HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի բանտի մոտ եթե մեկը մեզ տեսներ, կկարծեր՝ կամ բոմժ ենք կամ խելագար

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Սկիզբը

Եթե 10 տարի առաջ՝ 2004թ. դեկտեմբերի 11-ին կեսգիշերին մոտ Գորիսի բանտի մոտ մեկը տեսներ մեզ՝ Սողոմոնին ու ինձ, կկարծեր` կամ բոմժ ենք կամ խելագար: Չէինք կարողանում զսպել մեր ուրախությունը, ազատ մարդ լինելու ուրախությունը:  Հագնված էինք շատ թեթև, որ շարժվելը հնարավոր լիներ: Մի օր առաջ առատ ձյուն էր եկել, բայց Սողոմոնը թեթև «բարցովկաներով» էր, ես էլ`հետևը փակ կիսասպորտային «հողաթափերով». միայն այդպես կարող էինք անձայն տեղաշարժվել թիթեղներով պատված տանիքի վրայով:

Խրվելով ձյան մեջ`արագ հեռանում էինք բանտի տարածքից: Վազում էինք մի քանի մետր, հետո դանդաղեցնում քայլերը, որ բանտից փախածների տպավորություն չթողնեինք: 20 րոպե չէր անցել, երբ Սողոմոնը գտավ իր հեռու բարեկամներից մեկի տան տեղը. ներս հրավիրեցին, հյուրասիրությունից հրաժարվեցինք`մեկ րոպե ավել Գորիսում մնալը վտանգավոր էր: Հագանք մեզ առաջարկված բարակ, աշնանային պլաշները, որոնցով հաստատ մեզ կնմանեցնեին նախորդ դարի 30-ականներին Չիկագոյի փողոցներով քայլողների:

Դուրս եկանք փողոց: Րոպեներ անց տաքսի նստեցինք՝ ես` վարորդի կողքին, Սողոմոնը`հետևում. ոտքերս ձգել էի առաջ, որպեսզի վարորդը չնկատի, որ ձմեռվա կեսին անհասկանալի թեթև կոշիկներ եմ հագել: Ասացինք, որ րոպե առաջ պետք է Երևան հասնենք, դեպք է պատահել, գիշերվա կեսին իմացանք ու միանգամից տնից դուրս եկանք: Լավ է, որ վարորդն առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց: Ով կմտածեր, որ Գորիսի բանտից փախած երկու դատապարտյալ ոչ թե պետական սահման կանցնեն, այլ Երևան կգան: 

Ճանապարհը երկար էր, վարորդներն էլ չեն սիրում լուռ ճամփա գնալ: Հանկարծ նա սկսեց պատմել Ղարաբաղյան պատերազմի տարիների մասին: Ես քարացա, Սողոմոնն էլ: «Եթե Սողոյին ճանաչի, կորած ենք»,- մտածեցի ես՝ հաշվի առնելով, որ Սողոմոն Քոչարյանը հետախույզ է եղել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երկու անգամ վիրավորվել, կոնտուզիա տարել: Իսկ վարորդը հակառակի պես անընդհատ պատերազմից էր պատմում: Հիշեց իրենց ջոկատի բոլոր տղաներին՝ անուն առ անուն: Մեկ էլ թե.

-Սաշային բա՛ ո՞նց չհիշեմ, ախր, ազիզ տղա էր, իսկական անունն էլ՝ Սողոմոն: Գիտեք` հետախուզական ջոկատի հրամանատար էր, ինքն ա ինձ կրակել սովորեցրել, ես  15 տարեկան տղա էի էդ ժամանակ: 

-Ինչո՞ւ ես ասում՝ Սողոմոնը լավ տղա էր, ի՞նչ ա եղել նրան,- հարցրեց Սողոմոնը՝ փորձելով զսպել հուզմունքը:

-Է՛հ, գնդակահարության հոդվածով փակեցին բերդում, թուրքի էր սպանել… ախպեր ջան, խեղճ Սողոն թուրքի դեմ կռվեց, քանի անգամ ծանր վիրավորվեց, հետո թուրք սպանելու համար մահապատիժ տվեցին…բա եղա՞վ… 95 թիվն էր երևի, զինադադարը նոր էր, Իրանից ֆուռերով պեչենի ու եսիմ ինչ էին բերում Հայաստան: Մի դատարկ ֆուռ հետ էր գնում Իրան, շոֆեռն էլ ազգությամբ թուրք` Ղարաբաղում մեր դեմ կռված: Մի խոսքով`Սողոն սրա ձեռին ա կրակում, սա ընկնում ա, գլուխը կպնում ֆուռի անկյունին`մեռնում: Ասում էին, որ էդ ֆուռով Իրանից Հայաստան մեծ քանակությամբ նարկոտիկներ էին բերում, չգիտեմ…

- Բա հիմա որտե՞ղ ա Սողոն, ի՞նչ եղավ հետը,- հարցրեց Սողոմոնը: 

- Դե՛, ասում են`մահապատիժը փոխել են ցմահով, երևի սաղ ա, գոնե ներում տան էդ մարդուն…

Սողոմոնն ու վարորդը ամբողջ ճանապարհին պատերազմից էին խոսում, տարբեր ընդհանուր ծանոթների գտնում:

- Բա որտեղի՞ց ես ճանաչում էդ տղերքին,- զարմացավ տաքսու վարորդը:

- Ես էլ եմ պատերազմին մասնակցել,- պատասխանեց Սողոմոնը: 

Ես շունչս պահած շարունակում էի լսել երկու «անծանոթների» զրույցը:              

Զրուցելով Երևան հասանք: Երբ մեքենայից իջանք, երկար նայեց մեզ. չգիտեմ`գլխի ընկա՞վ, թե՞ չէ, բայց երբ արդեն մի քանի քայլ հեռացել էինք, բարձր  ու սրտանց ասաց. 

- Աստվա՛ծ ձեր հետ, տղե՛րք ջան… 

Առայժմ կավարտեմ Գորիսի բանտից մեր փախուստի մասին պատմությունները, իսկ Երևանի «Նուբարաշեն» կլոր բանտից «դուրս գալու» մասին դեռ կլռեմ… 

Վերջերս կարդում էի կամրջաշինարար Կոնստանտին Քեչեկի հուշերը, ով 1940-ականներին անցել է համակենտրոնացման ճամբարներով՝ լինելով գերու կարգավիճակում: Նա գրում է, որ գերին ուներ փախուստի իրավունք: Եվ եթե նա ռեյխի զինվոր չէր սպանում կամ վնասում, նրան չէին պատժում: Գերության մեջ Քեչեկը աշխատել է, զբաղվել գիտությամբ: 

Իսկ 21-րդ դարի Հայաստանում բանտից մեր 2 փախուստներն արժեցան ևս 15 տարվա պատժաչափ՝ մի քանի օր ազատության օդը շնչելու համար: Այն դեպքում, երբ որևէ զանցանք չենք գործել ազատության մեջ և բանտերից հեռանալիս: Շատ կուզենայի, որ իշխանություններն անդրադարձ կատարեն Սողոմոնի և իմ ճակատագրերին, քանի որ մեր փախուստները 90-ականների սկզբին կայացված ակնհայտ անարդար մահապատժի դատավճիռների հետևանք են:

Կորցնելով հույսը` արդարության հասնել օրինական եղանակով, մենք դիմում ենք նման ծայրահեղ քայլի`վտանգելով մեր սեփական կյանքը և ոչ երբեք մեզ ստիպված այստեղ պահող բանտի աշխատողների: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Մի օր հնչելու է` ,,Ազգային հերոս Սողոմոնին, Մհերին և նրանց նմանների դեմ անարդար մահապատիժ կամ ցմահ բանտարկություն ձևակերպողներին Հայաստանի անունով դատապարտում եմ գնդակահարության:,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter