HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական մտածողություն և Արցախի հարց

Գեւորգ Կիրակոսյան (թոշակառու)    

Կարելի է սկսել թարմ օրինակից: Կարծում եմ բոլորին է պարզ, որ ամենաբարձր ամբիոնից վերջերս հնչած, «պարտադիր, բայց ոչ պարտադրված», տրամաբանորեն անհեթեթ կարգախոսն իրականում շատ պարզունակ պարունակություն ուներ՝ «գրագետ» տեսքով արտահայտելու՝ «կվերցնենք ումից ոնց կարող ենք» մարդկային մոտեցումը: Սակայն դրանով իսկ մի նոր ու լայն ասպարեզ բացվեց հայկական սուբյեկտիվ ընկալման ու գործելաոճի դրսեւորումների համար՝ օրինականության փոխարեն, գիտակցված կամ անգետորեն: Հեշտ է կռահել այն տարաբնույթ ինտրիգների, խնամի-բարեկամության, լավ ու «շնորքհով տղերքի», ծառայամտության, ստորացումների ու մշտական շանտաժների հնարավորության մասին, որոնց մշտական զոհն են դարձնելու աշխատող մարդուն,  նման «օրենքի» կիրառմամբ:

Ըստ իս՝ ճիշտ միեւնույն գավառամտությունը ցուցաբերվեց, փաստորեն, ՄՄ-ի ու Արցախի հարցում, տնավարի մտածելով՝ «դե,՜ պայմանը կկնքենք ՀՀ - ի անունից, Արցախն էլ սուս ու փուս մեջը կառնենք»: Թերեւս ինչ-որ բանավոր համաձայնություներ էլ եղած լինեն այդ ուղղությամբ. չգիտենք, իհարկե: Սակայն դեմ առանք նրան, ինչին որ պիտի հանդիպեինք բնականորեն: Այսինքն՝ մեր «ճարպիկ» ֆռռիկները միայն մեզ մոտ կարող են աշխատել, իսկ ուրիշները դրանից կարող են օգտվել միայն: 

Եղածն եղած է, եւ ունենք այն ինչ ունենք հիմա: Թող տարօրինակ չդիտվի, սակայն, հեղինակը լավատես է. նա ընդունում է, որ գրեթե երբեք չի լինում չարիք առանց բարիքի:

Այստեղ կարեւոր է հասկանալ. որ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ է ստեղծվել, եւ կարելի է անհապաղ օգտվել ընձեռնված առիթից: Հարկավոր է բացեիբաց, տղամարդավարի հայտարարել այն, ինչը պիտի վաղուց ասված լիներ, եւ որն արդեն իսկ գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Պետք է հայտարարել ուղղակի, որ՝

  1.  Արցախն ու Հայաստանը անբաժանելի են, գոնե ՏՆՏԵՍԱՊԵՍ, քանի որ արդեն իսկ հստակորեն ընդգծված է, որ ՄՄ-ն ու ԵԱՍՄ-ն միայն տնտեսական միություններ են:

Կամ էլ «մեծ եղբոր» օրինակին հետեւելով՝ ավելի արմատական լուծման գնալ.           

  2. ճանաչել Արցախի անկախությունն  այսօր, հաջորդ օրը իր խնդրանքով ընդունել ՀՀ -ի մեջ, իսկ  3 - րդ օրն էլ դիմել՝ միասին մտնելու «երանելի» միության մեջ:  

 Ի՞նչ պիտի ասեն, կամ ո՞վ պիտի ասողը լինի: Կամ ում ասածն այլեւս նշանակություն ունի արդեն փլուզվող միջազգային իրավակարգի մեջ: Ավելին, պատերազմ պիտի սկսվի՞: Սկսողը թող ինքը լինի այս դեպքում. մենք միայն տնտեսական կամ քաղաքական հայտարարություն ենք անում, միջազգային իրավունքների վրա հիմնվելով: Եւ եթե պիտի կռվի անպայման, ապա ավելի լավ է հիմա թող բախտը փորձի, քան հետո: 

 «Մեծ եղբայրը» պիտի նեղանա՞, ի՞նչ պատճառաբանությամբ՝ սակայն:  Քանի անգամ երեսներովս տվեցին, թե «դուք ինքներդ չեք ճանաչում Արցախը, սակայն մեզ եք պարտադրում»: Իրականում եւ ֆորմալ առումով ինչ-որ ասվում է, այս դեպքում չէ որ միայն իրենց օգտին է: Իրենք միայն պիտի ուրախ լինեն սկզբունքորեն: Իսկ եթե ոչ, ապա խնդիր չկա՝ արեւմուտքում էլ բարեկամներ ունենենք մեզ համար «վառվող», թող համաձայնեն, մենք այնտեղ գնանք (վրացիների եւ ուկրաինցիների հետ միասին. այս դեպքում գուցե ավելի ուրախանան):

Թերեւս օվկիանոսի այն կողմում պիտի դժգոհեն: Հիմա դժվար թե՝ նկատի ունենալով մեր հարեւանների կողմնորոշման ակնհայտ փոփոխությունը: Դրանից բացի, արդեն Նահանգներում են ճանաչում Արցախը, եւ նեղացող չի երեւում այնտեղ: Մեզնից ինչո՞ւ պիտի նեղանան: Վերջապես, ու՞մ եւ ինչի՞ առաջ է կզկթել հաղթանակած երկիրը: Սարդարապատից հո ավելի վատ վիճակի մեջ չե՞նք այս պահին: 

Կարող ենք, իհարկե, այս դեպքում եւս խոհեմաբար լռել: Սակայն ԻՄԱՍՏՆ ու սպասելիքը ուրիշ կերպ հնարավոր չէ մեկնաբանել, բացի վախկոտ զգուշավորության դրսեւորումից՝ այն պահին երբ մեզ պատին են սեղմել,  ու վճռական քայլ է պահանջվում: 

Ներողություն եմ խնդրում քաղաքագետներից ու բարձր ղեկավարությունից՝ նման անհամեստ դասերի համար: Թերեւս կան բաներ, որոնց հասու չլինելով, իսկապես հնարավոր չէ ճիշտ կողմնորոշվել: Սակայն գոյություն ունեն փորձ ու պատմություն եւ ամենակարեւորը՝ հոտառություն ու վտանգի ինտուիցիա, որոնք էլ հուշում են՝ իսկապես պահն է վճռական քայլ կատարելու: Դրա համար էլ փոքրիկ հույս ունեմ, որ նշված բարենպաստ հանգամանքների վրա նրանք կարող են ուշադրություն դարձնել:

Մեկնաբանություններ (1)

haj
ajo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter