
Վահան Շիրխանյան. «Ենթադրենք՝ Ղարաբաղի ու Հայաստանի միջև մաքսակետ եղավ, դա հո բեռլինյան պա՞տը չի»
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը
- Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը ընթերցեց Ադբեջանի նախագահ Ի. Ալիևի նամակն այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանն առանց Ղարաբաղի: Ի՞նչ պատասխան պետք է տա ՀՀ-ն այս պայմանին:
- Նազարբաևը թույլ տվեց դիվանագիտական էթիկետի կոպիտ խախտում: Աստանայի վեհաժողովը շատ բարձր մակարդակի հավաք է, որտեղ ամեն ինչ պետք է ընթանար օրակարգի համաձայն: Նազարբաևը համարեց, որ ինքն իր տանն է, ինչ ուզի`կանի, բայց սխալվեց: Հայաստանը դառնալու է Մաքսային միության ու Եվրասիական միության անդամ. այս հարցում ես կասկած չունեմ և միշտ ասել եմ, որ դա է Հայաստանի միակ ճշմարիտ ճանապարհը, որին այլընտրանք գոյություն չունի:
Ղարաբաղն անկախ պետություն է և եթե ցանկանա մտնել Մաքսային կամ Եվրասիական միություն, ապա ինքն իր դիմումը կներկայացնի, ու թող Միությունն այդ ժամանակ քննարկի` համաձա՞յն է, որ Ղարաբաղն անդամակցի, թե՞ ոչ: Եվ նույնիսկ այդ ժամանակ երրորդ երկիրը, որն այդ Միության հետ որևէ առնչություն չունի, իրավունք չունի միջամտել կամ խանգարել ԼՂՀ անդամակցությանը: Կրկնում եմ` Նազարբաևի կողմից կոպիտ սխալ էր ընթերցել իր ընկերոջ նամակը, բայց այն, որ Հայաստանը դառնալու է Եվրասիական միության անդամ` ես կասկած չունեմ:
- Ասացիք, որ Ղարաբաղը կարող է դիմում ներկայացնել ու անդամակցել Մաքսային միությանը: Դրա անհրաժեշտությունը կա՞ այսօր:
- Իհարկե: Ինչո՞ւ ոչ: Ղարաբաղը հայտարարել է իր անկախության մասին, հաստատել է իր պետականությունը: Փառք Աստծո, շատ հաջող բոլոր ուղղություններում զարգանում է ու շատ հանգիստ կարող է հայտ ներկայացնել` անդամակցելու Մաքսային միությանը, Եվրասիական միությանը:
- Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված քննադատությունները չեն դադարում, թե ինչու հենց այդ պահին նա չարձագանքեց Նազաբաևին: Ի՞նչ եք կարծում` Նազարբաևին պատասխանելը չէ՞ր ամրապնդի Հայաստանի դիրքը Եվրասիական միությունում:
- Պետք է լինել տվյալ մթնոլորտի մեջ` պատկերացնելու իրավիճակն ու գնահատելու` ճիշտ կլիներ պատասխանե՞լ, թե՞ ոչ: Դրա մասին կարող է խոսել մի մարդ, ով ներկա է եղել այդ նիստին, տիրապետել է մթնոլորտին: Ցանկացած վարքագիծ դրսևորվում է` ելնելով գոյություն ունեցող իրավիճակից: Հեռվից շատ հեշտ է կանգնել ու ասել` Ս. Սարգսյան, ինչո՞ւ չպատասխանեցիր, բայց երբ ներսում ես լինում, այնտեղ ուրիշ վիճակ է, ու քո վարքագիծը պայմանավորում ես այդ ներքին մթնոլորտով: Երեք նախագահներն էլ ասացին, որ իրենք համաձայն են Հայաստանի անդամակցությանը, դա փաստ է: Հայաստանի նախագահը կատարեց իր միսիան` երեքի համաձայնությունը ստացավ:
- Պարոն Շիրխանյան, փաստն այն է, որ նամակն ընթերցվել է: Ճիշտ չէ՞ր լինի, եթե Ս. Սարգսյանը հայտարարեր, որ Ալիևն իրավունք չունի նամակներ գրել մի կառույցի, որի անդամը չէ, տնտեսական միությանն անդամակցելը պետք չէ կապել Ղարաբաղի հետ և այլն:
- Իհարկե, կարելի էր: Դա կլիներ դիվանագիտության լիկբեզի դաս Նազարբաևին և կնշանակեր իջնել նրա մակարդակին… Բայց արժե՞ր:
- Դուք` որպես ՊՆ նախկին փոխնախարար, ինչպե՞ս կպատասխանեիք:
- Ես փոքր-ինչ անզուսպ եմ: Բայց երբեմն զուսպ լինելը ճիշտ է:
- Այսինքն` միջազգային հանրությունը թյուր չի՞ ըմբռնի մեր լռությունը և չի՞ կարծի, որ Հայաստանը համաձայն է Նազարբաևի հնչեցրած տարբերակին:
- Իհարկե ոչ: Եթե որևէ մեկն ասում է, թե Մաքսային, Եվրասիական կամ Եվրամիությանը անդամագրվելով` մենք վերջնական լուծում ենք տալու Ղարաբաղի հարցին, կամ մեզ է խաբում կամ ինքն իրեն է խաբում: Անհնար է ղարաբաղյան կոմֆլիկտը լուծել այս կամ այն միությանը միանալով: Ո՞վ է մեզ ասում, որ այ եթե Եվրամիություն մտնեինք, Ղարաբաղի հարցը կլուծվեր, չէ, սուտ բան է դա: Հակառակը` և́ Եվրոպան և́ ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցի կարգավորման շատ ավելի կոշտ դիրքորոշումներ ունեն: Ղարաբաղը ինքնիշխան, ազատ երկիր է ու ինքը կարող է դիմել միությանն անդամակցելու համար, ի՞նչ է եղել:
- Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Ս. Սարգսյանը, երբ ասում էր, որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:
- Այո, նպաստելու է, բայց ոչ լուծելու: Մաքսային միությունը անվտանգության համակարգ չի:
- Հնարավո՞ր է, որ մաքսակետեր դրվեն Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև:
- Չեմ կարծում: Հիմա մենք ԱՀԿ անդամ ենք միայն Հայաստանի սահմաններով` առանց Ղարաբաղի, բայց անցակետ կա՞` չկա: Ղարաբաղը պետություն է, կարող է մի օր ինքը ասել` ես անցակետ եմ դնում: Եթե Ղարաբաղը տեսնի, որ Մաքսային միությունը Հայաստանին ոչ թե օգուտ է, այլ` վնաս, ինչը բացառվում է, կարող է մի օր հայտարարել, թե մաքսակետ եմ դնում: Ենթադրենք, որ մաքսակետ եղավ. հետո ի՞նչ, դա հո բեռլինյան պատը չի: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում:
- Տարաբնույթ գնահատականներ հնչեցին այն մասին, որ Հայաստանի կեցվածքը Աստանայում անարժանապատիվ էր, նվաստացուցիչ, խեղճ, որովհետև մենք մտնում ենք մի միություն, որի անդամ-պետություններ Ղարազխստանն ու Բելառուսը ցանկություն չունեն մեզ տեսնել այնտեղ: Դուք նման տպավորություն չստացա՞ք:
- Ես ընդունում եմ միայն այն, ինչ լսել եմ ու չեմ շարժվում տպավորություններով: Իսկ լսել եմ ես այն, որ բոլոր երեք նախագահները հայտարարել են` համաձայն ենք, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը: Իսկ նվաստացողն այնտեղ եղել է միայն Նազարբաևը, ով իրեն թույլ է տվել նման վեհաժողովում անկապ քայլ անել «ընկերոջ խնդրանքով»: Կարծում եմ` ինքն էլ հասկացել է, որ անթույլատրելի բան է արել: Ես ունեմ այլ մտահոգություն այս նամակի շուրջ՝ այն կարող է դառնալ վատ նախադեպ: Հետագայում կարող է մի ընկերոջ ընկեր նամակ տա` օրինակ հակառուսական, հակաբելառուսական, հակաղազախական ու ասի` կարդա… Դա, իհարկե, հետևանք չի ունենա, բայց կարող է անլրջացնել, իջեցնել հարյուր միլիոնավոր մարդկանց համար այդքան սպասելի կառույցի վարկանիշը: Նման նախադեպ չպետք է թույլ տրվեր: Նազարբաևը արջի ծառայություն է մատուցել իր ընկերոջը: Դիվանագիտության պատմության մեջ դա նշվելու է որպես անթույլատրելի պահվածքի օրինակ:
- Գաղտնիք չէ, որ Եվրասիական միությունը նպատակ ունի հակակշիռ դառնալ Եվրամիությանը: Ըստ Ձեզ` Եվրասիական միությունն այս կազմով կարո՞ղ է դառնալ հակակշիռ:
- Ես շատ եմ ուզում, որ հակակշիռ ստեղծվի, շատ եմ ուզում, որ լինի բալանսավորում: Աշխարհում խախտված է հավասարակշռությունը, բալանսը, իսկ դա ողբերգություն է: Հարավսլավիան, Հյուսիսային Աֆրիկան, Իրաքը, Սիրիան, Ուկրաինան այդ խախտված բալանսի հետևանքներն են: Ուժեղները չեն ուզում, որ բալանսը վերականգնվի, ամեն կերպ դիմադրում են դրան: Եթե այդ միությունը կայանա այն կանոններով, որոնցով նախատեսված է, ես կարծում եմ, որ դա կլինի բալանսավորման սկիզբը, իսկ եթե դրան հետագայում միանան Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ, դա կլինի նոր, միջազգային բոլոր գործընթացները հավասարակշռող հզոր բևեռ:
- Հայաստանի համար ռիսկային չէ՞ այդ ճանապարհը, երբ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադբեջանին` չմտածելով Հայաստանի անվտանգության մասին:
- Ադրբեջանը զենք գնել է Իսրայելից, Պակիստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Լեհաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, նաև` ՌԴ-ից: Նա զինվում է Թուրքմենստանի դեմ, Իրանի դեմ, մեր դեմ, Ռուսաստանի դեմ ... Զենքի վաճառքը բիզնես է, ստրատեգիական դաշնակցությունը` հավատարմություն անվտանգության ապահովման մեջ: Ուստի ես անվտանգությունն ու սպառազինումը տարանջատում եմ: Անվտանգության համակարգն իր խնդիրներն ունի, զենքի վաճառքը` իր: Այո, ես չէի ցանկանա, որ ՌԴ-ն այդքան զենք տված լիներ հենց Ադրբեջանին, բայց դա միջազգային առևտուր է, որը բարոյականությունից դուրս է. շահույթ է հետապնդում, չէ՞: Ես դրա մեջ վտանգ չեմ տեսնում: Թող զինվի…
Լուսանկարը` mediamax.am-ի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել