HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խղճից հեռանալով ՝ ինքնօտարվում ենք

Վերջին ժամանակներս  ներընտանեկան դերային համակարգում խաթարվել են արյունակիցների միջև ներդաշնակ հարաբերությունները:Մարդիկ, ովքեր զրկում են հարազատին մի պատառ հացից, մի թիզ հողից, հեռանում են իրենց խղճից՝ ներքին դատավորից՝ հագուրդ տալով ընչաքաղցությանը:

Սպառողական այս հոգեբանությունը թերևս ոգու քաղցի դրսևորում է…Չէ որ մերձավորից հեռանալով՝ մենք ինքնօտարվում ենք և հայտվում բարոյալքման վտանգի մեջ:

2010 թվականից մինչև օրս Անահիտ Ղազարյանը իր չորս աղջիկների հետ չի կարողանում  ամուսնու՝ Վարդգես Ղազարյանի կողմից ավարտին չհասցված կառույցը իր հայեցողությամբ տնօրինել, տիրապետել, օգտագործել: Իրողությունն այն է, որ եղբոր մահից հետո Վրեժ Ղազարյանը, եղբոր որբերի հանդեպ հոգածություն դրսևորելու  փոխարեն, ոչ մի ջանք չի խնայել նրանց ձեռքից խլելու կիսակառույցը:

1985թվականին  նախկին Հաղթանակ կոլտնտեսության թիվ 22/2-85 վարչության նիստի որոշմամբ Վարազդատ Ղազարյանին պատկանող հողամասից իր որդուն՝  Վարդգես Ղազարյանին,  որպես առանձին ծուխ հատկացվել է 300քմ հողատարածք տուն կառուցելու համար: Նորաստեղծ ընտանիքը սկսել է կառուցել  բնակելի տուն` նկուղային հարկով, սակայն Վարդգես Ղազարյանը 1990 թվականին մահացել է, և նոր սկսած շինության կառուցումը մնացել է անավարտ:

Վարդգես Ղազարյանի կինը` Անահիտ Ղազարյանը, չունենալով համապատասխան միջոցներ շինարարությունը շարունակելու համար, չորս անչափահաս երեխաների հետ դուրս է եկել կիսակառույցի նկուղային հարկից` նրանց առողջ մեծացնելու բավարար պայմաններ չլինելու պատճառով: Այնուհետ բնակվել են Հաղթանակ գյուղի նախկին մանկատան շենքի փոքրիկ հատվածում՝ զուրկ կոմունալ և այլ հարմարություններից:

Ի դեպ, մահից առաջ  Վարդգեսը խնդրել է եղբորը՝ Վրեժին, որ կնոջն ու երեխաներին տիրություն անի: Դե նա էլ «տիրություն է անում»:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը միշտ էլ փայլել է իր արտառոց  վճիռներով, որոնց մասին հրապարակում եմ ունեցել և չեմ ուզում անդրադառնալ: Այս գործի առնչությամբ կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 07.03.2013թ. իրավացիորեն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել է  նույն դատարան՝ նոր քննության  (նախագահող դատավոր՝ Կ.Չիլինգարյան)

Սակայն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը անհաղորդ է մնացել բեկանված գործի նկատմամբ և դարձյալ շարունակում է կամայական վճիռներ կայացնել՝  հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ վճիռներից մեկով  հաստատվել է  Անահիտ Ղազարյանի ամուսնու անվամբ նրանց  ծխին հատկացված 300քմ մակերեսով  հողամասը, և դրա վրա գտնվող կիսակառույցը 1991 թվականի հունվարի 29-ին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի  հինգերորդ պարբերության ուժով  թողնվել է հայցվորներին որպես սեփականություն: Այս փաստը , ըստ էության , բավարար էր, որպեսզի կայացվեր օբյեկտիվ դատական ակտ: Սակայն Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանը ասես առաքելություն է ստանձնել  քաղաքացու արդար պահանջը խեղաթյուրելու, ճիշտը սխալ ներկայացնելու: Նույն գործով, մեկ ուրիշ վճռով էլ պատասխանող կողմի ջրաղացին է ջուր լցնում՝ պատճառաբանելով, որ Անահիտ Ղազարյանը հայցային վաղեմության ժամկետն է բաց թողել…

Ինչ ժամկետի բացթողման մասին է խոսքը, երբ  Անահիտ Ղազարյանը և նրա դուստրերը իրենց խախտված իրավունքների մասին իմացել են 2011թվականի մարտի 2-ին և նույն թվականի հունիսի 14-ին էլ դիմել են դատարան: Դատարանը մերժել է հայցը  առանց պարզելու, թե իրականում երբ են խախտվել հայցվորների  սեփականության իրավունքը, երբ են  այդ մասին իրազեկվել կամ օբյեկտիվորեն  հնարավորություն ունեցել իրազեկվելու իրենց սեփականության իրավունքի խախտման մասին, և որ օրենսդրությունն է տվյալ դեպքում կիրառելի:

Դատավորներից մեկին Անահիտ Ղազարյանի ներկայացուցիչը  ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը, բնականաբար, մերժվել է:

Օրենսդրորեն խոցելի այս հոդվածը (ՀՀ դատական օրենսգիրք, 91-րդ հոդվածի1-ին մաս,1-ին կետ) ասես  տրագիկոմեդիայի ժանրից լինի…Ոչ  մի դատավոր, բնականաբար, չի ընդունի, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի և  դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Բազմիցս ենք անդրադարձել դատավորների ենթակայական  (սուբյեկտիվ) վերաբերմունքի,ոչ գրագետ դատական ակտերի կայացմանը: Ինչ խոսք,  եթե դատավորը  ունի իրավական համապատասխան գիտելիքներ, գրագետ խոսք, ներքին համոզմունք և անկողմնակալ վերաբերմունք,  ապա արդար դատական ակտ կայացնելը դառնում է անխուսափելի, ինչն էլ ակներև է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Դ. Խաչատրյան, Ն. Տավարացյան) 27.05.2014թվականին նույն գործով կայացրած  որոշման մեջ. ստորադաս դատարանի կայացրած վճիռն  ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:

Հուսանք, որ այս  հարցի քննությունը դուրս կգա արատավոր շրջապտույտից …  Հույսը վառում է բոլոր մարված մոմերը:

Անահիտ Հովհաննիսյան, փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (4)

Գարիկ
Սպառողական այս հոգեբանությունը թերևս ոգու քաղցի դրսևորում է…Չէ որ մերձավորից հեռանալով՝ մենք ինքնօտարվում ենք և հայտվում բարոյալքման վտանգի մեջ:
Ani Muradyan
Հույսը վառում է բոլոր մարված մոմերը:
Շուշան
Լրագրողի առաքելությունը ժողովրդի ձայնը լսելի դարձնելն ու խնդիրները վեր հանելն է, իսկ երբ լրագրողը նաև փաստաբան է ու պրոֆեսիոնալ կերպով է մոտենում խնդրին , ապա էդ դեպքում նմանատիպ հոդվածները բացի լրագրողական հետաքրքիր նյութ լինելուց, դառնում են արժեքավոր վկայություններ էն ամենի , ինչ կատարվում է իրականում: Շնորհակալ ենք անաչառ ու համարձակ նյութի համար:
Կարուշ
Այսօրինակ հոդվածները, ի պաշտպանություն ոտնահարված իրավունքով անձանց, անշուշտ, մեծապես կօգնեն արդարադատության իրականացմանը` այն հավատքով, որ, ինչպես հեղինակն է ասում, հույսը վառում է բոլոր մարված մոմերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter