
Կարեն Ճշմարիտյանը՝ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ դնելու մասին
«Ինչի՞ համար պետք է մաքսակետ լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյոք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվելո՞ւ է , թե ոչ, արձագանքեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսանի հայտարարությանը, թե ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն, որ նման բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում, Կարեն Ճշմարիտյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ ինքը ՀՀ նախագահի ասածները չի մեկնաբանում: «Նաև Նազարբաևի ասածները չեմ մեկնաբանում»,- հավելեց նա:
Երբ լրագրողները կրկին հարց ուղղեցին, թե արդյոք մաքսակետ դրվելո՞ւ է, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Չեմ կարծում... Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն։ Մենք ԼՂՀ հետ վարվելու ենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա։ Այսինքն՝ ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և մեր շուկայում, և ԱՀԿ անդամ երկրների շուկայում, և ԵՄ-ի շուկայում, այսինքն՝ այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել, ինչի՞ եք այդքան անհանգստանում մի երրորդ-չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց։ Ես ձեզ իմ պատգամավորական պրակտիկայիից եմ ուզում հիշեցնել, երևի կհիշեք, երբ որ մենք միջխորհրդարանական նիստի էինք, այնտեղի նախագահը նորից ընթերցել էր Ալիևի նամակն առ այն, որ ինքը հրավիրում է Ադրբեջան, որ հաջորդ ֆորումն այնտեղ կայանա։ Ընթերցեց, բայց դրանցի հետո չկայացավ, չէ՞։ Այսինքն՝ չեմ կարծում, որ այդքան նշանակություն պետք է տալ։ Պարզապես այստեղ ծանրաբեռնվածությունն է տարբեր: Օրինակ՝ Առևտրի համաշխահարյին կազմակերպության պարագայում: Իսկ ՄԱԿ-ով նշված սահմաններին վերաբերող արտահայտությունը որ արել են, չեմ կարծում, որ դիվանագիտորեն կամ մասնագիտորեն այդքան ճիշտ էր։ Զուտ ես մասնագիտորեն կարող եմ ասել՝ ինչ որակ ունի այդ նամակը, որը որ ընթերցել է այդտեղ»:
Հարցին, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ղարաբաղում ապրանքները շրջանառվելու են «Արտադրված է Հայաստանում» պիտակո՞վ, Կ. Ճշմարիտյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, մինչև հիմա մոտավոր այդպես էլ գնացել է, և ես այդտեղ մեծ խնդիրներ չեմ տեսնում, համագործակցությունն այնքան խորն է, որ Հայաստանում արտադրված ապրանք, Արցախում արտադրված ապրանք ծագման առումով նրանք բավականին մոտ են։ Այստեղ մի ուրիշ բան կարող եմ նշել, որ, համենայնդեպս, այսօր չկա ոչ մի մաքսակետ և մենք Արցախի հետ ոչ մի գործողություն չենք արել մաքսակետ դնելու համար, չենք անում և կարծում եմ չենք էլ անելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը չդարձավ Եվրասիական միության հիմնադիր անդամ, թեև ցանկություն ուներ, ապա էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանը չդարձավ, որովհետև «իրենք էին հիմնադրել»: Նա նաև հավաստիացրեց, թե այն տեխնիկական 2-3 հարցերը, որոնց մասին խոսեց Սերժ Սարգսյանը, առնչություն չունեն Ղարաբաղի հետ: «Դրանք զուտ մասնագիտական, տնտեսագիտական հարցեր են, տեխնիկականի հետ ԼՂՀ-ի հարցը չկա, կարող եմ երաշխավորել»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել