մատուցում Հայաստանին, այն էլ միանգամից մի քանի տեսանկյունից: Նախ` Ալիևի նամակը քաղաքական դիրքորոշման բանալի դարձնելու և Հայաստանի ու Ղարաբաղի սահմանազատման փաստացի խնդիր առաջադրելու միջոցով Նազարբաևը վերացնում է Հայաստանին ուղղված այն մեղադրանքները, թե Ղարաբաղի խնդիրն առաջ քաշելով` Երևանը պարզապես փորձում է վիժեցնել եվրասիական տնտեսական միությանը միանալու, առհասարակ պուտինյան նախագծերի մասը դառնալու հեռանկարը: Նման մեղադրանքները հնչում են հատկապես Մոսկվայից` մերձիշխանական փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներից: Դրանք տիպիկ ռուսական շովինիստական քարոզչության դրսևորումներ են. չկարողանալով Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցում «ջարդել» Ղազախստանի և Բելառուսի դիմադրությունը` Մոսկվան քավության նոխազ է դարձնում Հայաստանին` փորձելով  նման մեղադրանքներ ներկայացնելով փրկել իր դեմքը և Երևանին իր կրնկի տակ պահելու և ճնշումների ծավալները մեծացնելու քաղաքական հիմքեր ստեղծել: Մոսկվայում կարծես թե բացարձակապես մոռացել են, որ մինչև վերջերս իրենք էին մեծ հիացմունքով հաստատում Մաքսային Միությանն անդամակցելուն ուղղված «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումներն իրագործելու հարցում Հայաստանի ցուցադրած գերազանցիկություն: Ակնհայտ է, որ նման եղանակով Մոսկվան ձգտում է փակել եվրասիական ինտեգիացիայից ետ շրջվելու Հայաստանի ճանապարհը:

Եվ ահա այս տեսանկյունից Նազարբաևի պնդումներն ու համառությունը իսկական նվեր են Երևանին, քանի որ դրանում ուղղակիորեն հաստատվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը «ջրելու» պատասխանատուն ոչ թե կամ ոչ այնքան Երևանն է, որքան առնվազն Աստանան և Մինսկը: Եվ սա այնպիսի մի փաստարկ է, որը Մոսկվան շրջանցել չի կարող և որն ամբողջությամբ մերկացնում է ռուսական դիվանագիտության կոպալային, սապոգային մեթոդների պերճանքն ու թշվառությունը:

Խնդրին այս տեսանկյունից մոտանալու դեպքում նույնիսկ կարելի է արդարացված համարել Ալիևի նամակը կարդալուց և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար նախապայման առաջադրելու մասին Նազարբաևի հայտարարություններին Սերժ Սարգսյանի կողմից անմիջապես չհակադարձելու, չպատասխանելու կեցվածքը: Որովհետև այդ դեպքում իրավիճակը արտառոց լինելուց վերաճելու էր սկանդալայինի և առաջին պլանում անկասկած երևալու էր հարցը սրելու հայկական կողմի շահագրգռությունը: Այդ դեպքում ռուսական փորձագետները բոլոր հիմքերն ոնենալու էին պնդելու համար, թե Երևանն ինքն է արհեստականորեն խոչընդոտներ հարուցոմ ԵՏՄ-ին իր միանալու հարցում:

Բայց խնդիրը միայն ռուսական մեղադրանքների տակից դուրս պրծնելը չէ: Իրականում Հայաստանի շահերից բացարձակապես չի բխում ԵՏՄ-ին միանալու պարտադրված որոշումը` ոչ միայն ԼՂ չկարգավորված հիմնահարցի պատճառով, այլ նաև տնտեսական ու հասարակական ընդհանուր զարգացման, առաջընթացի հեռանկարների: Դա պարտադրված ընտրություն է, իսկ այն, ինչ պարտադրված է դրսից, չի կարող բնական և ներհասարակական պահանջների հետևանք լինել: Հետևաբար Ղազախստանը կարծես ակամա ստանձնել է Հայաստանին այդ նեոսովետական հեռանկարից փրկելու առաքելությունը: Հենց Աստանայի ու Մինսկի նման դիրքորոշման արդյունքում է, որ չի հաջողվում Հայաստանին «բռնակցել» կամ «բերման ենթարկել» սկզբից Մաքսային Միություն, այսօր արդեն, գոնե առայժմ` Եվրասիական տնտեսական միություն: Բայց Մինսկն ու Աստանան ընդամենը նախադրյալներն են ստեղծում, որից օգտվելու հմտությունը, ճկունությունը կախված է բացառապես Հայաստանից և այն հարցի պատասխանից, թե որքանո՞վ են Հաայստանի իշխանության կոնյուկտուրային, նեղ խմբակային կամ անձնական շահագրգռությունները համընկնում Եվրասիական հեռանկարը չեզոքացնելու հարցում հասարակական շահագրգռության ու տրամադրվածությանը:

Ըստ էության` Հայաստանի կարճաժամկետ նպատակը կարող է լինել աստիճանաբար չեզոքության հարթություն տեղափոխվելը` այսպես կոչված «ոչ եվրաասոցացում, ոչ եվրասիաասոցացում» բանաձևին համաձայն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը Մոսկվային համոզել և հասկացնել, որ նախ` եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում Հայաստանի առջև խոչընդոտներն ի հայտ են գալիս Երևանի կամքից անկախ և երկրորդ` որ եվրասիական ուղղությունից ակամա հրաժարումը կամ դրա չստացվելը չի նշանակում ընկնել Եվրոպայի գիրկը: Սա չափազանց բարդ, ժամանակատար, բայց լուծելի դիվանագիտական խնդիր է: Եվ Ղազախստանը տալիս է այդ ժամանակը Երևանին:  

Երրորդ ծառայությունը, որը Ղազախստանը մատուցում է հայկական կողմին, այն է, որ ակամա շեշտադրում է ԼՂՀ-ի սուբյեկտայնության հանգամանքը: Խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի սահմաններով ԵՏՄ-ին անդամակցելու պահանջին կամա թե ակամա համաձայնելով, ինչի մասին էր խոսում Աստանայում Սերժ Սարգսյանի լռությունը, Հայաստանը անուղակի հաստատում, իսկ ԵՏՄ անդամ երկրները վավերացնում են, որ Հայաստանը բացարձակապես ագրեսոր չէ և որ ԼՂ խնդիրը ոչ թե տարածքային հարց է, այլ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այսինքն Հայաստանը, զուտ դիվանագիտական և քաղաքական առումներով, ԼՂՀ-ից սահմանազատվելու որևէ խնդիր չունի: Ավելին` այն արդեն սահմանազատված է ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված հստակ սահմաններով:

Իսկ եթե ընդհանրապես մաքսակետերի խնդիր է առաջ քաշվում, ապա նույն Մինսկը և Աստանան պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչ սուբյեկտների միջև ընկած սահմաններին են դրվելու այդ մաքսակետերը. Հայաստանի և ԼՂՀ-ի՞, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի: Եթե նկատի ունեն վերջինս, ապա պետք է պատասխանեն նաև այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում Ադրբեջանի հետ այդ հատվածում մաքսային հարաբերությունների կառուցումը, եթե Բաքուն ընդհանրապես այդ տարածքները չի վերահսկում  և չի կարող վերահսկել: Այդ դեպքում միակ լուծումը մնում է իրենց կողմից Հայաստան-ԼՂՀ սահմանակետերով ապրանքաշրջանառություն չիրականացնելը, որը ենթադրում է, որ կամ պետք է Հայաստանին ևս արգելեն դա անել, ինչը գործնականում հնարավոր չէ, կամ թույլ տան, որ Երևանը Ստեփանակերտի հետ կառուցի յուրատեսակ նոր մաքսային ու տնետսական հարաբերություններ:

Իսկ դա նշանակում է մի կողմից դրդել Հայաստանին առնվազն այդ ոլորտների շրջանակում վերաճանաչել ԼՂՀ-ի ինքնիշխանությունը, մյուս կողմից` ճանաչել Հայաստան-ԼՂՀ այդ առանձնահատուկ հարաբերությունները, այսինքն ակամա ճանաչել ԼՂՀ-ին որպես սուբյեկտ: Դրան ԵՏՄ անդամ պետությունները հիմա չեն գնա, ինչը նշանակում է, որ մնում է երկու հնարավոր տարբերակ: Կամ Հայաստանը դե յուրե և դե ֆակտո, իսկ ԼՂՀ-ն դե ֆակտո անդամակցում են ԵՏՄ-ին, այնքանով, որանքով Հայաստանը և ԼՂՀ-ն ընդհանուր և անքակտելի տնտեսաքաղաքական տարածքի մասեր են: Եւ Աստանան ու Մինսկը համակերպվում են այդ իրողության հետ, կամ որ ավելի իրատեսական է` Հայաստանը ԵՏՄ-ին չի անդամացկում ընդհանրապես` Ալիևին չգրգռելու Նազարբաևի և Լուկաշենկոյի ամբիցիաները բավարարելու համար և սկսում է դեպի ինտեգրացիոն չեզոքություն գնալու նոր պրոցես:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter