HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ական գյուղապետն ասել է, որ առանց անձնագրի էլ կարելի է ընտրել

Մարինե Մարտիրոսյան
Անի Հովհաննիսյան

Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում այս պահին ավագանու ընտրություններ են: Քիչ առաջ ընտրատեղամաս մտան 50-անց մի տղամարդ եւ կին: Հանձնաժողովի անդամը տղամարդուց պահանջեց անձնագիրը, վերջինս պատասխանեց. «Բայց ես զանգեցի գյուղապետին, ասաց՝ առանց անձնագրի էլ կլինի»: Նոր Արտամետի գյուղապետը ՀՀԿ-ական Յուրա Հովհաննիսյանն է: Թեկնածուների վստահորդներից մեկն անմիջապես նրան դուրս հանեց` զգուշացնելով, որ տեղամասում լրագրողներ կան:

«Հետքի» հետ զրույցում տղամարդը, որ չցանկացավ ներկայանալ, նախ հերքեց ընտրատեղամասում հնչեցրած իր խոսքերը, այնուհետեւ պատճառաբանեց, թե ինքն ընդամենն ուզում էր ստուգել հանձնաժողովի անդամներին. «Ես էլ եմ հարյուր տարի լրագրության մեջ, համալսարանում էլ աշխատում եմ, ես էլ ձեզ նման եկել եմ` ստուգեմ, որ խախտումներ չանեն: Ասեցի տեսնեմ` առանց անձնագրի կթողնե՞ն քվեարկեմ, թե չէ: Համ էլ ես ստեղից չեմ, Երեւանից եմ, ստեղ էլ գրանցված չեմ, մորաքրոջս էի բերել, որ քվեարկի, ես էլ ձեռի հետ ասեցի փորձեմ»,- ասաց տղամարդը:


Լուսանկարում առանց անձնագիր քվեարկել ցանկացող տղամարդն է:

Նրա հետ ընտրատեղամաս ներկայացած կինը` Լիդիա Հովհաննիսյանն էլ քվեաթերթիկը թողել էր քվեախցի արկղի տակ եւ փորձում էր դատարկ ծրարը գցել քվեատուփ: Հանձնաժողովի անդամները կանխեցին` բարձրացնելով քվեախցիկի արկղը, որ ընտրողն անձամբ հանի իր քվեաթերթիկը:Վերջինս «Հետքին» հայտնեց, որ տխուր էր, մտքերով էր ընկել, մոռացել էր քվեաթերթիկն այնտեղ. «Միշտ ամուսնու հետ էի գալիս ընտրության, իսկ այսօր առաջին անգամ մենակ էի եկել»,- ասաց կինը: 

Ժամը 16:40-ի դրությամբ գյուղի 888 ընտրողից մասնակցել է 270-ը: Առաջադրվել են 6 ավագանու թեկնածուներ, որոնցից միայն մեկն է կուսակցական` Օրինաց երկրից:

2012թ.-ի սեպտեմբերին Նոր Արտամետ գյուղում տեղի է ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություն, քանի որ նախորդ գյուղապետը մահացել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter