Խոսրով Հարությունյան. «Հանրապետականը չունի ԲՀԿ-ին ԱԺ-ում կաշկանդելու, ԲՀԿ- ի թևերը կապկպելու, ԲՀԿ-ին սանձելու անհրաժեշտություն»
«Հետքի» հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը
- ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Բայց, ըստ նրա, Ս. Սարգսյանի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձևավորել ՀՀԿ-ի հետ, թեև համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի և 4–5 մարզպետի պաշտոն։ Ինչո՞ւ ՀՀԿ-ին չհաջողվեց «կապել» Գագիկ Ծառուկյանի ձեռքերը:
- Իշխանությունը երբևէ նպատակ չի ունեցել կապել Գագիկ Ծառուկյանի ձեռքերը: Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում անակնկալ էր: Միգուցե Տիգրան Սարգսյանի հրաժարականը շատերի համար էր անակնկալ, բայց Հ. Աբրահամյանի նշանակումը քաղաքական դաշտի համար սպասելի էր: Հ. Աբրահամյանը ՀՀԿ-ում վաղուց ունի պատասխանատու դերակատարում և իր անցած ուղով, փորձառությամբ, հմտությամբ, ինքը համապատասխանում է այդ պաշտոնին, այնպես որ չեմ կարծում, որ Գ. Ծառուկյանի ձեռքերը կապելու նպատակը գերակա է եղել: Գուցե հաշվի է առնվել այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կստանա ԲՀԿ-ի եթե ոչ լիարժեք, ապա գոնե ըմբռնումով մոտեցումը նշանակվելու պարագայում՝ հաշվի առնելով նրա և ԲՀԿ ղեկավարի կապերը, բայց կրկնում եմ, որ սա չէր կարող գերակա մոտեցում լինել: Ես համոզված եմ, որ Հանրապետականը չունի ԲՀԿ-ին ԱԺ-ում կաշկանդելու, ԲՀԿ-ի թևերը կապկպելու անհրաժեշտություն:
- Ինչպե՞ս կարող է չունենալ, երբ ԲՀԿ-ն ԱԺ-ում երկրորդ ուժն է իր մեծությամբ ու կոալիցիայից դուրս գալուց հետո բավական մեծ խնդիրներ է ստեղծել ՀՀԿ-ի համար՝ անգամ քվորում ապահովելու հարցում:
- Եթե դուք հետևեք ՀՀ կուսակցության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարություններին խոշորացված, երկբևեռ համակարգի մասին, ապա ձեզ համար տեսանելի կդառնա, որ նման երկբևեռ համակարգ կարող է ստեղծվել քաղաքական խոշոր կառույցների շրջանակում: Բևեռներից մեկը կարող է դառնալ ԲՀԿ-ն: Այնպես որ դժվար է ենթադրել նման քաղաքական թեզ, թե ՀՀԿ-ն ուզում է կապել ԲՀԿ-ի ձեռքերը, մի կուսակցության ձեռքերը, որը կարող է երկբևեռ համակարգի կայացման ճանապարհը կերտել:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում որոշումներ կայացնելուն, ապա ասեմ, որ ՀՀԿ-ն ինքնուրույն, առանց որևէ մեկի աջակցության ունակ է որոշումներ կայացնել: Ուստի որևէ հիմք չեմ տեսնում Հովիկ Աբրահամյանի նշանակումն ու ԲՀԿ քաղաքական սանձումը կապել միմյանց: Կաշկանդել ԲՀԿ-ին, կապել ԲՀԿ-ի ձեռքերը, նշանակում է նրան դարձնել քո համակիրը: Իսկ Հ. Աբրահամյանը նշանակվել է իր փորձառության, հմտության պատճառով: Արդյոք, դրանից զատ, որպես հավելյալ առավելություն կարո՞ղ էր նկատի առնվել այն, որ ԲՀԿ-ն ավելի ըմբռնումով կմոտենա Հ. Աբրահամյանի կառավարությանը, հնարավոր է:
- Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ի կողմից հիմա կա այդ ըմբռնումը կառավարության հանդեպ:
- Հիմա ես տեսնում, որ ԲՀԿ-ն հակառակը՝ շատ հարցերում կոշտ է, սկզբունքային: Եվ մի բան փաստ է. ԲՀԿ-ն իշխանության հետ չէ, քառյակում է՝ այն էլ առանցքային դերում:
- Նույնքան կոշտ է, որքան Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանա՞կ:
- Ժամանակը ցույց կտա... Պարոն Աբրահամյանն ընդհամենը մեկ ամսվա վարչապետ է: Որպես կանոն կա 100 օրի ինստիտուտը, ու կարծում եմ, որ ինչպես ԲՀԿ-ն կարող է սպասել 100 օրը լրանալուն, այնպես էլ ոչ իշխանական քաղաքական մյուս ուժերը կարող են սպասել դրան:
- Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսել է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Իշխանությունը ԲՀԿ-ի համար ծուղա՞կ է նախապատրաստել:
- Գիտեք, ես կարծում եմ, որ մարդիկ երբեմն ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն: ՀՀԿ-ին միշտ փորձել են մեղադրել տարբեր տեսակի ծուղակների մեջ գցելու համար: Եվ ոչ միայն ՀՀԿ-ին՝ ՀԱԿ-ին ևս: ՀԱԿ-ը նստեց բանակցությունների շուրջ, խորհրդարանական մեծամասնությունը այդ քայլը որակեց որպես նոր մշակույթի ձևավորման հեռանկար խոստացող քաղաքական վարքագծի դրսևորում, բայց հետո ՀԱԿ-ը, ցավոք սրտի, հետ կանգնեց բանակցություններից՝ դառնալով իր կողմից առաջ քաշած լոզունգների պատանդը: ՀԱԿ-ն ասում էր, որ ավազակապետություն է, բայց նստում բանակցում էր ավազակապետության հետ: Այդ ժամանակ բերեցին մի արդարացում, թե իշխանությունները հատուկ ստեղծեցին մի ծուղակ, բայց նման բաներ չկա... Ի՞նչ ծուղակ: Քաղաքական պայքար է, ամեն մեկը փորձում է իր արսենալն օգտագործել ու դիմացինը պետք է մտածի, որ հանկարծ ինքը չհայտնվի վատ դրության մեջ, ինքը չդառնա իր իսկ կարգախոսների գերին, իր իսկ լոզուգների մերժողը: ԲՀԿ-ի համար ծուղակներ չեն նախապատրաստվում: Եթե ԲՀԿ-ն համարում է, որ ծուղակ է, թող չհայտնվի այդ ծուղակում: ՀՀԿ-ի խնդիրը ինչ-որ մեկին ինչ-որ տեղ ներքաշելը, ծուղակներ, կապկաններ ստեղծելը չէ:
- Քառյակը 12 կետանոց պահանջներ է ներկայացնելու իշխանությանը: Հնարավոր համարո՞ւմ եք դրանց չիրականացման պարագայում քառյակը պահանջի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Նման սցենարի զարգացման վտանգ չե՞ք տեսնում:
-Չէի ասի, որ դա վտանգ է, բայց նման զարգացումները, իհարկե, չեն բացառվում: Եթե այդ պահանջները տեղավորվում են բանականության մեջ, չեմ կարծում, որ կառավարությունը պակաս մտահոգ է ու կարող է չիրականացնել դրանք: Հանրության մտահոգ կյանքով շահագրգռված չէ միայն ընդդիմությունը, առավել ևս երբ նրանցից շատերը եղել են իշխանության ու մենք այդ իշխանությունը շատ լավ հիշում ենք, դրա համար պետք չէ սրբի թևերով ներկայանալ: Ես համագործակցության որևէ պրոբլեմ չեմ տեսնում, եթե դրանք լինեն բանականության մեջ, իսկ եթե լինեն ոչ իրականանալի…
-Իշխանությունները չե՞ն կաշկանդի ԲՀԿ-ին պահանջել Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
-Ոչ, հավատացնում եմ ձեզ: ԲՀԿ-ն ինքը պետք է որոշի՝ ուզում է պահանջե՞լ հրաժարականը, թե՞ ոչ: Նրանք էլ կաշկանդված չեն, ո՞վ ասաց, որ կաշկանդված են: Բա այդ 12 կետն ո՞վ է մշակել, ո՞ւմ նախաձեռնությամբ է դա կազմվել, կենտրոնում եղել է ԲՀԿ-ն չէ՞ ու դրանք վերաբերում են կառավարությանը: Հիմա ինչպե՞ս կարելի է ասել, որ ԲՀԿ-ն կաշկանդված է…
-Այդ դեպքում իշխանությունը վտանգ կզգար ԲՀԿ-ից:
-Չէ, ինչու, մենք հակաշիռ ունենք, ու դա շատ լավ է: Շատ լավ է, եթե մենք ընդդիմության շնչառությունն անընդհատ մեր ծոծրակին զգում ենք: Սա շատ օգտակար է, ոչ վտանգավոր…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել