
Հրայր Թովմասյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն էլ է խայծ ԲՀԿ-ի համար
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, երեկ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, հայտարարեց, որ թե՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, ապա վստահություն հայտնեց, որ նրանք ոչ մի պարագայում «չեն կուլ տա այս խայծը»: Առաջին նախագահը նշել էր նաև, որ նրանք, ովքեր կաջակցեն սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնան «Հայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը»:
«Հետքը» Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում Լ. Տեր-Պետրոսյանի նախազգուշացմանը՝ չհամալրել «գերեզմանափորների» շարքերը և արդյոք ՀՀԿ-ն խայծ է նախապատրաստել ԲՀԿ-ի համար: «Ես չէ որ... Իմ քաղաքական փորձառությունը շատ փոքր է, որ ես գնահատական տամ քաղաքական նման փորձ ունեցող երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինքը հաստատ ինձանից լավ գիտի, թե ինչ է անում, և ես այդ գնահատականները բացարձակ չեմ մեկնաբանում»,- նշեց նա:
Հ. Թովմասյանն ասաց, թե ինքը ցանկանում է, որ նախկին նախագահները անկախ հայացքներից պետության շահի համար գործեն: «Իրաքում էր կարծես, երբ երկու նախագահներ տարբեր կուսակցություններից եկան, ինչը ցույց տվեց երկրի միասնությունը կարևոր հարցերի շուրջ՝ անկախ քաղաքական հայացքներից»,- հավելեց նա:
Մեր հարցին, թե ԲՀԿ-ի համար իշխանությունները խայծ են պատրաստել, թե ոչ, Հ. Թովմասյանն արձագանքեց այսպես. «Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև հակառակ մեկնաբանությունն էլ կա. Լ. Տեր-Պետրոսյանի ասածն էլ է խայծ ԲՀԿ-ի համար»:
Մեկնաբանել