HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չպահանջված «Արտադրանք»

Նանե Պասկևիչյան

-Որոշել եմ` ուզում եմ իրավաբան լինել,- մի օր հայտարարեցի ես:

Ծնողներս չառարկեցին՝ հավանաբար մտածելով, թե որոշումս շուտով կփոխվի։ Առհասարակ, մեր տանը երբեք չեն խոսել այն մասին, որ պիտի հայրիկիս կամ մայրիկիս նման բանասիրություն ուսումնասիրեմ, ոչ էլ մտածել են, որ իրավաբանը աղջկա մասնագիտություն չէ: Ուղղակի սպասել են`ինքս որոշեմ: Թվում էր` հաստատակամ էի իմ որոշման մեջ, բայց պատմության քննության մի քանի թեմա ուսումնասիրելուց հետո, ընտրեցի ինձ համար ամենահեշտ տարբերակը: Տասը տարի անգլիական թեքումով դպրոցում էի սովորել. սկսեցի պատրաստվել  լեզվաբանական համալսարան ընդունվելուն:

2006-ին արդեն Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող էի։ 2010-ին ավարտեցի ու հասկացա, որ ոչ մի մասնագիտություն էլ ձեռք չեմ բերել, միայն արդեն իմացածս անգլերենի գիտելիքներն են քիչ թե շատ ավելացել: Մտածեցի ուսումս շարունակել մագիստրատուրայում: Համալսարանի կայքի մագիստրոսական ծրագրերի բաժնում կարդացի. ««Հանրային կառավարում» հավատարմագրված մագիստրոսական ծրագիրը «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ պատրաստում է կրթության կառավարման ոլորտի առաջնորդներ և կառավարիչներ»: Ամբիոնի առաջին շրջանավարտները նույնիսկ այնտեղ չդասավանդող դասախոսները բոլորը միաձայն պնդում էին, որ սա լավագույնն է եղած կրթական ծրագրերից: 2012-ին ավարտեցի ու դեռ մտքումս պահել էի երկու տարի առաջ կարդացածս տողերը` «Հանրային կառավարման մագիստրոսը պահանջված է պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ միջազգային)`որպես ղեկավար, խորհրդատու, փորձագետ, վերլուծաբան կրթության կառավարման օղակներում»: Մոտավորապես «Ջնջիր եւ կշահես»-ի նման մի բան։

Ես ղեկավարի, խորհրդատուի կամ փորձագետի հավակնություն չունեմ։ Երեք տարի է աշխատանք եմ փնտրում: Կարող էի հետևել ընկերներիցս շատերի օրինակին ու աշխատել որևէ բանկի սպասարկման բաժնում, շարժական հեռախոսակապ և ինտերնետ տրամադրող ընկերություններից մեկում օպերատոր լինել կամ ադմինիստրատիվ աշխատանք կատարել: Բայց 2006-2012 թվականներին համալսարանին վճարել եմ 2.500.000 դրամ վարձ, համալսարանն էլ իր հերթին վճարել է օրենքով սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, որոնք համալրում են պետական բյուջեն: Այսինքն` պետությունը պետք է այդ գումարի դիմաց արդեն աշխատանքիբազմաթիվ հնարավորություններ ստեղծեր: Ինչը` այդպես էլ չի արել:

2010 թվականին ԵՊԼՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի մոտ 250 ուսանող ստացել են մանկավարժության բակալավրի աստիճան: 2012-ին քսաներեքին շնորհվել է «հանրային կառավարման» մագիստրոսի աստիճան (սրանք միայն մեկ ֆակուլտետի տվյալներն են): Ընկերներիցս փորձեցի պարզել` որտեղ են աշխատում։ Քսաներեքից միայն 5-ն է աշխատում կրթության ոլորտում.երկուսը` դպրոցում (ուսուցիչ), երեքը` կրթության որակի ապահովման ծրագրերում:

Նորավարտ շրջանավարտին երբեք ոչ ոք չի վստահի կրթության ոլորտում որևէ օղակի կառավարում` լինի դա դպրոցում, համալսարանում, թե կրթության և գիտության նախարարությունում: Պարզելու համար` ինչպես կարելի է աշխատանք գտնել դպրոցում գնացի մեր թաղամասի հիմնական դպրոցներից մեկը: Ասացի` անգլերենի մասնագետ եմ, աշխատանք եմ փնտրում: Ինձ ուղեկցեցին տնօրենի մոտ: Տնօրենը,հաճելի մի կին՝պատրաստակամ էր օգնելու, բայց ցավով հայտնեց, որ անգլերենի ուսուցչի թափուր աշխատատեղ չունեն: Հետաքրքրվեցի՝ ինչպես կարող եմ տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին։ Խորհուրդ տվեց ժամանակ առ ժամանակ հետևել «Կրթություն» թերթի հայտարարություններին՝ հավաստելով, որ, ըստ օրենքի, ուսուցչի թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկակցնելու մասին հայտարարությունը դպրոցի տնօրենները հրապարակում են «Կրթություն» շաբաթաթերթում:

Ազգային գրադարանում պատվիրեցի «Կրթության» 2012, 2013 և ընթացիկ տարվա բոլոր համարներն ու որոշեցի պարզել, թե քանի հայտարարություն է եղել անգլերենի ուսուցչի  աշխատատեղերի համար Երևանում և մարզերում իմ` մագիստրատուրան ավարտելուց հետո։

2012 թվականի հունիսի 16-ից դեկտեմբերի 19-ի հրապարակումներում անգլերեն լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղի համար Երևանի դպրոցներում եղել է 13 հայտարարություն, մարզերում` 24:

2013-ի հունվարի 16-ից դեկտեմբերի 12-ը Երևանի դպրոցներում եղել է 15 հայտարարություն, մարզերում` 70:

2014 թվականի հունվարի 22-ից առ այսօր «Կրթություն» թերթում անգլերեն լեզվի ուսուցչի թափուր աշխատատեղի 4 հայտարարություն է եղել Երևան քաղաքի դպրոցների համար և 16-ը`հանրապետության մարզերի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգի առաջին դրույթում ասվում է, որ ուսումնական հաստատությունում թափուր տեղ  առաջանալու դեպքում դպրոցի տնօրենը տվյալ առարկայի դասաժամերը տրամադրում է նույն առարկան արդեն դասավանդող մինչև 1 դրույք ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին, իսկ մրցույթ հայտարարվում է միայն 1 դրույք ծանրաբեռնվածությունն ապահովելուց հետո, եթե դրա անհրաժեշտությունը լինում է:

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ  ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ » օրինակելի կարգի 9-րդ դրույթի համաձայն՝ դպրոցում մրցույթ կարող է չհայտարարվել և թափուր տեղը հնարավոր է զբաղեցնել ոչ մրցութային կարգով, եթե ուսուցչի տեղը ժամանակավորապես թափուր է աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում: Եթե հաստատությունում առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու, աշխատատեղը զբաղեցվում է նա առանց մրցութային կարգի: Վերջինը հիմնականում վերաբերվում է հեռավոր բնակավայրերին։

Սահմանված այս դեպքերում աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:Այնպիսի տպավորություն է, որ դպրոցում ուսուցչի պաշտոնը զբաղեցնելու դեպքում այն թափուր չի դառնում այնքան ժամանակ մինչև ուսուցիչը չի հասնում կենսաթոշակային տարիքի: Ցանկացած երիտասարդ կին ուսուցիչ ծննդաբերությունից և օրենքով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդից վերադառնալով վերստին զբաղեցնում է իր տեղը, իսկ իրեն փոխարինող ուսուցիչը որոշ դեպքերում ստիպված է լինում հեռանալ պայամանագրով սահմանված ժամկետը լրանալու պատճառով: Ոչ մի խոսք չկա դասավանդման որակի, առարկային տիրապետելու պատճառով ազատվող աշխատատեղերի մասին։ Սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք հետագայում։

«Կրթություն» շաբաթաթերթի մայիսի 14-ի համարում հրապարակված է ՀՀ բուհերում 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների, ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկը: Բրյուսովի համալսարանում անգլերեն բաժնի համար նախատեսված է 60 տեղ, ԵՊՀ-ի անգլերեն լեզու և գրականություն բաժնում 140 տեղ և Մանկավարժական համալսարանում նշված բաժնի համար` 73 տեղ: Ընդհանուր առմամբ Հայաստանի պետական ԲՈՒՀ-երն ամեն տարի պատրաստում են մոտ 270 անգլերենի ուսուցիչ։

Հիմա նշված թվերը համեմատենք պահանջարկի հետ՝ հիմք ընդունելով «Կրթություն» թերթի հայտարարությունները։ 2012-2014 թվականներին Երեւանի դպրոցներում եղել է 32 թափուր տեղ, մարզերում՝ 110։ Երեք տարում մոտ երկու անգամ ավելի քիչ պահանջարկ կա, քան ուսուցիչ է «թողարկվում»։

(շարունակելի)

Մեկնաբանություններ (1)

ԵՊՀ_ից տուժվաց
Դուք ճիշտ որոշում եք կայացրել` չնտրելով իրավաբանի մասնագիտություն. Ես ավարտել եմ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը և 4 տարվա ընթացքում վճարել 3400000 դրամ ուսման վարձ...4 տարի աշխատանք փնտրելուց հետո ճարահատյալ հեռացել եմ հայրենիքից.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter