
Քառյակը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրապարակեցին տասներկու կետանոց պահանջները, որոնք ներկայացնելով իշխանություններին` քառյակը ժամանակ է տալիս մինչև սեպտեմբերի վերջ դրանք լուծելու համար:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակի համատեղ հայտարարության մեջ իրենք փորձել են ամրագրել լրջագույն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև, և որոնց լուծումը էապես կնպաստի քաղաքացու վիճակի բարելավմանը. «Մեզ համար կա մեկ գերխնդիր՝ քաղաքացու վիճակի բարելավումը: Մենք փորձել ենք ձևավորել խնդիրների համախումբը, որոնք հնարավոր է լուծել, հաղթահարել` քաղաքական կամք ունենալու դեպքում: Մենք աշնանը մեր գործընկերների եւ ժողովրդի հետ միասին կամփոփենք՝ որքանով են դրանք կատարվել ու միասնաբար կծրագրենք մեր համատեղ հետագա քայլերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, թե տասներկու կետերը իշխանությանը ներկայացնելու քառյակի որոշումը շատ մեծ հաջողություն է, դժվարին աշխատանքի արդյունք: Ըստ նրա՝ չորս քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն՝ գաղափարախոսական, քաղաքագիտական, մեթոդաբանական հարթություններում:
«Մի մասն ավելի արմատական է՝ հեղափոխական փոփոխությունների կողմնակից, մյուս մասը՝ շրջահայաց, դանդաղ ընթացքի կողմնակից: Բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է երկրի, ԼՂՀ անվտանգությունը, վստահություն չկա, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա, անարդարություն է տիրում: Այս վիճակում պետք էր գործել. միավորել տարբեր պատկերացումներ ունեցող քաղաքական ուժերին: Այս ծրագրի առաջին փուլը կառավարության հրաժարականը պահանջելն էր. իշխանությունը փորձեց կանխել համաժողովրդական ալիքը՝ դրդելով կառավարությանը հրաժարականի: Մի կողմից դա նշանակում էր, որ քառյակը հասավ նպատակին, մյուս կողմից՝ որ միասնական օրակարգը սպառվեց ու պետք էր ձևավորել ժողովրդին քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու գործընթաց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ իրենք շարունակում են կարծել՝ երկրի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, բոլոր պրոբլեմների լուծումը Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, երկրում ազատ, արդար ընտրություններով ժողովրդի առջև հաշվետու իշխանության ձևավորումն է:
«Մենք հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ, որը թույլ կտա արդյունավետ դարձնել քաղաքական գործըթնացը: Մենք սա դիտարկում ենք որպես առաջին փուլ, իսկ վերջնական նպատակն այն է, ինչ ասացի՝ իշխանափոխությունը»,- շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ 12 կետերը ներկայացնելը մշակույթի նոր մակարադակ է քաղաքական ուժերի համագործակցության բնագավառում: Նա նշեց, որ իրենք առաջին անգամ ավելի մեծ օրակարգով եւ ցանկով ներկայացնում են համատեղ մոտեցումներ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Որպեսզի չդիտվի, որ ընդդիմություն լինելը ինքնանպատակ հակադրվելն է, սևացնելը, մենք այս հայտարարությամբ, կարծում եմ, չեզոքացնում ենք նաև այդ տեսակետը, որովհետև ներկայացնում ենք իրական, շատ իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել: Գլխավոր խնդիրը ոչ միայն թղթի վրա գրված ծրագրերն են, այլև՝ կյանքի կոչվող ծրագրերը: Եթե նոր կառավարությունն իր քայլերով վստահություն է ուզում ձեռք բերել, ապա դա պետք է կատարի՝ կյանքի կոչելով բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք ակնկալվում են մեր կողմից: Սա հնարավորություն է կառավարությանը, որ կարողանան վստահություն առաջացնել»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ընդդիմությունն ուզում է լուծել հարցերը, որովհետև երկրի գահավիժման ընթացքը հարվածելու է բոլորին, ուստի, ըստ նրա, պետք է օր առաջ ճիշտ գնահատել առկա մարտահրավերները ու դրան համապատասխան քայլեր կատարել, ինչը իշխանության սրբազան պարտքն է:
«Մենք հնարավորություն ենք տալիս նրանց, որ իրենց խոսքը գործի վերածեն»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, որ քառյակի աշխատանքը տասներկու կետերով չի ավարտվում: «Մենք այնքան միամիտ չենք, որ ասենք, որ արմատական փոփոխություններ կլինեն սրանով: Մենք առաջնորդվել ենք միասին՝ համաձայնության դաշտ ձևավորելով: Կլինեն նաև չարախնդացողներ, բայց համոզմունք ունեմ, որ մենք մեր աշխատանքները շարունակելու ենք»,- վստահեցրեց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ չկա կետ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, երբ համարում եք, որ դա անհրաժեշտ է, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Կետերում կա այն, ինչի շուրջ մենք համաձայնել ենք: Դա Կոնգրեսի դիրքորոշումն է, որևէ այլ քաղաքական ուժի անունից ես խոսել չեմ կարող»:
Իսկ թե ինչ քայլեր է ձեռնարկելու քառյակը, եթե պահանջները չբավարարվեն, արդյոք պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե չկատարվեն, բնականաբար, կհավաքվեն նորից, կփորձեն համաձայնեցնել հետագա քայլերը: «Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք` դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Մենք բազմիցս ասել ենք, որ անձինք հեռացել են, ու իշխանության եկածները օգտվել են բարիքներից, իշխանափոխությունն էլ չի ծառայել ժողովրդին»,- ասաց Ռուստամյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Մեզ համար տաբու հարցեր, տաբու խնդիրներ չկան: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել այս հարցերի ներկայացումը իշխանությանը, որից հետո մենք միասին ժողովրդի հետ կծրագրենք մեր հետագա քայլերը: Կրկնում եմ՝ մեզ համար տաբու հարցեր չկան»:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իշխանափոխությունը պետք է լինի համակարգային: Նա նշեց, որ համակարգային փոփոխություն ասելով իրենք հասկանում են ազատ և արդար ընտրությունների անցկացում, որի դեպքում միայն անձերը կարևոր չեն: Զուրաբյանն ասաց, որ իրենք իշխանափոխությունը լիովին իրատեսական են համարում:
«Հենց հիմա էլ դա կարելի է անել: Այս իշխանությունները սպառված են, ժողովրդի համբերության բաժակը լցված է, դիմադրության ռեսուրներ այս ռեժիմը չունի, ու հենց ժողովրդական զանգվածները դուրս գան փողոց, իշխանությունը փախչելու է: Մենք կարող էինք դա անել ապրիլին, բայց հենց իշխանության ձեռնարկած նահանջի քայլերի պատճառով դա խափանվեց»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը:
Լուս.՝ armenianow.com-ից
Մեկնաբանել