HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջհամայնքային միավորում` տեսականից անցում իրականության

Արմինե Ղուկասյան

Սովորաբար մեր իրականության մեջ լավ գաղափարների ծնունդը ոչ միշտ է կենսունակ լինում. հաճախ այն «գոյատեւում» է միայն թղթի վրա, որին անդրադառնում են ժամանակ առ ժամանակ` ելնելով անհրաժեշտությունից: «Միջհամայնքային միավորում» բառակապակցությունը շատերին է ծանոթ, ավելին` այն ամրագրված է մի շարք օրենքներով: Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի 10-րդ հոդվածով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների միավորվելու իրավունքները, շեշտվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծումները: ՀՀ Սահմանադրությունը եւ ՏԻՄ օրենքը միջհամայնքային միավորներին անդրադարձ են կատարում` սահմանելով դրանց իրավունքներն ու կարգը:

Օրենքներից վերադարձ իրականությանը

Կար ժամանակ, երբ միջհամայնքային միավորումների ստեղծումն ավելի շատ պարտադրված էր ու մի քիչ էլ մոդայիկ: Մեկը մյուսի հետեւից ստեղծվեցին դրանք, սակայն, ինչպես փաստում են փորձագետները, այդպես էլ իրատեսական գործելակերպ չունեցավ: Չնայած, մի շարք համայնքներ թույլ են, փոքր եւ անհրաժեշտություն կա պարտադիր խնդիրների համատեղ իրագործումը իրականացնել հենց այս միավորումների միջոցով:

Օրերս «ՏԻՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության գործընկեր 5 համայնքների ներկայացուցիչներ Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերից փորձի փոխանակման նպատակով գտնվում էին Վեդի քաղաքում: Վեդիի քաղաքապետարանում կայացած հանդիպման առանցքում, ի թիվս համայնքային ամենօրյա գործառնական խնդիրների պարզաբանման, միջհամայնքային միավորման ոլորտում գրանցված ձեռքբերումներն էին, շոշափելի արդյունքները, որոնց անդրադարձավ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը:

Համայնքային որոշակի խնդիրներ լուծելու եւ ծառայությունների մատուցման ծախսը կրճատելու նպատակով «ՏԻՄ» օրենքը թույլ է տալիս տեղական իշխանություններին ձեւավորել միջհամայնքային միավորումներ: Օգտվելով օրենսդրության մեջ ամրագրված հոդվածից եւ ելնելով անհրաժեշտությունից` տարիներ առաջ Վեդիի տարածաշրջանի 18 համայնք միավորվեցին միջհամայնքային մեկ կառույցի մեջ: Համայնքների նախաձեռնությամբ եւ կարեւորելով այն խնդիրները, որոնք օրակարգային էին` մեկը մյուսի հետեւից դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվեցին մի շարք ծրագրեր` համակարգչային լոկալ ցանցի ստեղծում, գործընկեր համայնքների համակարգչային օպերատորների վերապատրաստման դասընթացներ` նյութատեխնիկական եւ կրթական բաղադրիչների ներառմամբ:

Վեդիի քաղաքապետի փաստարկմամբ` դեռեւս ստեղծման նախնական փուլում բացահատվել են մի շարք բացեր, որոնք առկա էին բոլոր համայնքներում` ջրամատակարարման, ճանապարհաշինության, մշակութային, հաղորդակցության ոլորտներ եւ այլն: Քննարկումների արդյունքում, խորհրդակցելով համայնքների ղեկավարների հետ, խնդիրները դիտարկելով տարածքային զարգացման տեսանկյունից, մշակվել են որոշակի ուղղություններ աշխատանքների համակարգման համար: Իրար են հաջորդել ծրագրերը գյուղատնտեսական, աղբահանության, զբոսաշրջության ոլորտներում, որոնք ուղեկցվել են խորհրդատվություններով, դասընթացներով, օգնություն տրամադրելով:

«Զբոսաշրջության զարգացման համար Վեդին «միայնակ» քիչ դերակատարում ունի եւ մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն տարածաշրջանային առումով մենք ունենք ասելիք. մոտակա համայնքները իրենց պատմամշակութային արժեքներով լրացնում են բացը եւ տարածաշրջանը դարձնում գրավիչ»,- նկատում է պարոն Բարսեղյանը: Ժամանակին միջհամայնքային միավորման շրջանակներում իրականացված ծրագրերից առանցքայինը` աղբահանության կառավարումը, դարձավ հետագա աշխատանքների շարժիչ ուժը, որի շուրջ համախմբվեց 14 համայնք: Արդյունքում, 2012թ·-ին ստեղծվել է «Մաքուր երկիր» ՍՊԸ-ն, որի գործունեությունն ընթանում է 2 փուլով` աղբահեռացում, աղբավայրերի շահագործում: Ընկերությունն սպասարկում է շուրջ 50,000 բնակչի, ունի համապատասխան նյութատեխնիկական բազա:

Ներկայացնելով ընկերության գործունեությունը, ֆինանսական եւ կազմակերպչական բաղադրիչները` «Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը հավելեց, որ աղբի կառավարումը դժվարին գործընթաց է: Աղբի քանակն ավելացել է, իսկ մշակումը բարդ է եւ աշխատատար: «Հոլանդական փորձագետների աջակցությամբ, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում է աղբի կառավարման ծրագիր` աղբահեռացում, տեսակավորում, մշակում (օրգանական եւ անօրգանական) բաղադրիչներով: Երկրորդ փուլում նախատեսված օրգանական նյութերի վերամշակում: Աշխատանքներին զուգահեռ ձեւավորվում է աղբահանման մշակույթ, բնակիչների շրջանում քարոզվում մաքուր ապրելակերպ, սեւ եւ կանաչ տոպրակների գոյությունը, բնակիչների կողմից աղբի տեսակավորման գործընթացը դարձել է առօրեական»,- նշեց Յու. Հարությունյանը:

Ի դեպ, «Մաքուր երկիրը» իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Նա այս շփումները կարեւորեց մտքերի, գաղափարների փոխանակման տեսանկյունից: Միջհամայնքային միավորման շրջանակներում իրականացված աշխատանքը տեսանելի է, իսկ այս դեպքում փորձի փոխանակումը նպատակային էր եւ արդարացված: Վեդի քաղաքում հյուրընկալվածները շրջայց կատարեցին քաղաքում` հաճելին եւ օգտակարը համատեղելով, եղան քաղաքապետարանի բաժիններում, ծանոթացան իրականացվող գործառույթներին, երկուստեք կիսեցին իրենց փորձը եւ գրանցված հաջողությունները համայնքային մի շարք ոլորտներում:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter