HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակն անվստահությո՞ւն կհայտնի Հ. Աբրահամյանի կառավարությանը, եթե նա չիրականացնի 12 պահանջները

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

- Քառյակը 12 կետանոց պահանջների ցանկ է ներկայացնելու իշխանությանը: Ըստ Ձեզ՝ իշխանությունը կարո՞ղ է իրականացնել դրանք:

- Չեմ ուզում չակերտները բացել, բայց ասեմ, որ կան կետեր, որոնք քաղաքական են, կան կետեր, որոնք տնտեսական են: Եկեք չշտապենք: Հաջորդ շաբաթվա սկզբում քառյակը մամուլի ասուլիսով հանդես կգա ու կբացի կետերը, ես լիազորված չեմ դրանք բացել:

- Առանց բացելու կետերը՝ կարո՞ղ եք ասել, թե արդյոք իշխանության կողմից իրականացվող պահանջներ են դրանք:

- Հա, չեմ բացելու: Կետեր կան, որոնք կարող են իրականացնել, կետեր կան, որոնք չեն կարող: Այնպես չէ, որ ի վերուստ չի իրականացնի: Եթե իշխանությունը կամ կառավարությունը խնդիրը դնում է ռադիկալ, կարող է իրականացնել, իսկ եթե չի գնա ռադիկալ փոփոխությունների եղանակով, չգիտեմ՝ չի իրականացնի:

- Այդ դեպքում ի՞նչ նպատակ եք հետապնդում՝ այդ կետերը կառավարությանը ներկայացնելով, ի՞նչ խնդիր եք ուզում դրանով լուծել:

- Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս վիճակից շահեկան դուրս գա: Քառյակի քաղաքական օրակարգը հիմնված է պետության, ժողովրդի կենսամակարդակի արագընթաց, արմատական, բարելավման ուժեղացման շարժառիթներով: Մենք հատուկ մի բան չենք մտածել, որ իշխանությանը դնենք եսիմ ինչ վատ վիճակի մեջ: Չէ, մենք պետականամետ ենք: Բացարձակ սխալ են այն կարծիքները, որ մենք այնպիսի պահանջներ ենք դնում, որ կառավարությունը չանի: Ես միանշանակ հերքում եմ այս տեղեկությունները, հակառակը, մենք ելնում ենք մեր պետության մեր ժողովրդի շահերից:

- Օգնո՞ւմ եք կառավարությանը:

- Չէ, օգնելու բան չէ: Մենք ասում ենք՝ սա է ճիշտ ճանապարհը, սրանով շարժվեք: Իհարկե, այս 12 կետերը ամբողջ սպեկտորը չեն փակում: Դրանք միայն մեխերն են, որոնց վրա պետք է հենվեն մյուս քայլերը, բայց մենք ներկայացնում ենք դրանք, որ շարժվեն այդ ճանապարհով:

- Պահանջներ ներկայացնելով իշխանություններին՝ հնարավո՞ր է, որ քառյակը ցանկություն ունի մասնակից դառնալ կառավարման գործընթացին:

- Ոչ, բացարձակ, եթե մենք նման ցանկություն ունենայինք, կգնայինք կոալիցիա:

- Նկատի չունեմ՝ ստանձնեք ամբողջական պատասխանատվություն: Երբ հուշում եք կառավարությանը ճիշտ ճանապարհը, ինչպես ասացիք, ըստ էության, չե՞ք մասնակցում կառավարման պրոցեսին:

- Չէ: Տեսեք, կա ընդդիմություն և կա իշխանություն, կան ոչ իշխանական ուժեր, կան իշխանական ուժեր: Երկուսն էլ պետք է փորձեն մասնակցել պետականաշինությանը: Մասնակցել ասելով՝ նկատի չունեմ, որ քառյակը պետք է գործադիրի դեր ստանձնի, ոչ: Իշխանությունը պետք է զգա, որ կա ամուր, պետականամետ մի հենք, ուժ, որն անըդհատ ստիպելու է, որ չլճանաս, որ քաղաքական մենաշնորհ չլինի, որ իշխանությունը ճիշտ աշխատի, արդյունավետ: Մենք զգոն ենք պահում իշխանությանը, որ իրենք անընդհատ իմանան՝ հենց սխալվեն, դա արձանագրվելու է: Կա սխալների չափ. այն պահանջները, որոնք մենք ներկայացնում ենք, դրանք իրականություն դարձնելով, սխալվելու հավանականությունը փոքրանալու է:

- Չե՞ք կարծում, որ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այդ մասին էր խոսում, երբ ասում էր, որ աջ և ձախ ձեռքերը՝ ընդդիմությունն ու իշխանությունը, պետք է համագործակցեն միմյանց հետ: Հիմա համագործակցության առաջին քայլերն են արվո՞ւմ:

- Չէ: Պահանջը դնում ենք, պետք է տեսնենք՝ ինչ կլինի: Մոտավորապես 4-5 ամսվա ընթացքում երևալու է, թե իշխանությունը երկչոտ փոքրիկ քայլեր կանի՞, թե՞ արմատական փոփոխություններ: Շատ կարևոր է վարչապետի անձը: Եթե ժողովուրդը ընդունում է նրան, ապա վեկտորը ճիշտ կտանի: Իսկ հիմա դեռ շուտ է խոսել այդ մասին՝ անձն ըդնունվե՞լ է, թե՞ ոչ: Վարչապետը պետք է երկու-երեք ամիսը մեկ հանդես գա կոչով, դիմի ժողովրդին, ասի, որ ես որպես գործադիրի ղեկավար ունեմ ֆինանսական այս-այս, մարդկային այս-այս ռեսուրսները, բյուջեն սա է, ու կարող եմ երկու ամսում լուծել այս հարցը, չորս ամսում այն մյուս հարցը և այսպես շարունակ: Նա պետք է ազնիվ, շիտակ ժողովրդին դիմի, ասի, որ ռեսուրսը սա է, կարող եմ անել սա, եթե չեք ուզում՝ թող գա մեկ ուրիշը: Այն պահանջները, որոնք կդրվեն մեր կողմից, համոզված եմ, որ կքննարկվեն: Ինձ համար կարևոր է նաև այն, որ վարչապետը քաղաքական հարցերում ազդեցություն ունենա, որպեսզի այդ մենաշնորհը հաղթահարվի:

- Եթե այդ 12 կետերը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իրականացվեն, նա ընդունելի՞ կդառնա քառյակի համար:

- Եկեք «եթե»-ով չխոսենք: Քաղաքականության մեջ «եթե»-ով չեն խոսում:

- 12 կետերն իրականացնելու համար մինչև աշուն ժամանակ եք տվել կառավարությանը, բավարա՞ր է:

- Այո, կետեր կան, որոնք կապ չունեն ժամանակի հետ, կամքի հետ են կապված ու կարող են արագ լուծվել:

- Եթե Հ. Աբրահամյանն այդ 12 կետերը չիրականացնի, անվստահություն եք հայտնելո՞ւ նրան:

- Առաջ չանցնենք: Կգա ժամանակը, կիմանաք:

- Ինչո՞ւ է քառյակի համատեղ հանրահավաքը, որը պլանավորել էիք անցկացնել դեռ անցյալ ամիս, պարբերաբար հետաձգվում: Տեսակետներ են հնչում, որ քառյակն այդ կերպ ժամանակ է շահում: Այդպե՞ս է:

- Ի՞նչ է նշանակում ժամանակ շահել: Քառյակն ունի իր օրակարգը ու դրանով շարժվում է: Ախր հանրահավաքը մի առանձին կղզիացած էպիզոդ չէ, դա ընդհանուր քաղաքական գործընթացների մի մասնիկն է: Հիմա ի՞նչ անենք, հանրահավաքը այդ ամբողջ գործընթացից հանե՞նք, առանձինանե՞նք:Դա ամբողջ սցենարի մասն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter