HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է Արաբական Էմիրությունների գործարարների պատվիրակությունը

ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական  հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած  գործարարների  պատվիրակությանը՝  Աբու Դաբիի Առեւտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթիի գլխավորությամբ:

Փոխվարչապետը  ողջունեց  պատվիրակության այցը Հայաստան՝  ընդգծելով, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների  հետ  հարաբերությունների զարգացումը  դիտում է որպես համագործակցության  կարեւոր ուղղություն եւ մեծ նշանակություն է տալիս երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացմանը: «Երկու երկրների միջեւ առեւտրի ոլորտում արդեն  բավականաչափ փորձ եւ ձեռքբերումներ  են առկա, կարեւորում ենք նաեւ տնտեսական  եւ ներդրումային ոլորտներում փոխգործակցությունը,  որի զարգացման համար, կարծում ենք, մեծ ներուժ կա»,- ասաց փոխվարչապետը:

Արմեն Գեւորգյանը ողջունեց նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝  Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը՝  ընդգծելով  դիվանագիտական ներկայացուցչության կարեւոր դերն առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում:

Ա. Գեւորգյանը ներկայացրեց տնտեսության այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երկկողմ համագործակցության համար, մասնավորապես նշելով  գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության,  զբոսաշրջության, շինարարության եւ շինանյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, էներգետիկայի,  քիմիական արդյունաբերության ոլորտները:

Նա ընդգծեց, որ կառավարությունը  պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանն  ուղղված գործնական ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

ԱՄԷ պատվիրակության ղեկավարը  հայտնեց, որ նպատակ ունեն  ծանոթանալ ներդրումային հնարավորություններին, բացահայտել գործակցության  ուղղությունները:

«Որպես մասնավոր հատվածի  ընկերություններ՝ մենք բավականին լուրջ ենք տրամադրված Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցում»,- ընդգծեց նա:

Պատվիրակության ղեկավարը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ  շարունակական համագործակցության համար լավ հիմք կապահովի նաեւ այսօր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի  եւ  Աբու Դաբիի Առեւտրի պալատի միջեւ ստորագրվելիք  համագործակցության համաձայնագիրը:

Հայտնում են Տարածքային կառավարման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter