Հասկացությունների հստակեցման կարեւորությունը
Էդգար Վարդանյան
Դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում առկա է պետության զարգացման տեսակետից կարեւորվող մի շարք բառակապակցությունների, եզրերի, հասկացությունների տարընթերցման խնդիր։ Խնդիրը ակտուալ է հիմնականում այն պատճառով, որ խանգարում է հանրության կարիքների բացահայտմանը, քաղաքացիական եւ քաղաքական բնույթի խնդիրների ձեւակերպմանը, դրական փոփոխությունների համար պայքարող քաղաքացիների տարբեր խմբերի նպատակների իրականացմանը։ Շատ դեպքերում վերջիններիս միջեւ արդյունավետ փոխգործակցություն չի կայանում նաեւ այս պատճառով։
Այդպիսի եզրերից եւ հասկացություններից են, օրինակ՝ բռնի եւ ոչ բռնի պայքար, հեղափոխություն, իշխանափոխություն, սահմանադրական կարգի հաստատում, քաղաքացիական անհնազանդություն, քաղաքացիական պայքար, համակարգային փոփոխություններ, փողոցային պայքար, անցնցում իշխանափոխություն, թավշյա հեղափոխություն, օլիգարխիկ համակարգ, օլիգարխիա, օլիգարխ, կուսակցական պայքար, իշխանություն, ընդդիմություն, ավտորիտար համակարգ, քաղաքացիական նախաձեռնություն, եվրոպական արժեքներ, ազգային արժեքներ, քաղաքացիական արժեհամակարգ, ազգային կերպ, ազգայնականություն, կլանային պայքար, քաղաքական ռեժիմ, կառավարման համակարգ, սահմանադրական ճանապարհ, օրինապաշտ քաղաքացի, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, երկակի ստանդարտներ եւ այլ մի շարք նմանատիպ բառեր եւ բառակապակցություններ։
Հայաստանում այսօր շատ է խոսվում միասնական գործողությունների, ընդհանուր օրակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Բայց նախ ճիշտ կլինի, որ քաղաքացիական տարբեր ակտիվ խմբերը, փորձագետները նախաձեռնեն յուրօրինակ «կլոր սեղաններ» վերոնշյալ բառերի եւ բառակապակցությունների բովանդակությունը, նշանակությունը հնարավորինս հստակեցնելու համար։ Նման միջոցառումների ժամանակ քաղաքացիները կարող են պայմանավորվել, որ, օրինակ, այս կամ այն տերմինը ո՞ր իմաստով են գործադրելու «քաղաքացիական դիսկուրսում», միասնական գործողություններ մշակելիս եւ այլն։ Հակառակ դեպքում ակնհայտ է, որ ընդհանուր լեզվի բացակայությունը մեծապես խոչընդոտելու է ռադիկալ դրական փոփոխություններ ցանկացող միասնական քաղաքացիական հանրության ձեւավորմանը։
Վերոնշյալ գործընթացին նպաստելու համար այստեղ մի փոքր անդրադառնանք «օլիգարխ» եւ «օլիգարխիա» հասկացություններին, որոնց վերաբերյալ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում կատարվեցին նոր մեկնաբանություններ։ Շատերը շտապեցին նշել, որ Ուկրաինայում ոչ մի բան չի փոխվել, քանզի մեկ օլիգարխի՝ Վիկտոր Յանուկովիչին փոխարինեց մեկ ուրիշ օլիգարխ՝ Պյոտր Պորոշենկոն։
Նախ փորձենք հասկանալ՝ արդյո՞ք երկու վերոնշյալ անձինք օլիգարխներ են։ Քաղաքագիտությունում «օլիգարխ» բառն ունի, հիմնականում, երկու նշանակություն։ Ըստ բառի առաջին նշանակության «օլիգարխ» է կոչվում այն մարդը, որը տիրապետում է հսկայական ֆինանսական կամ/եւ արդյունաբերական կապիտալի կամ տնտեսության առանձին ճյուղում ունի գերիշխող դիրք եւ նաեւ դրա շնորհիվ ձեռք է բերել քաղաքական, տնտեսական կշիռ, ազդեցություն։ Այս առումով կարելի է ասել, որ Պյոտր Պորոշենկոն օլիգարխ է՝ նա միլիարդատեր է, խոշոր գործարանների սեփականատեր է, երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում լուրջ կշիռ ունեցող մարդկանցից է։ Ի դեպ, վերոնշալ իմաստով օլիգարխ բառի հոմանիշը մագնատն է, սա բիզնես ոլորտին վերաբերող հասկացություն է։ Պետք է նաեւ նշել, որ վերոնշյալ իմաստով օլիգարխ բառի օգտագործումը հետխորհրդային տարածքի երեւույթ է, որտեղ սեփականաշնորհման արդյունքում որոշ մարդիկ արագ հարստացան։
«Օլիգարխ» բառի, պայմանական ասած, երկրորդ իմաստն է՝ լինել «օլիգարխիայի» անդամ, ներկայացուցիչ։ «Օլիգախիան» (հուն. ὀλιγαρχία (oligarkhía), ὀλίγος (olígos) նշանակում է «քչեր» եւ ἄρχω (arkho) նշանակում է «իշխել») բնութագրվում է որպես այնպիսի քաղաքական ռեժիմի տեսակ, որտեղ քաղաքական եւ տնտեսական իշխանություն ունեն քչերը եւ այդ քչերը օգտագործում են այդ իշխանությունը ի օգուտ սեփական շահերի։ Վիկտոր Յանուկովիչը օլիգարխ էր բառի այս նշանակությամբ։ Նա օլիգարխ էր, քանի որ Ուկրաինայում հաստատված «օլիգարխիայի» անդամ էր, վերջինիս գլուխն էր։ Ի դեպ, նա, հիմնականում, իշխանություն ունենալու շնորհիվ էր դարձել գերհարուստ մարդ։
Պյոտր Պորոշենկոն բառի երկրորդ նշանակությամբ օլիգարխ չէ։ Ուկրաինայի հասարակությունը ընդվզել էր «օլիգարխիայի» դեմ եւ ոչ թե բառի առաջին իմաստով «օլիգարխների» դեմ։ Որեւէ «կրիմինալ» չկա, որ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում նախագահ է դարձել մի մարդ, որին կարելի է օլիգարխ անվանել միայն այդ բառի առաջին նշանակությամբ։ Հայաստանում խնդիրը նույնպես «քչերի իշխանությունն է» (օլիգարխիան)։ Ուստի, օլիգարխիային չպատկանող մեծահարուստ մարդիկ դեմոկրատիայի հաստատման համար պայքարող հանրության թիրախը չպետք է լինեն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել