Քառյակը 12 կետից բաղկացած պահանջ է ներկայացնում իշխանություններին
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր ընդունել են 12 կետից բաղկացած պահանջների հայտարարություն, որոնք շուտով կներկայացնեն իշխանություններին։ Այս մասին այսօր քառյակի 4 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ բոլորի կողմից ընդունված հայտարարության տեքստը պատրաստ է, թեև կան որոշ խմբագրական աշխատանքներ, որից հետո առաջիկա օրերին քառյակը հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով և կներկայացնի պահանջների ցանկը:
«Ամեն դեպքում, ասեմ, որ հայտարարության տեքստը բոլորի կողմիցն ընդունված է: Առանձին-առանձին չեմ ուզում անդրադառնալ հայտարարության կետերին, բայց առաջիկա քառօրյա նիստում մենք կներկայացնենք դրանք: Հիմնականում մեր պահանջները վերաբերում են ներքին քաղաքականությանը։ Առանձին դրույթներ կան, որոնք վերաբերում ենք կառավարությանը, կան նաև քաղաքական կետեր, որոնք վերաբերում են ամբողջական իշխանափոխությանը»,- ասաց Հակոբյանը: Նա նաև նշեց, որ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Եվրասիական տնտեսական միությանն առնչվող կետեր չկան:
«Հետքի» հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ պահանջների ներկայացումը, արդյոք դա միտվա՞ծ է իշխանափոխությանը, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ այն միտված է համակարգային փոփոխությունների իրականացմանը: «Մեր խնդիրը ի սկզբանե եղել է պետության ներսում արմատական փոփոխություններ ներկայացնելը: Այն խնդիրները, որոնք մենք դրել ենք մեր առջև, կարողանում ենք իրականացնել»,- հավելեց նա:
Ռ. Հակոբյանը տեղեկացրեց, որ քառյակը համատեղ հանրահավաք կանցկացնի աշնանը, «հասկանալի պատճառներով» գնահատական կտա, թե որքանո՞վ են կատարվել իրենց պահանջները: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք աշնանը հանրահավաք կազմակերպելով քառյակը ժամանակ է տալիս իշխանություններին կատարել իրենց 12 կետանոց պահանջները: Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ պահանջները կատարելու համար պետք է տրվեր տրամաբանական ժամանակ: «Դրանք կատարելու համար ժամկետ է պետք, և մենք կարծում ենք, որ այն ծավալը, որը մենք ներկայացրել ենք, կարող է իրականացվել մինչև աշուն»,- շեշտեց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել