
Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնական եւ հիմա 682 միավորով 38-րդն է աշխարհում: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում Շալանդի սաները 4-3 հաշվով հաղթել են ԱՄԷ-ին եւ 1-3 պարտվել Ալժիրին: Ընդ որում՝ Ալժիրը 3 տեղով առաջ է գնացել ու հիմա 22-րդն է, իսկ ԱՄԷ-ն 5 տեղով նահանջել է 72-րդ հորիզոնական:
Համաշխարհային ցուցակի առաջին երկու տեղերում փոփոխություն չկա. Իսպանիա, Գերմանիա, երրորդ տեղ է բարձրացել Բրազիլիան, որի փոխարեն մեկ տեղ իջել է Պորտուգալիան, հաջորդում են Արգենտինան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Կոլումբիան, Իտալիան, Անգլիան:
«Եվրո-2016»-ի մեր առաջիկա մրցակիցներից լավագույնը, բնականաբար, Պորտուգալիան է (4), Դանիան (23) ու Սերբիան (30) տեղաշարժ չեն գրանցել: Ալբանիան 4 տեղով բարձրացել է 66-րդ հորիզոնական: Մեր խմբի պահեստային մրցակից Ֆրանսիան 1 կետով նահանջել է 17-րդ տեղ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է (16), որին հաջորդում է Ռուսաստանը (19): Մյուս երկրները զիջում են Հայաստանին: Տարածաշրջանում լավագույնը թուրքերն են, որոնք 4 կետով առաջադիմել են ու հիմա 35-րդն են, Իրանը 6 տեղով հետ է գնացել 43-րդ հորիզոնական: Ադրբեջանը 83-րդն է (+2), իսկ Վրաստանը՝ 96-րդը (+7):
Վաղը՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Հայաստանի հավաքականը երրորդ ընկերական խաղում ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ, որը վերջին փորձախաղը կանցկացնի աշխարհի առաջնություն մեկնալուց առաջ: Հանդիպումը տեղի կունենա Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում:
Մեկնաբանել