HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնաբարության գործով տուժողը դիմում է ԵՄ դեսպաններին՝ Հայաստանի իրավապահներից հույսը կտրելով

Բռնաբարության գործով տուժող 28-ամյա Հասմիկն (անունը փոխված է) արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ այդ թվում գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, քննության ընթացքում իր եւ հարազատների հանդեպ ճնշում կիրառած, արժանապատվությունն ու ինքնասիրությունը նսեմացրած քննիչներ Ա. Կավեյանին, Կ. Հակոբյանին եւ Վ. Մանուկյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ոչ դատախազությունը եւ ոչ էլ դատական ատյանները չեն բավարարել տուժող Հասմիկի պահանջը, որի հետեւանքով էլ վերջինս բաց նամակով դիմել է Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի, Լեհաստանի դեսպաններին եւ Եվրոպական խորհրդի Երեւանյան գրասենյակին:

«Հետքն» արդեն գրել է բռնաբարության այս գործի մասին: Մեզ հետ զրույցում տուժող Հասմիկը նշեց, որ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է՝ արդարադատության հասնելու համար. «Ես արդեն հույս չունեմ մեր իրավապահ ու դատական մարմիններից, իշխանություններից եւ նախագահից նույնպես: Դրա համար էլ ստիպված եմ դիմել դեսպանատներին՝ ակնկալելով, որ որեւէ կերպ կկարողանան ազդեցություն ունենալ իմ գործի արդար քննությանը»,- ասաց Հասմիկը:

Բռնաբարության գործով տուժող Հասմիկի բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Շուրջ երկու տարի է, ինչ ես դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի Լ. Ս.-ն, ով իմ նկատմամբ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք, այն է՝ բռնաբարություն, զրկելով ինձ կուսությունից եւ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք արձանագրվել են դատաբժշկի կողմից, ենթարկվի քրեական պատասխանատվության:

Սակայն, անօրինական գործողություններով վարույթ իրականացնող մարմինները՝  քննիչներ Ա. Կավեյանը, Կ. Հակոբյանը եւ Վ. Մանուկյանը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազները, համոզված եմ, նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, պատշաճ կերպով չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, ընդհակառակը, գործի քննությունն իրականացվել է ստեղծելով այնպիսի պատկեր, իբր ես եմ իմ գործողություններով դրդել Լ. Ս.-ին, որպեսզի նա իմ հետ ունենա սեռական հարաբերություն: Ավելին, քննիչներ՝ Ա. Կավեյանը եւ Կ. Հակոբյանը քննությունն իրականացնում էին իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը նսեմացնելու եղանակով, որպեսզի ես ստիպված հրաժարվեմ բողոքներ ներկայացնելուց:

 Օրինակ՝ հարցաքննության են կանչվել իմ բազմաթիվ ծանոթներ, ծանոթների ծանոթներ, համակուրսեցիներ, հարեւաններ, նախկինում ինձ երկրպագող տղաներ, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել գործի հանգամանքների հետ: Նրանք ոչ միայն տեղեկացվել են իմ հետ կատարվածի մասին, այլ նաեւ սուտ եւ ինձ վարկաբեկող տեղեկություններ են ստացել քննիչներից: Այս ամենի հետեւանքով ես հայտնվել եմ ծայրահեղ ծանր հոգեվիճակում: Քսան օր ստացիոնար բուժում եմ ստացել «Սթրես» կենտրոնում ու մինչ այժմ գտնվում եմ փսիխոթերապեւտի հսկողության տակ:

Նշեմ, որ մեղադրվող անձի կողմից հարցաքննվել են ընդամենը երեք-չորս հոգի, որոնք դեպքի մասին տեղեկացվել են մինչ նախաքննությունը: Քրեական գործով երկու անգամ կայացվել է որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին, երկու անգամն էլ առաջին ատյանի դատարանները վերացրել են այդ որոշումները: Այդ դատարանների որոշումներից առաջինը մտել է ուժի մեջ, որով հաստատվել է, որ քննիչ Կավեյանը իրականացրել է կողմնապահ նախաքննություն, բազմաթիվ կետերով խախտել է իմ իրավունքները:

Քննիչ Կավեյանը, այդ արարքների համար պատժվելու փոխարեն, տեղափոխվել է ավելի պատասխանատու աշխատանքի՝ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության այն բաժինը, որտեղ հետագայում շարունակվել է իմ գործի քննությունը: Վերսկսված նախաքննության ժամանակ, երկրորդ քննիչ՝ Կ. Հակոբյանը, քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերել է, որ առաջին քննիչ Ա.Կավեյանը ընկերական-բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել մեղադրվող Լ. Ս.-ի հետ,սակայն չի զեկուցել այդ մասին: Գործի կարճումից հետո, ինքս եմ գործից հայտնաբերել այդ նյութերը, որոնք իրենցից ներկայացնում են հեռախոսային եւ ինտերնետային նամակագրություններ Լ. Ս.-ի եւ քննիչ Ա.Կավեյանի միջեւ:

Այդ կապակցությամբ հաղորդում եմ ներկայացրել հատուկ քննչական ծառայություն եւ տրամադրել վերոհիշյալ նյութերը: Սակայն, այնտեղից նույնպես ստացել եմ չպատճառաբանված մերժում: Բացի այդ, երկրորդ քննիչը նախաքննությունը շարունակել է բացարձակապես նույն սցենարով. այն է՝ կեղծելով իրականությունը՝ վարկաբեկել ինձ, պատճառաբանելով իմ տված ցուցմունքները անարժանահավատ, ինչպես նաեւ գործադրելով հոգեբանական ճնշումներ, ամբողջ շրջապատիս իմ դեմ  տրամադրելով ստիպել ինձ հրաճարվել բողոքից:

Այդ կապակցությամբ իմ բազմաթիվ բողոքներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ի դեմս՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի, գործի վարույթից հեռացրեց քննիչ Կ.Հակոբյանին եւ նշանակեց քննիչ Վ. Մանուկյանին:  Ուզում եմ նշել նաև, որ այդ նույն բողոքին, որը բավարարել է Մնացական Սարգսյանը, ես ստացել եմ պատասխան նաև ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ կատարված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ՝ դատախազ Արմեն Մարուխյանից, ով պատասխանի մեջ գրել էր, որ իմ բողոքը անհիմն է և բավարարման ենթակա չէ:

Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչպես կարող է գլխավոր դատախազությունը նույն դիմումին տալ երկու իրարամերժ պատասխաններ:  Մոտ տաս օր անց ես հարցում ուղարկեցի ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ կարգազանցությունների համար է փոխվել քննիչ Կ. Հակոբյանը, եւ ինչ պատասխանատվության է նա ենթարկվել: Սակայն, այդ ժամանակ արդեն Մնացական Սարգսյանի փոխարեն նշանակվել էր նախկինում Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, իսկ ինձ պատասխանեց նրա ենթակայության տակ գտնվող դատախազ Ա. Մարուխյանը, որ քննիչ Հակոբյանը ոչ մի կարգազանցություն թույլ չի տվել, նրան փոխել են իմ եւ փաստաբանիս խնդրանքը հարգելով:

Նշեմ, որ այս գործի վերահսկողությունը իրականացվել է Երեւան քաղաքի դատախազությունում: Այս ամենից հետո, երրորդ քննիչ Մանուկյանը կրկին անհիմն որոշում կայացրեց գործը կարճելու մասին «հանցակազմի բացակայության» հոդվածով: Երկրորդ անգամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց այդ որոշումը՝ փաստելով, որ չեն կատարվել նախորդ դատարանի որոշման պահանջները, փոխարենը խախտվել են իմ իրավունքները:

Այս դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը ժամկետանց ներկայացրեց անհիմն վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Գ. Մելիք-Սարգսյանը բավարարեց: Իր որոշման մեջ դատավոր Գ. մելիք-Սարգսյանը հղում է անում քննիչ Մանուկյանի եւ վերահսկող դատախազ Շ. Իսրայելյանի կեղծ պնդումները, թե ես անբարոյական եմ, եւ հիմնավորված է համարում իմ ցուցմունքները անարժանահավատ ճանաչելը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ ցուցմունքները լիովին համընկնում են փաստերի հետ, օրինակ՝ Ղ-տելեկոմի տրամադրած հեռախոսազանգերի վերծանումների հետ:

Մեղադրվողի ցուցմունքները բացարձակ չեն համընկնում օբյեկտիվ փաստերի հետ,  օրինակ՝ նույն հեռախոսազանգերի վերծանումների հետ, սակայն նախաքննության կողմից որպես ապացուցված փաստ դրված են քննիչների որոշումների հիմքում: Ըստ էության՝ վերաքննիչ բողոքի բավարարելու միակ պատճառն այն էր, որ այն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, որը միանշանակ ճնշում է գործադրել դատավորի վրա:

Բոլոր ողջամիտ ժամկետներն անցել են, եւ ես չեմ կարողանում արդարություն գտնել իմ երկրում: Հաշվի առնելով վերոգրյալը, լուրջ մտավախություններ ունեմ, որ նույն պատմությունը կկրկնվի նաեւ վճռաբեկ դատարանում, եւ ես կսպառեմ արդարության հասնելու իմ բոլոր հնարավորությունները: Քանի որ գտնվում եմ ծայրահեղ հուսահատ վիճակում եւ ոչ մի հույս չեմ կապում իմ երկրի արդարադատություն իրականացնող մարմինների հետ, խնդրում եմ Ձեզ օգտագործել բոլոր հնարավորությունները եւ օգնել ինձ այս գործը հասցնել բաց եւ արդարդատաքննության:

Պարտավորվում եմ, Ձեր պահանջով, տրամադրել Ձեզ բոլոր փաստաթղթերը եւ նյութերը, որոնք ապացուցում են իմ խոսքերի ճշմարտացիությունը: Ինչպես նաեւ՝ այլ փաստաթղթեր, որոնք փաստում են նախաքննության կողմից իմ նկատմամբ թույլ տրված բազմաթիվ ապօրինություններ, որոնց մասին այստեղ չեմ նշել: Պատրաստ եմ տրամադրել գործն ամբողջությամբ:

Մեծ հավատով եւ վստահությամբ՝ տալիս եմ Ձեզ իմ համաձայնությունը օգտագործելու եւ հրապարակելու տրամադրածս փաստաթղթերն ու նյութերը: Կանխավ շնորհակալ եմ»:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅԱԶՆ
կեցցե ապահով Հայաստանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։