Պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ընթացք կստանան. Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ մանկավարժների ահազանգերից, որ դպրոցները չեն ընդունում կուտակային կենսաթոշակային համակագից հրաժարվելու մասին դիմումները:
«Նման տեղեկատվություն ես չունեմ, ուղղակի դուք գիտեք, որ օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է և ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո»,- լրագրողների հետ զրույցում այսօր նշեց նա:
Երբ նախարարին հուշեցին, որ օրենքը երեկվանից ուժի մեջ է մտել, Արտեմ Ասատրյանն ասաց. «Հրապարակվե՞լ է, դե ուժի մեջ մտնելուց հետո, բնականաբար, օրենքը գործում է և օրենքի շրջանակներում այդ գործընթացների մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է իրացնի իր պարտականություններն ու իրավունքները: Իսկ դիմումների չընդունման յուրաքանչյուր կոնկրետ դեպք քննության առարկա է: Ես նման տեղեկատվություն չունեմ»:
«Հետք»-ի հարցին, թե արդյոք այն բոլոր քաղաքացիները, ովքեր հրաժարվում են մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին, կարո՞ղ են վստահ լինել, որ իրենց դիմումները կընդունվեն, նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Իհարկե, կարող են հանգիստ լինել: Մենք խոսում ենք այս ընթացքում գործող օրենքի կիրառմաբ մասին»:
Մեր հարցին, թե ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, եթե դիմումները չընդունվեն, նախարարը նշեց. «Եթե կլինեն այդպիսի դեպքեր, մենք կանդրադառնանք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել