HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոնին բանտից ազատելը իրավունքի հարց չէ, այլ պատվի

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Տեղեկացա, որ «Հետքը», լրագրողական հետաքննություն անցկացնելով, հետաքրքիր փաստ է գտել Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ: 1995 թ. մեղադրանքը ՀՀ Գերագույն դատարանում պաշտպանած Ժիրայր Խառատյանը «Դատախազը» գրքում, պատասխանելով արձակագիր Սամվել Խալաթյանի`եղել են դեպքեր, երբ օրենքի շրջանակներում ցանկացել եք օգնել մեկին, բայց չի հաջողվել և դա ծանրացել է Ձեր խղճին հարցին պատասխանելով`հիշել է Սողոմոն Քոչարյանի ողբերգական պատմության մասին…

Դատախազը  պատմել է, որ 1995-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազի մոտ և ասել. «Մարդը ծառայել է ամենավտանգավոր տեղերում, մասնակցել մարտերի, վիրավորվել է ու հանիրավի անտարբերության մատնվել: Թշնամուց երկիր է պաշտպանել, որ իր երեխաներն այդ երկրում սովի՞ մատնվեն: Ի վերջո, 15 տարվա ազատազրկումն էլ խիստ պատժաչափ է»: Դատախազ Խառատյանը զեկուցագիր է գրել, հայտնել իր կարծիքը և ցանկացել  հեռանալ պաշտոնից…

Միգուցե դատախազ Խառատյանը, 19 տարի անց խոստովանություն անելով, ինչ-որ տեղ փորձել է իր խղճի ձայնը հանգստացնել, սակայն կա՞ արդյոք «դատախազության խիղճ» հասկացություն: Եթե կա, ապա այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է, որ արձագանքի և քայլեր ձեռնարկի Սողոմոնի պատժաչափի վերանայման ուղղությամբ: Չէ՞ որ սա, ըստ էության, նոր երևան եկած հանգամանք կարող է դիտվել: Ապացուցում է, որ ճնշում է եղել դատախազության վրա, որն էլ, իր հերթին, անհամաչափ խիստ պատիժ պահանջելով`կաշկանդել է դատարանին մահապատժի դատավճիռ կայացնել (չնայած օրենքով դատարանը կաշկանդված չէ դատախազության կարծիքով, թեպետ մեզանում դատարանները մեծ մասամբ պաշտպանում են մեղադրանքի կողմը, դրա մասին է վկայում մեղադրական դատավճիռների թիվը): Կասկած չունեմ, որ ճնշում է եղել նաև դատարանի վրա:   

Տեսնելով արդարադատության անտարբերությունն իր ճակատագրի նկատմամբ՝ նախկին ազատամարտիկը ստիպված փախչում է բանտերից (ես էլ նրա հետ), ինչի պատճառով մեր երկրի «արդարադատությունն» է՛լ ավելի է պատժում մեզ:

Պարոնայք դատախազներ և դատավորներ, դատախազ Խառատյանի հայտնածը հարմար առիթ է գործընթաց սկսել, բեկանել ճնշման տակ, հետևաբար անօրեն կայացված մահվան դատավճիռը`վերանայել հետախույզի պատժաչափը: Չէ՞ որ անկախ համարվող դատական իշխանության վրա ճնշում գործադրելը, այն էլ օտար պետության կողմից դիտվում է որպես ոտնձգություն նաև Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

Սողոմոնին բանտից ազատելը մեծ իմաստով իրավունքի հարց էլ չէ, այլ պատվի: Ինչպիսի վրդովմունք առաջացավ մեզ մոտ, երբ Ադրբեջանի պատվերով Հունգարիան հայ սպա Գուրգենին սպանող թուրքին փոխանցեց հայրենիք, որտեղ  նախագահը նրան միանգամից ազատեց: Բայց ինչո՞ւ ենք այդպես վրդոհվում, եթե օտար երկրի դեսպանը հենց Հայաստանի իշխանություններին է կարողանում պարտադրել մահապատժի դատապարտել Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկին:   

Ավտոմատ դարձած դատավորի հուշերից

Ուսումնասիրելով իրավագիտական էթիկայի կանոնները՝ կարդացի այս նախադասությունը. «Չանցավ և մեկ տարի, երբ հոգուս ինչ-որ մի մաս, որը, ցավոք, ամենակարևոր մասն էր, անհետացավ…»

Այս նախադասությունը կարդալուց հետո մտածեցի, թե տողերի հեղինակը կամ հանցագործ է, ով ծանր հանցանք կատարելով`կորցրել է հոգու ամենակարևոր մասը, հավանաբար`խիղճը կամ էլ դժբախտ մեկը, ով, կորցրած լինելով իր սիրելի էակին, այլևս անկարող է ապրել`զգացմունքներ ունենալ: Շարունակելով կարդալ՝ պարզեցի, որ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը: Տողերի հեղինակը դատավոր է: Անհայտ դատավորի այս հուշերը տեղ են գտել իրավագիտական դասագրքերում:

Դատավորը շարունակել է այսպես.

«Ես դարձա ավտոմատ: Դատապարտելով մարդուն 15 տարվա ազատազրկման` անմիջապես մոռացա նրա մասին. ախորժակով ուտում եմ, հաճույքով խմում և խորը քուն մտնում`գիտակցելով, որ այսօր շատ բեղմնավոր աշխատեցի հանուն Հայրենիքի: Այժմ ես ավտոմատ եմ: Մարդը բարձր, խորհրդավոր  ու փխրուն արարածի փոխարեն իմ համար դարձել է հանցագործության սուբյեկտ»:

Մի՛ դարձեք ավտոմատ, դատավորնե՛ր…

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅԱԶՆ
պատվի հա՞րց։ սրանք ե՞րբ են պատիվ ունեցել որ։ պատիվ ւոնենային մարդասպան լիսկան էսօր հանգիստ կֆռֆռա՞ր իսկ ազատմարտիկները բանտում նստած կմնայի՞ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter