HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:  Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նախագահ Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ:

ՌԴ Նախագահին Հայաստանի Նախագահը մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով:

Նախագահի խոսքով, քաղաքական արգասաբեր երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքերով հասնել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հիմնվելով ռազմավարական հարաբերությունների ամուր կապերի վրա՝ Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն կխորացնեն առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար համագործակցությունը՝ կառուցելով բազմապլան ինտեգրացիոն փոխգործակցություն՝ ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Դա, անկասկած, համապատասխանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով ընթացող մեր երկրների արմատական շահերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter