Լեռ Կամսար. «Կարմիր օրեր»
«Հատվածներ «Կարմիր օրեր» ժողովածուից
Ինձ անվերջ զբաղեցնում են հետևյալ հարցերը։
1. Այն ժամանակ, երբ դրախտում մի Ադամ կար և մի Եվա, գեղեցիկ կնոջ հասկացողություն գոյության ունե՞ր, թե՞ ոչ։
2. Եթե սատանան, օձի կերպարանք առած, Եվային չխաբեր, մարդիկ այսպես պիտի բազմանայի՞ն, թե՞ մարդկությունը պիտի բաղկանար մի Ադամից և մի Եվայից։ Որովհետև արգելված խնձոր ուտելուց առաջ Աստված ոչ մի խոսք չէր արել նրանց բազմանալու մասին։ Այդ մասին առաջին անգամ խոսք եղավ այն ժամանակ, երբ պատվիրազանց զույգին Աստված վռնդում էր դրախտից։
Աստված իր բարկության մոմենտին էր, որ հրամայեց «աճել և բազմանալ»։ Ինչպե՞ս պիտի հասկանալ այն. արդյո՞ք Աստված աճել և բազմանալը համարում էր պատժական միջոց։ Որովհետև ճիշտ այդ ժամանակ էր, որ օձին էլ կարգադրեց Ադամի ոտը կծել։
Ոմանք այն կարծիքին են, որ Աստված իր հրամանի մեջ մարդկանց թվական աճը նկատի չի ունեցել, նա պարզապես կամեցել է, որ անհնազանդ Եվան ծննդաբերության ցավով տառապի, «ցավով ծնանի»։ Երբ այս կարծիքն ընդունենք՝ ես պիտի մեղադրեմ Աստծուն, որ մի Եվա պատժելու համար ողջ աշխարհը լցրեց ավելորդ մարդկանցով։ Նա կարող էր ասել Եվային՝ ծննդաբերական ցավ քաշես, բայց երեխա չբերես։ Ամեն ցավ քաշող երեխա՞ պիտի բերի։
Բոլշևիկներին նայեցեք, սա քառասուն տարի է՝ ցավ են քաշում կոմունիզմ ծնելու, միայն քամի է դուրս գալիս, և մենք առայժմս ազատված ենք այդ պատուհասից...
Եթե, իրոք, Աստծու մտադրությունը լիներ մարդկային բազմություն ստեղծել՝ ապաքեն պիտի որոշած լիներ նաև այդ մարդկանց անելիքը աշխարհում։
Այս րոպեիս մի Եվա պատժելու համար աշխարհ ենք եկել։ Տարակուսած նայում ենք իրար ու չգիտենք ինչ անենք։ Շատ նման ենք անբրիգադիր կոլխոզնիկի, առավոտը գնում ենք դաշտում պառկում՝ իրիկունը գալիս ենք տուն։
3. Ինձ հետաքրքրում է նաև այն, թե սատանաներն ու հրեշտակները միաժամանակ են ստեղծվե՞լ, թե՞ տարբեր ժամանակներում։
Սատանան պատմական ասպարեզ դուրս եկավ առաջին անգամ Եվային խաբելիս, իսկ հրեշտակները երևան եկան շատ հետո, այն ժամանակ, երբ այլևս Աստված երկրի երեսից ընդմիշտ երկինք վերացավ և երկրային գործերը հրեշտակների միջոցով էր կարգադրում (կույսերին «ավետիք» էին տալիս, մարդկանց հոգին առնում և այլն)։
Մինչև Հայր Աբրահամը՝ Աստված երկրի երեսին ման էր գալիս։ Աբրահամի կին Սառային որդի պարգևելուց հետո, չգիտես ինչու, այլևս չերևաց...
Նրանց բնույթին նայելով, մինչ սատանաներն օժտված էին լայն անհատական նախաձեռնությամբ, լարում էին մարդկանց Աստծու դեմ և շատ օրինակելի դժոխք էին պահում, իրենց գործունեության մեջ միանգամայն ինքնավար, հրեշտակները՝ չէ. նրանք շատ նման էին ներկայիս սովետական քաղաքացիներին։ Ինչպես վերջիններս մարմնամարզիկի նման շարք են կանգնած՝ պատրաստ Լենինի կամ Ստալինի հրամանով աջ ու ձախ շարժվելու, այնպես էլ հրեշտակներն Աստծու բերանին են նայում՝ նրա հրամանին պատրաստ։
Գաբրիել հրեշտակի կամակատարությունը այնտեղ հասավ, որ երբ Աստված նրան Մարիամ Աստվածածնի մոտ ուղարկեց, հանդիպման հաճույքն ինքը չվայելեց անձամբ, այլ Աստծուն հանձնեց՝ «առանց նամակի ծրարը բաց անելու»։
Սատանաները սպասարկում են մարդկությանը նրանով, որ նրա մեղավոր մասին տանում են դժոխք և ուշադիր տանջում։ Մինչ հրեշտակը մարդու հոգին առնելուց հետո այլևս չի խառնվում, միայն խնկի ծառերի վրա նստած փառք է տալիս իրեն ստեղծող «արարչին», սատանան գործ է տեսնում, մոլորեցնելով մարդկանց։
Եթե, իրոք, Աստված անմահ է՝ ոչինչ, կարելի է փառք տալ, սովետական մարդիկ տասնյակ տարիներ փառք տվին Ստալինին, բայց վերջինս հանկարծ մեռավ և խեղճերի տված փառքը գնաց-կորավ։
4. Այսպիսի մի հարց։ Եթե առաջին մարդիկ, ուրեմն, դրախտում չմեղանչեին, չարտաքսվեին ու ցավով տղա չծնանեին, նշանակում է՝ չպիտի բազմանային, այլ որպես զույգ անմահներ ապրեին դրախտում և միայն սիրեին իրար։
Չեմ հասկանում։ Սերը գո՞րծ է կամ մասնագիտությո՞ւն։ Այն տղամարդը, որ ամբողջ օրը տանն է նստում ու չի գնում աշխատանքի՝ կինը նրանից զզվում է, ինչպես «Ուստիանն» էր զզվում «Քաջ Նազարից»։
Առտնին տնտեսության մեջ աղն էլ սիրո նման անհրաժեշտ բան է, բայց գործածվում է դոզաներով և առանց կերակրի վրա ցանելու, ոչ ոք գդալը չի վերցնում զուտ աղ ուտելու։
Չեմ հասկանում այն ամուսնու վիճակը, որ դարեր շարունակ նստի կնկա կողքին ու նրա հոգուն, ջանին «մեռնի»։ Ականջ պիտի, որ դիմանա։
Մենք ընդամենը քառասուն տարի է, ինչ անվերջ կոմունիզմի մասին լսում ենք ու հիմա այնպես ենք զզվել, որ ասելը դժվար է։
----------
Աստվա՛ծ, ներիր՝ քեզ մի կարճ հարց տամ. աստվածների համար աշխարհ ստեղծելը պարտադի՞ր է. չի՞ լինի, որ նրանք մի այլ խելացի գործով զբաղվեն։
Ճիշտ է, սովետական գրողներն էլ նման անմիտ ստեղծագործությամբ են զբաղվում, բայց դրանց համար պետհրատը հարյուր հազարներ է վճարում։
Իսկ քեզ կոպեկ հոնորար տվող չկա։
***
Հունաստանը եղել է մեծ խելքի ու մեծ հիմարության երկիր:
Երբ կարդում եմ «Հունական առասպելները» զարմանում եմ, թե ինչպե՞ս Սոկրատես, Պղատոն, Արիստոտել ու Հոմերոս տված երկիրը կարողացել է տալ նաև այդպիսի ցնդաբանություններ, ինչպիսին «Հունական առասպելներն» են:
Լա՜վ, տվել տվել է, մարդկությո՞ւնն ինչու պահել, պահպանել է այդ հիմարությունները և անկորուստ փոխադրել ներկա մեր դարը: Ներկայիս մենք քի՞չ հիմարություններ ունենք, որի պակասը կամենում են լրացնել նախապատմական դարերից մարդկանց բոլոր սուտ ու փուտ հավատալիքները բերելով և վրան բարդելով:
Երբ դպրոցական աշակերտը հետ բազում սխալների, վերջապես ուղիղ լուծում է իր թվաբանության խնդիրը, ճիշտ լուծված խնդրի հետ մի՞թե պահում է նաև իր բազմաթիվ սխալները: Ո՛չ, նա ճմլում է ձեռքի մեջ այդ սխալները և գցում կրակի մեջ այրվելու:
Ինչո՞ւ մարդկությունը սույնը չի անում իր դարավոր սխալների նկատմամբ և իզուր տեղը խլում է ապրելու համար մեզ տրված մեր սուղ ժամանակը:Դպրոցում ժամերի կեսը ուսուցիչներն իրենց աշակերտների գլուխն են լցնում կրոնների ու գոյություն չունեցած աստվածների պատմությունները, այն դարձնելով կատարյալ ցախատուն:
Ի՞նչ անուն կտայիք ինձ, եթե ես հավաքեի ու հրատարակության տայի կյանքումս տեսած իմ բոլոր անկապ, անհանգույց երազները:
Իսկ «Հունական առասպելները» այն են ինչ իմ տեսած երազները. այն տարբերությամբ, որ նախամարդն այն տեսել էր իր արթուն ժամանակը, իսկ ես՝ քնած:
----------
Ինչպես ես զայրանում եմ մեզ հասած առասպելների վրա, այնպես էլ, կգա ժամանակ երբ մարդկությունը պիտի զայրանա մեր ներկայիս դավանած սոցիալիզմի վրա, որը հունական առասպելներից զանազանվում է նրանով միայն, որ սոցիալիզմը բռնի են պարտադրում, իսկ առասպելների հավատքը եղել է կամավոր:
Ինչպես Թուրքիայում հայկական կոտորածներից ազատվում էին այն հայերը, որոնք առերես ուրանում էին իրենց կրոնը ու փաթթոցավոր դառնալով մահմեդականություն էին քարոզում, այնպես էլ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, փրկվելու համար մարդիկ գլուխներին կոմունիստական փաթթոց ոլորեցին ու սկսեցին կոմունիզմ քարոզել:
Բայց այս «կոմունիստները» հենց որ ծածուկ տեղ հանդիպում են իրար՝ աջ ու ձախ են նայում և կամաց շշնջում իրար,
-Մենք մարդ ենք...
***
Աստվածներն ու ավազակները շատ ընդհանուրբան ունեն։ Երկուսն էլ ապաստանում են լեռներում։ Իսրայելի աստված՝ Եհովան ապաստանել էր Սինա լեռան վրա, Հունաստանի Զևսն իր ընտանիքով՝ Օլիմպոսի, իսկ մեր Արամազդն էլ, արդեն գիտեք՝ Մասիսի վրա։
Ավազակներն ու աստվածները, այսպես տեղավորված լեռներում, դարեր շարունակ կողոպտել են մարդկությանը։ Ավազակները մարդու ինչքն են կողոպտել, աստվածները՝ մարդու խելքն ու բանականությունը։
Երկուսն էլ արյունարբու, բայց ոչ հավասար չափով։ Իսրայելի աստվածը մարդու յոթ պորտից էր իր վրեժը հանում, իսկ ավազակը միայն կողոպտում էր ու բաց թողնում։
Ավազակի մեկ ուրիշ առավելությունն էլ այն է, որ մարդուն կողոպտելուց հետո, իր զոհից չի պահանջում, որ իրեն պաշտի։ Իսկ աստվածը պահանջում է։
Ըստ իս, մարդկությունը այս երկու պատուհասներից ազատվելու մի միջոց միայն ունի։
Հարթել, գետնին հավասարեցնել աշխարհի բոլոր սարերը...
----------
Եթե ես որևէ աստված պաշտելու լինեմ, մահմեդական աստծուն կնախընտրեմ, հարկավ, որովհետև նա այն աշխարհում հուրի-փերիների խոստումն է անում։ Բայց այստեղ փարատված չեն իմ որոշ տարակույսները։ Այդ փերիները երկնայի՞ն ծագում ունեն, թե՞ երկրային, երկրի փերիները այնքան շատ չեն, որ բոլոր մեռնող տղամարդկանց բավարարեն. այստեղ հարյուրից մեկ կին հազիվ կարելի լինի փերի համարել։
Հետո՝ ես չգիտեմ, մտածվա՞ծ է այնպես անել, որ միևնույն մարդուն չհատկացվի իր երկրային օրինական կինը։ Որովհետև այդ նույնը կլինի՝ ինչ երկրորդ դասարան փոխադրված աշակերտի առաջ դնես նորից իր անցյալ տարվա դասագիրքը՝ թեկուզ մեծ «բարեփոխումներով»։
Սրանից բացի ես մի անմեղ հետաքրքրություն էլ ունեմ, որը ոչ ոք չի բավարարում։
Ասում եմ, վերջին դատաստանին, երբ դժոխքի դատապարտվածների մեջ թանկ կոստյում հագնողներ են լինում, չե՞ն հանում այն և արդարներին հագցնում, նկատի ունենալով, որ, միևնույն է, դժոխքի բոցերի մեջ պիտի այրվեն դրանք։
Ես այսպիսի դեպք հիշում եմ քսանչորս թվից։
Դաշնակցական դյուցազն Սահակ Ստեփանյանը, երբ մահվան դատապարտվեցավ բոլշևիկ դատարանի կողմից, բանտ վերադառնալիս իր բոլոր արժեքավոր շորերը հանեց իր ընկերներին հագցրեց։
1958
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել