HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոտալիտար ռեժիմի մեծարման արձանը

Էդգար Վարդանյան

Ստալինյան ռեժիմի բաձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ազգությամբ հայ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երեւանի Ավագանու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել։ Չնայած, որ ներկայացվել է արձանը տեղադրելուն դեմ բազմաթիվ փաստարկներ, որոշումը կայացնողները չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը։

Քաղաքային իշխանությունները եւ նրանց սատարողները կողմ են արձանի տեղադրմանը, քանի որ, ինչպես իրենք են ասում, համոզված են, որ Ա. Միկոյանը անվանի պետական գործիչ է, որը մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին եւ հայերին ընդհանրապես եւ փրկել է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից։  

Մի պահ ենթադրենք, որ դա այդպես է։ Բայց Միկոյանը եղել է տոտալիտար պետության բարձրաստիճան պաշտոնյա, ստալինյան ռեպրեսիվ ռեժիմի բարձրագույն իշխանության գործադիր թեւի ներկայացուցիչ, մարդ, որի ստորագրությունը կա մարդկանց բնաջնջման, տեղահանման, հալածման մի շարք քաղաքական որոշումների տակ, որոնց իսկությունը ընդունված է նույնիսկ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության ներկայիս իշխանությունների կողմից։ Անաստաս Միկոյանը անձնական պատասխանատվություն է կրում այդ անմարդկային վարչակարգի գործողությունների համար։ Թեեւ նա  հետագայում հայտնել է, որ զղջում է դրանց համար, դա չի նշանակում, որ դրանով նա ազատվում է պատասխանատվությունից։  Եվ եթե նա իսկապես զղջացել է այդ անմարդկային արարքների համար, ապա հաստատ դեմ կլիներ իր արձանի տեղադրմանը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ շատերը նշում են, թե հիշատակված փաստաթղթերը, որոնցում կա Միկոյանի ստորագրությունը կեղծ են եւ որ նա, իրականում, հիմնականում դրական բաներ է արել։ Ընդհանրապես, նկատվում է, որ Միկոյանի մասին խոսելիս, նրա արձանի կանգնեցման կողմնակիցները հիմնականում հղում են անում կամ մինչգորբաչովյան խորհրդային շրջանի «պատմագիտությանը», կամ էլ ներկայիս Ռուսաստանի ստալինիստների, կայսերապաշտների, նացիոնալ-բոլշեւիկների առանձին հակագիտական ելույթներին եւ դրանով իսկ բացահայտում են սեփական արժեքային համակարգը եւ վերջինիս հիմքը, ազբյուրը։

Հետաքրքիր է նաեւ այն, որ այդքանից հետո վերոնշյալ անձինք խորհուրդ են տալիս չքննարկել, չդատել պատմական կերպարներին։ Բայց եթե չքննարկենք, չուսումնասիրենք, չդատենք, ինչպե՞ս ենք պարզելու՝ պետք է կոնկրետ պատմական կերպարին հարգել եւ նրա արձանը տեղադրել, թե ոչ։ Փաստացի, Միկոյանի արձանի տեղադրման կողմանկիցները առաջարկում են հանրությանը կուրորեն ընդունել վաղ սովետական շրջանի «պատմագիտությունը» եւ ռուսաստանյան ժամանակակից ստալինիստների, նացիոնալ-բոլշեվիկների, աջ պոպուլիստների հակագիտական պրոպագանդիստական գաղափարները։

Բայց զավեշտալին նաեւ այն է, որ այդ մարդիկ, որպես կանոն, համ էլ Նժդեհի գաղափարակից են իրենց համարում եւ ասում են, որ մատաղ սերունդը պետք է դաստիարակել նժդեհյան ոգով։ Այիսնքն, ստացվում է, որ այս մարդկանց հերոսներն են, մի կողմից՝ օրինակ, ստալինիստները, մյուս կողմից՝ վերջիններիս կողմից հալածված եւ դրանց դեմ զենքով պայքարի ելած եւ այդ գործի համար նույնիսկ հիտլերյան ռեժիմի հետ համագործակցած Նժդեհը եւ նրա զինակիցները (ի դեպ, Նժդեհի արձանը մինչ այսօր չկա մայրաքաղաքում):

Ակնհայտ է, որ տոտալիտար պետության որեւէ, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյայի արձանի կանգնեցումը հարիր չէ իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Տոտալիտար ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյայի արձանի տեղադրումը հավասարազոր է տոտալիտար ռեժիմը մեծարող հուշարձանի տեղադրմանը։ Իմիջիայլոց, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն ստալինյան ռեժիմը հավասարեցրել են հիտլերյան վարչակարգին, ուստի ժողովրդավարական եվրոպական պետություններում ստալինյան ռեժիմի քաղաքական գործիչների մեծարումը դիտվում է որպես տոտալիտարիզմի, մարդկության դեմ հանցագործությունների գովեստ։

Հաճախ նշվում է, որ չի կարելի ուրանալ ստալինյան վարչակարգի եւ նրա առանձին պաշտոնյաների կողմից իրականացված դրական քայլերը։ Հայտնի է, որ հիտլերյան վարչակարգը, նրա ղեկավարները ոչ պակաս, նույնիսկ ավելի դրական բաներ են արել այն ժամանակվա գերմանացիների համար, օրինակ, կառուցել են հիանալի ավտոբաներ, վերացրել են աղքատությունը, ապահովել են կայուն տնտեսական աճ եւ այլն։ Բայց այսօրվա դեմոկրատ գերմանացիների մտքով անգամ չի կարող անցնել նրանցից որեւի մեկի արձանը տեղադրել որեւէ վայրում։ Մարդիկ հասկանում են, որ պետության, մարդու կողմից իրականացված առանձին դրական քայլերը չեն կարող որեւէ կերպ փոխհատուցել վերջիններիս կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները։

Միգուցե, հաշվի առնելով կոնկրետ ժամանակահատվածի յուրահատկությունը, կարելի է ծայրահեղ խիստ չդատել տոտալիտար ռեժիմների պաշտոնյաներին, համարելով, որ, ինչպես օրինակ, նշում էր տոտալիտարիզմի տեսության հիմնադիր Հաննա Արենդտը, նրանք էլ այդ ռեժիմների յուրօրինակ զոհերն են։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է նրանց ներել ու առավել եւս մեծարել։

Իսկ միգուցե, քաղաքային իշխանությունները գտնում են, որ տոտալիտար, ռեպրեսիվ ռեժիմը վատ բան չէ։ Բայց եթե այդպես է, ուրեմն պետք է արձանագրենք, որ նման կերպ մտածողները հակապետական եւ հակաժողովրդական տարրեր են։ Հայ ժողովուրդը, երբ հիմնադրել է Հայաստանի Հանրապետությունը, այդ պետության հիմքում դրել է ժողովրդավարական արժեքները եւ բոլոր քաղաքացիները, քաղաքական ուժերը, պաշտոնյաները պարտավոր են հետեւել դրանց։ Տոտալիտարիզմի կողմնակից քաղաքական ուժը, կամ պաշտոնյան Հայաստանի Հանրապետության թշնամին է, նա օրենքից դուրս է։

Հնարավոր է, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են տեղադրել արձանը, քանի որ չեն համարում, որ Միկոյանը տոտալիտար պետության ներկայացուցիչ է՝ համոզված լինելով, որ ստալինյան ռեժիմը ռեպրեսիվ, հակամարդկային, հակադեմոկրատական չէր։ Բայց հակառակը ապացուցող փաստերը բազմաթիվ են եւ բազմապիսի եւ այն, որ ստալինյան ռեժիմը մարդկության դեմ հանցագործություններ է իրականացրել ընդունվել է միջազգային հանրության, նույնիսկ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների կողմից։ Ուստի ասել, որ ստալինյան ռեժիմը դրական երեւույթ էր դա տգիտություն է եւ/կամ ծայրահեղ ցինիզմ։

Ինչեւէ, արձանի տեղադրումը կլինի եւս մեկ ապացույցը, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որ վարչախումբը չի հարգում մարդու իրավունքները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter