SOS. կնքվում է Երևանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի մահկանացուն
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին համախմբվելու կոչով:
«Այս օրերին կնքվում է քաղաքամայր Երևանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի` Աֆրիկյանների ակումբի մահկանացուն:
Մոտ 130 տարվա պատմություն ունեցող շենքը բանտարկված է «Ավելի բարեկարգ Երևան»
խոստացող պաստառներով, մինչդեռ արդեն փլուզվել են շենքի ետնամասը, տանիքը և պատշգամբը, անհետացել են դիմային ճակատը զարդարող մետաղական ճաղերը:
Սակայն դեռ կանգուն է Աֆրիկյանների ակումբի գլխավոր ճակատը` յուրահատուկ և բազմազան զարդաքանդակներով: Քարերը համարակալված են և ենթակա տեղափոխման, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ տեղափոխված հուշարձանները չեն վերակառուցվում, և հանրությանը անհայտ է մնում դրանց ճակատագիրը:
Մենք շարունակ հպարտանում ենք մեր քաղաքի հարուստ անցյալով և այն վավերագրող հուշարձանների թվացյալ առկայությամբ, մենք մեր քաղաքն անվանում ենք «Հռոմից էլ հին թանգարան բաց երկնքի տակ», մինչդեռ նույն բաց երկնքի տակ այսօր ոտնահարվում և ոչնչացվում է մեր պատմությունը:
Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած ապօրինի քանդման աշխատանքները: Ավելին, պատկան մարմինները պարտավոր են արգելել նույն տեղում նախատեսվող հյուրանոցի կառուցումն ու վերականգնել ճարտարապետական ողջ կառույցը:
Ցանկության, պատրաստակամության և անհրաժեշտ գիտելիքների առկայության դեպքում, մասնավոր կազմակերպությունները և նրանց շահերն ամեն կերպ պաշտպանող քաղաքապետարանը կարող են իրենց բիզնես ծրագրերն իրականացնել` օգտագործելով նման արժեքավոր հուշարձաններն ու դրանով նոր շունչ հաղորդելով վերջիններիս:
Մեր պահանջը նպատակ ունի ոչ միայն վերականգնել քաղաքի աղճատված պատմական դիմագիծը, այլ նաև պաշտպանել Տերյան 11 հասցեի բնակիչներին, ովքեր անօրինաբար վտարվում են իրենց բնակարաններից: Այսպիսի նախադեպեր մենք նախկինում ևս տեսել ենք Երևանի հին կենտրոնի տարբեր հատվածներում: Բնակիչների բողոքը շարունակաբար մնացել է անպատասխան, հուշարձանները կորսվել են և փոխարինվել քաղաքի ճարտարապետական տեսքին անհամապատասխան և անճաշակ նորակառույցներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել