Համայնքների կայուն զարգացմանը հիմքը երկարաժամկետ ռազմավարություն ունենալն է
Արմինե Ղուկասյան
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանյան ներկայացուցչության «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված մարզային համաժողովի եւ ուսումնական այցի հերթական մասնակիցները Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի գործընկեր համայնքների ղեկավարներն էին եւ համայնքային աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Համայնքների ներկայացուցիչների հանդիպման առաջին հասցեն Տավուշի մարզի Կոթի գյուղն էր, որտեղ էլ կայացավ համաժողովը:
«Ինչ էինք ակնկալում ծրագրի մեկնարկին, ինչ արդյունքներ ունեցանք ծրագրի ավարտին, ինչ կարիքներ ունենք եւ ինչ ենք ակնկալում հետագա ծրագրերից» թեմայով համաժողովի ընթացքում քաղաքային եւ գյուղական համայնքները ներկայացրին համագործակցության ընթացքում իրականացված ՏԻՄ խրախուսման եւ համայնքային զարգացման ծրագրերը, տրվեցին գնահատականներ, բացահայտվեցին ակնկալիքները, առկա կարիքները, վերհանվեցին հետագա ծրագրերի հետ կապված ցանկություն-առաջարկները: Յուրաքանչյուր համայնք շնորհանդեսային տեսաշարի միջոցով կարողացավ տարիների ընթացքում կատարված աշխատանքն ի մի բերել, որը շոշափելի էր ու առարկայական: Ծրագրերին զուգահեռ էական էին նաեւ համայնքների ներկայացուցիչների հմտությունների եւ կարողությունների զարգացմանը միտված դասընթացների, այցերի, հանդիպումների դերը եւ նշանակությունը, որոնց շնորհիվ համայնքը զինվեց անհրաժեշտ գիտելիքներով, եւ ձեւավորվեց կառավարման, թիմային աշխատանքի մշակույթ:
Համայնքային ներկայացումներն ամփոփեց ՔԻ-ի Հայաստանյան ներկայացուցչության համայնքային զարգացման ծրագրի ղեկավար Հայաստան Ստեփանյանը` կարեւորելով իրականացված աշխատանքը, որի հիմքում համայնքների ինքնակազմակերպումն է եւ համախմբումը:
Այցի հաջորդ կանգառը Իջեւան քաղաքն էր: ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերանորոգված հրապարակում հյուրերի համար կազմակերպվել էր համերգային ծրագիր, որն ուղեկցվեց քաղաքի կենտրոնական հրապարակում եւ զբոսայգում շրջայց կատարելով: Դիլիջան քաղաքում համաժողովի մասնակիցներն այցելեցին ծրագրային տարածքներ, տեղում ծանոթացան իրականացված աշխատանքներին:
Ուսումնական այցի առաջին օրը շարունակվեց «Մասնակցային ռազմավարության պլանավորում. քաղաքացիական հասարակության կառույցների դերը համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանների մշակման, իրականացման եւ վերահսկման գործում» թեմայով հանդիպմանը:
Հետաքրքիր եւ շահագրգիռ քննարկում ծավալվեց բարձրացված հարցի շուրջ, որն ընդգրկում էր համայնքային կյանքին առնչվող բոլոր ոլորտները: Համայնքի ղեկավարներին մտահոգող հարցերի շղթայում էին տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, համայնքների խոշորացման գործընթացի հետ կապված կազմակերպչական, ֆինանսական մոտեցումները, միջհամայնքային միավորումների գործունեության սահմանները, հարկահավաքության համար անհրաժեշտ լծակների ավելացումը եւ նմանատիպ շատ հարցեր, որոնք պետք է նաեւ օրենսդրական նոր լուծումների շնորհիվ ստանան սպառիչ պատասխաններ:
Համայնքների խոշորացման հետ կապված, անկախ դեմ եւ կողմ կարծիքներից, գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ եւ կշռադատված քայլեր` հանրային լսումներից մինչեւ համամասնության սկզբունքների պահպանում: Մասնակիցները խնդիրների մի ողջ փաթեթ ներկայացրին, որոնց բախվում են առօրյայում եւ որոնք պահանջում են հստակ մոտեցումներ:
Ուսումնական այցի երկրորդ օրն սկսվեց համայնքների երկարաժամկետ ռազմավարության պլանավորմամբ, որը քննարկվեց ընդհանուր սահմաններ, ընդհանուր խնդիրներ, ընդհանուր տեսլական, ընդհանուր նպատակներ եւ ընդհանուր լուծումներ համատեքստում: ՔԻ-ի համայնքային զարգացման թիմի համակարգող Վարուժան Ավանեսյանը ներկայացրեց երկարաժամկետ ռազմավարական պլանավորման 14 քայլերը, որոնք համայնքի զարգացման եւ կայացման երաշխիքներն են:
Մասնակիցները յուրաքանչյուր քայլի ներկայացումից հետո հնարավորություն ունեցան օրինակներով ամրապնդել նյութը, խնդրահարույց հարցերի պատասխաններն ստանալ տեղում: Օրվա երկրորդ կեսին գործընկեր համայնքների ներկայացուցիչները հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում, որտեղ ՔԻ-ի գործընկերության արդյունքում կյանքի էին կոչվել մի շարք ներդրումային ծրագրեր:
Ուսումնական այցի վերջին կանգառը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքն էր: Համայնք այցն սկսվեց Նոր Գեղիի խորհրդանիշ խնձորի այգիներից, ապա շարունակվեց մշակույթի տան բակում եւ դահլիճում: Ներկաները ծանոթացան ոչ միայն այս համայնքում իրականացված դրամաշնորհային ծրագրերին, այլեւ մշակութային հիանալի միջոցառման մասնակիցը դարձան:
Ուսումնական այցի երկու օրերն ամփոփվեցին Դիլիջան համայնքի մասնակցային գործընթացների վերաբերյալ «Փոփոխության բանալին» ֆիլմի ցուցադրմամբ, որը նկարահանվել էր ՔԻ-ի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Համաժողովի եւ ուսումնական այցի 4 մարզերի գործընկեր համայնքները հնարավորություն ունեցան նաեւ օգտակարը համատեղել հաճելիի հետ` այցելելով պատմամշակութային տեսարժան վայրեր: ՔԻ-ի Հայստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված հերթական միջոցառման շնորհիվ ամրապնդվեցին միջհամայնքային կապերը, համագործակցության եւ փորձի փոխանակման նոր հնարավորություններ ստեղծվեցին, որոնք ունենալու են իրենց դրական ազդեցությունը համայնքների հետագա գործունեության ընթացքում:
Երկարաժամկետ ռազմավարական պլանների մշակման գործընթացն էլ դարձավ օրախնդիր, որը միաժամանակ յուրաքանչյուր համայնքի կայուն զարգացման եւ առաջընթացի հիմքն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել