HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային փառատոնի մրցանակները պատրաստում են մանկատան սաները

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի մրցանակները պատրաստում են ոչ թե միջազգային վարկանիշով մասնագետները, այլ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Մանկատան կավագործության խմբակի սաներն արդեն մրցանակի պատրաստի օրինակներ ունեն:

«Ես չոր կավը բերում եմ, իրենք մաղում, մշակում, տրորում են ու ստանում այն նյութը, որով կարող են աշխատել: Դրանից պատրաստում ենք ձկները, որոնք մնում, չորանում են այն աստիճանի, որ խոնավությունը չնչին է լինում, թրծում ենք հատուկ վառարանում 900°C ջերմաստիճանի տակ: Դրանից հետո նորից մշակում ենք, թրծում արդեն 920°C ջերաստիճանում և ներկում ենք»,- արձանիկ-ձկնիկների պատրաստման ընթացքն է ներկայացնում մանկատան կավագործության ուսուցիչ Սասուն Քոսակյանը:

Կավագործության խմբակ այցելող շուրջ 40 երեխաներից արձանիկների պատրաստմանը մասնակցում են 5-6-ը: Փառատոնի խորհրդանիշ ձկան արձանիկները պատրաստվում են կավից, իսկ որպես պատվանդան՝ ծառայում են հասարակ քարերը, որոնք ևս մշակում են երեխաները: Մանկատան սաներից մեկը՝ Համլետը պատրաստակամությամբ բացատրում է, թե ինչպես է աշխատում ու նշում է, որ ամեն ինչ անում են, որ «կարևոր արձանիկները լավ ստացվեն»:

«Ֆրեսկո» փառատոնի մրցանակաբաշխության օրն այդ արձանիկները կստանան շուրջ 10 անվանակարգերում հաղթող ճանաչված ֆիլմերի հեղինակները: Թե ում բաժին կհասնի արձանիկը, կորոշի փառատոնի ժյուրին, իսկ մինչ այդ փառատոնի հերոսները, շուրջ 40 հաշմանդամություն ունեցող երեխաներն են, որոնք ստանձնել են փառատոնի ամենաներկայանալի աշխատանքներից մեկի իրականացումը:

«Սահմանափակ կարողություններով երեխաների հետ աշխատանքը «Ֆրեսկոյի» համար ոչ միայն հաճելի, այլև սկզբունքային մոտեցում է: Սա մի կողմից փառատոնի եռուզեռին նրանց մասնակից դարձնելու ձև է, մյուս կողմից այսօր մեր երկրում խիստ արդիական խնդիրներին ոչ միայն խոսքով, այլև գործով մոտենալու հնարավորություն»,- ասում են փառատոնի կազմակերպիչները:

Արձանիկների հեղինակները խոստանում են` յուրաքանչյուր մրցանակ լինելու է եզակի: «Արդեն 15-20 օր է՝ աշխատում են: Կոտրում են, նորից են սարքում, ճաքում է, նորերն են պատրաստում, ու այդպես շարունակ: Չեմ կարծում, որ երկու արձանիկ իրար նման ստացվեն: Թեման նույնն է, բայց բոլոր աշխատանքներն իրարից տարբեր են, որովհետև նույնիսկ մեկ դետալի վրա մի քանի հոգի են աշխատում»,- ասում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը:

Տեղեկացնում են «Ֆրեսկո» փառատոնի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter