
Սեյրան Օհանյան. «Հակառակորդի ռազմատենչ «եռանդը» պետք է լուծենք կանխարգելիչ գործողությունների միջոցով»
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման միջադեպերին:
Նա նշեց, որ ամեն օր կարդում է այն մասին, որ սահմանում իրավիճակը լարված է, ապա շեշտեց, որ ինքը որպես մայր մտահոգված է, որ չեն դադարում դիվերսիոն գործողությունները ու արդյունքում ունենում ենք կորուստներ: Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Բիշարյանը հարցրեց. «Դուք Կասպրչիկի հետ եք հանդիպել, խոսել եք նրա հետ սահմաններում դիվերսիոն գործողությունների վերաբերյալ: Արդյոք հնարավո՞ր է, որ մեր սահմանների կահավորումն ավելի ամրապնդենք, որ թշնամին չկարողանա սահմանը խախտել: Ի՞նչ է հնարավոր անել, որ զերծ մնանք մարդկային կորստից»:
Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ իրականում, երբ մենք վերլուծում ենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանային իրադրությունը, գալիս ենք այն եզրակացության, որ սահմանը կայուն լարված իրավիճակում է:
«Սա նորություն չէ մեզ համար, հրադադարի խախտումները նորություն չեն մեզ համար: Մեր հասարակությունը պետք է նաև հասկանա` մենք պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ քանի որ ունենք հակամարտության խնդիր, լուծված չէ վերջնական խաղաղության խնդիրը, պետք է հակառակորդի ռազմամտենչ «եռանդը» լուծենք կանխարգելիչ գործողությունների միջոցով»,- նշեց պաշտպանության նախարարը:
Արձագանքելով Սեյրան Օհանյանի պատասխանին՝ Հեղինե Բիշարյանը նշեց, որ Հայաստանն էլ մեկ-մեկ պետք է ագրեսիվ լինի: «Մենք պետք է դնենք խնդիր, որ տեղն եկած տեղը, մենք կարող ենք առաջ ընկնել, եթե տեսնում ենք, որ ուզում են քայլ անել»,- նշեց պատգամավորը:
Սեյրան Օհանյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանը ունի այս հարցում ռազմավարություն, մարտավարություն, ապա ընդգծեց. «Պատասխանները շատ խիստ են լինում, շատ դեպքերում նույնիսկ կանխարգելում են»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել