Գյուղապետի միակ թեկնածու, գործող ԲՀԿ-ական գյուղապետը ընտրություններին բացակայում է գյուղից
Մարինե Մարտիրոսյան
Անի Հովհաննիսյան
Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում այս պահին գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներին ուղղված մեր հարցին, թե որտեղ են ընթանում ընտրությունները, նրանցից ոմանք նույնիսկ տեղյակ չէին իրադարձության մասին:
Գյուղապետի միակ թեկնածուն գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Ավետիս Մուրադյանն է, ով 1997թ.-ից մինչ օրս ղեկավարում է Գետամեջը: Գյուղապետը գյուղում չէ, իսկ հեռախոսահամարն անընդհատ անհասանելի է: Ավետիս Մուրադյանի մայրը «Հետքին» հայտնեց, որ վերջինս մեկնել է Իջեւան` բանակում ծառայող որդուն տեսակցության: Գյուղապետի տան դիմաց երեք ֆիրմային մեքենաներ կային. «Մեկը՝ մեծ թոռանս, մյուսը` տղայիս, էն մեկն էլ` ամուսնուս մեքենան է»,- «Հետքին» հայտնեց գյուղապետի մայրը: ԲՀԿ-ական մեկ այլ թեկնածու` Սասուն Մինասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ է հայտարարել:
![]() |
Ժամը 15:40-ի դրությամբ 603 ընտրողներից մասնակցել են 62-ը` մոտ 10 տոկոսը: Ընտրություններն ընթանում են առանց դիտորդների` հանձնաժողովի կազմում 9 անդամների մասնակցությամբ: Նրանց մեծ մասը Կոտայքի մարզի տարբեր քաղաքներից եւ գյուղերից են` Աբովյան, Նոր Հաճն, Չարենցավան եւ այլն: Ընտրողների պասիվ մասնակցությունը հանձնաժողովի անդամները պայմանավորում են գյուղացիների զբաղվածությամբ:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գոհար Պետրոսյանը «Հետքին» հայտնեց, որ ընտրությունն ակտիվանում է հիմնականում 18:00-ից հետո: Գետամեջում հիմնականում ամառանոցներ են, որոնց բնակիչները գրանցված են գյուղում, սակայն ապրում են Երեւանում եւ այլուր: Գյուղն ունի մոտ 850 բնակիչ. ապրելու հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է:
Նկատենք նաեւ, որ չնայած պասիվ մասնակցությանը` ընտրատեղամասի բակում ավտոմեքենաների մեծ շարժ էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել