
Հերմինե Նաղդալյան. «Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն տաբու չունի»
«Դրանց մեծ մասը արդեն իսկ քննարկման առարկա են կառավարության ծրագրի շրջանակներում»,- այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով ոչ իշխանական քառյակի տասներկու կետանոց պահանջներին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և ժառանգություն խմբակցությունները այսօր հրապարակեցին պահանջների ցանկ՝ մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալաով իշխանություններին լուծումներ գտնել դրանց համար:
Հերմինե Նաղդալյանն ասաց, թե իրենց գործողությունների շրջանակներում այդ կետերը քննարկվում են: «Սրանք խնդիրներ են, որոնք մեզ համար աշխատանքային օրակարգ կարծես լինեն: Խնդիրներ են, որոնք բովանդակային քննարկման են ենթարկվում, ուստի իշխանությունն այս մասով որևէ խնդիր չունի, քննարկելի են մեզ համար, լուծումներ էլ լինելու են»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել էր, որ իրենց համար Սերժ Սարգսյանը չարիք է և օր առաջ պետք է ազատվել նրանից: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ այս առնչությամբ ասել էր, թե իրենց համար տաբու չկա:
Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վտանգ չե՞ն տեսնում, հաշվի առնելով այս հայտարարությունները, որ քառյակի սկսկած գործընթացը կարող է հանգեցնել Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջելուն: Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, թե քառյակի կողմից ներկայացված կետերում ինքը չի տեսնում քաղաքական կետեր: Ըստ նրա՝ դրանք տնտեսական են. «Այն, որ ԲՀԿ-ն տաբու չունի, ուրախ եմ, այնդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում: Իսկ վերաբերում է չարիքին, ապա ասեմ, որ սխալ է ոչ կոռեկտ հայտարարություններ անել հանրապետության նախագահի հասցեին, որովհետև նա երկրի ընտրված նախագահն է ու պետք է նրան հարգանքով մոտենալ»,- ընդգծեց Նաղդալյանը:
Մեկնաբանել