Վահրամ Բաղդասարյան. «Ի՞նչ խեղճ լինելու մասին է խոսքը. մենք հո այնտեղ երաժշտություն չէի՞նք միացնելու, որ ուրախ երևայինք»
«Հետք»-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
- Ղազախստանի նախագահ Նազարբաևը Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում, ընթերցելով Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի նամակն ասաց, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանն առանց Ղարաբաղի: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն այս հարցում:
- Դիրքորոշման խնդիր չկա. մենք ունենք մեր կողմնորոշումը, որ Մաքսային միությունը կամ Եվրասիական միությունը սահմաններ գծողներ չեն ու բնականաբար այդ խնդիրը լրիվ այլ դաշտում է: Նախագահն արդեն հայտարարել է, որ մինչև ամսի 15-ը մենք ունենք մի քանի հարց ճշգրտելու և ընդհանուր պատասխանը կտրվի: Այնպես որ պետք չէ մի հատ Ալիևի նամակով անհանգստանալ այդքան:
- Դուք անհանգստանալու ոչինչ չե՞ք տեսնում, երբ մի պետության կողմից, որը Եվրասիական միության անդամ չէ, պայման է դրվում Հայաստանի առջև` միություն մտնել առանց Ղարաբաղի:
- Չէ էլի… Նախ Ադրբեջանն ընդհանրապես կապ չունի այդ միության հետ: Ղազախստանի նախագահը երևի ինչ-որ հաշվարկներ է կատարել, որ հնչեցրել է Ալիևի նամակը, իսկ մեզ համար դա կարևոր չէ. ես այդքան լուրջ չեմ վերաբերում այդ երևույթին: Բնական է, որ հատկապես մամուլը պետք է մի երկու օր շատ անհանգստացած լիներ, որովհետև նոր նյութ էր, բայց ես փիլիսոփայորեն եմ մոտենում դրան:
- Պարոն Բաղդասարյան, տարբեր գնահատականներ հնչեցին այս օրերին Սերժ Սարգսյանի լռության առնչությամբ: Չեք կարծո՞ւմ, որ նամակն ընթերցելուց հետո Ս. Սարգսյանը պետք է արձագանքեր դրան:
- Ոչ, չպետքէ պատասխաներ, ո՞ւմ պատասխաներ` Ալիևի նամակի՞ն, ինչի՞ համար:
- Միջազգային հանրությունը տպավորություն չի՞ ստանա, որ Ս. Սարգսյանը համաձայնել է Նազարբաևի հետ:
- Չէ, չէ… նախ օրակարգում նմանատիպ հարց չի եղել, որ նման նամակ պիտի ընթերցվի, ուստի մեր նախագահը օրակարգից չի շեղվել, չի պատասխանել: Հետագայում մեր ընդունած որոշումներով դրա պատասխանը մենք կտանք:
- Պարզապես կարծիքներ են հնչում, որ Ս. Սարգսյանն այնքան անպատրաստ է եղել, որ չի կարողացել պատասխանել նամակին:
- Սերժ Սարգսյանը պատրաստ է պատասխանել ցանկացած անակնկալի: Այս դեպքում նա նպատակահարմար չի գտել պատասխանել և ճիշտ է վարվել: Դուք` լրագրողներդ, շատ լավ գիտեք, որ եթե մի հարց արձագանք է ստանում, այն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, իսկ այդ հարցը մեզ համար հետաքրքրություն չառաջացնող հարց է: Սովորական նամակ է եղել, ոչ օրակարգային, ընթերցել է, թող անցնի գնա` ի՞նչ է եղել:
- Համաձա՞յն եք այն կարծիքներին, որ Հայաստանն այդ նիստին խեղճացած կեցվածք ուներ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անգամ մեր պետության վիճակը որակեց որպես անարժանապատիվ, թույլ, իսկ Ս. Սարգսյանի լռությունը` որպես «դաս չսովորած աշակերտի¦ պահվածք:
- Ես խորհուրդ կտամ նման հայտարարություն անողներին իրենց դասերը լավ սովորեն, մանավանդ հիշեն, թե իրենց դասերն ինչպես էին ժամանակին սովորում: Նման արտահայտություն անողները պետք է նստեն Նազարբաևի, Ալիևի կողքը: Մի մարդ, որը վարկաբեկում է իր երկրի առաջնորդին, դառնում է ադրբեջանական մամուլում լուսաբանվող անձ, ու չգիտեմ` ինչ գնահատական կարելի է նման մարդկանց տալ: Ուղղակի խոսքի ազատությունը հարգելով, մենք իրենց վիրավորանքները չենք կանխում: Ի՞նչ խեղճ լինելու մասին է խոսքը. մենք հո այնտեղ երաժշտություն չէի՞նք միացնելու, որ ուրախ երևայինք: Այնտեղ կարևորագույն խնդիր էր լուծվում: Երկրի նախագահն իրեն միշտ այդպես է պահում ու ճիշտ է պահում: Լրագրողները կամ ընդդիմության ներկայացուցիչները կարող են տարբեր կերպ մեկնաբանել, որ այստեղ ժպտաց, այստեղ չժպտաց, բայց միմիկայի շարժումներո՞վ եք որոշելու, թե ինչպիսն է մեր երկրի նախագահի տրամադրությունը կամ տրամադրվածությունը տվյալ խնդրի նկատմամբ: Ընդհակառակը` այն մարդը, որը իր դեմքին ցույց է տալիս տրամադրությունը նա քաղաքականությունից կաղում է: Եթե նրա դեմքի արտահայտությունից զգում ես, թե ինչ որոշում է ընդունել, էլ ի՞նչ: Քաղաքական գործն այնպիսին չպետք է լինի, որ դեմքից կանխատեսես:
- Եթե, ամեն դեպքում, Հայաստանի առջև պայմանը դրվի՝ անդամակցել Եվրասիական միությանը, առանց Ղարաբաղի: Հնարավո՞ր է, որ Հայաստանը չանդամակց ընդհանրապես:
- Չի կարող նման տիպի պայման դրվել: Մենք նման հարց չենք դնում, սահմանների հարց այս միությունը չի լուծում: Հիմա նամակ է գրվել է, ի՞նչ անենք, վաղն էլ մենք մեր գործընկերներին խնդրենք, որ նման նամակ գրե՞ն, ու սկսվի նամակների ընթերցման գործընթա՞ց: Համբերեք, կտեսնեք, թե ինչ անդրադարձներ են արվում:
- Ինչո՞ւ եք համոզված, որ մեր առջև նման պայման չի դրվի:
- Մենք պայմաններով որևէ բան չենք ստորագրում: Ու մեր պայմանավորվածությունը նախապայմանների միջոցով չի եղել: Եվրասիական միություն մտնելու խնդիրը մի կապեք Ղարաբաղի հետ: Ոչ Ղազախստանի նախագահը, ոչ նամակ գրողները, իրավունք չունեն տարբեր խնդիրներ քջջեն, իրենց անձնական էմոցիաները բարձրացնեն Ղարաբաղի հարցում: Դրա համար էլ մեր նախագահը չի անդրադառնում, որովհետև այդ նիստը Ղարաբաղի հարցը քննարկելու համար չէր: Ինչո՞ւ պիտի նախագահը պատասխաներ՝ սրելով իրավիճակը, չէ՞որ այդ հարցը չէր քննարկվում նիստում:
- Ռուս քաղաքագետներից մեկը ասել է, որ Սարգսյանը «կուլ կտա» այդ հայտարարությունը, որովհետև Եվրասիական միութուն շատ է ուզում մտնել: Այդպե՞ս է:
- Եթե մենք չցանկանայինք անդամակցել, այդքան փաստաթղթեր չէինք կազմի, այդքան բանակցություններ չէինք վարի: Եվրասիական միություն մտնելը, մեզ համար կարևոր է, այո, բայց ինչ մնում է նրան, թե մենք կուլ կտանք, ասեմ, որ մենք կուլ տվողը չենք: Կգա ժամանակը պատասխան կտրվի: Դուք տեսա՞ք, որ որևէ մեկը դրան չի արձագանքել՝ ոչ Ռուսաստանը, ոչ Բելոռուսը: Հիմա կարող էին մի հատ էլ լիրիկական նամակ ընթերցել, արձագանքե՞ինք, չէ, չէ՞...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել