HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակային բարեփոխումների առաջարկ

Կենսաթոշակային համակարգը յուրաքանչյուր պետության ու հասարակության համար յուրահատուկ սոցիալական համերաշխության ձև է: Կենսաթոշակային համակարգի միջոցով մենք հնարավորություն ենք ստեղծում հասարակության ծեր անձանց համար ապահովելու իրենց կենսական կարիքները, երբ  նրանք հնարավորություն չեն ունենա աշխատելու և հոգալու այդ ամենը: Պատմության տարբեր ժամանակահատվածներում տարիքով  մարդկանց խնամել են իրենց իսկ զավակները, իսկ անզավակների համար հոգ են տարել կրոնական կառույցները, որոշ պետական ծրագրեր, կամ ուղղակի այդ մարդիկ մահացել են, որը ամենահաճախն է պատահել: Ժամանակակից պետական համակարգերում ծերերի խնամքը և նրանց նկատմամբ հոգատարությունը ոչ միայն նրանց զավակների պատասխանատվությունն է, այլև ամբողջ հասարակության պատասխանատվությունը: Այն իրականացնելու համար տարբեր երկրներում կիրառվում են բազմաթիվ մոդելներ և մեխանիզմներ:

Ինչ մոդելներ են կիրառվել Հայաստանում, և ինչ է առաջարկվում այսօր մեզ: Կենսաթոշակային համակարգը որպես պետական քաղաքականության մաս ներդրվել է դեռևս Խորհրդային Հայաստանում: Այն ժամանակ հավաքագրվում էին որոշակի սոցիալական վճարներ, որից հետո, հիմք ընդունելով, թե նրանք քանի տարի են աշխատել, բաժանվում էր կենսաթոշակառուներին: Հաշվի չէր առնվում ստացված վարձատրության չափը, որը սովետական համակարգի համար նույնիսկ բնական էր, քանի որ այնտեղ վարձատրության չափերը շատ չէին տարբերվում:

Մինչ այժմ կենսաթոշակները վճարվում էին աշխատող մարդկանց վճարած սոցիալական վճարներից և բյուջե մուտք գործած այլ հարկերից: Այսպիսով, ողջ հանրությունը պատասխանատվություն էր ստանձնում տարեցների հանդեպ, և եթե երիտասարդ սերունդը վճարեր ավելի շատ հարկեր, ապա տարեցները ավելի լավ կապրեին ու հակառակը: Ներկա կուտակային համակարգն ամբողջությամբ փոփոխում է մինչ այս եղած սոցիալական պաշտպանության ավանդույթները և համակարգը, որն էլ առաջացանում է նման հակազդեցություն:

Առաջին սկզբունքային փոփոխությունն այն է, որ երիտասարդ սերունդն այլևս պատասխանտվություն չի կրում ավագ սերնդի համար, և իր վճարներն ուղղակի տարիներով հավաքվում են` ապագայում օգտագործելու համար: Այսինքն` ՀՀ-ում դադարում է գործել կենսաթոշայաին համակարգի սոցիալական համերաշխության սկզբունքը: Այս մոդելն ավելի «էգոիստական» է և միաժամանակ ավելի խոցելի, քանի որ սխալ ներդրման կամ ապագա գումարի պահպանման սխալ ընտրության դեպքում ոչ ոք պատասխանատվություն չի կրելու ձեր արժանապատիվ ու բարեկեցիկ ծերության համար` բացի պետության երաշխավորած նվազագույն գումարի չափից: ՀՀ-ի համար առաջարկված տարբերակը ժամանակակից էգոիստական մոդելներից վատագույնն է, քանի որ խախտում է յուրաքանչյուրի ազատ ընտրության իրավունքը, գումարների կուտակման համար նախատեսված է միայն մեկ տարբերակ՝ հավաքել դրանք արտասահմանյան ֆոնդերում, և չկա ընտրության այլ հնարավորութուն: Ֆոնդերի սնանկության պարագայում ոչ մի պետական կառույց պատասխանատվություն չի ստանձնում ամբողջական փոխհատուցման համար, և միևնույն ժամանակ այդ անորոշության ու ռիսկայնության պայմաններում նաև ներդրում է ունենում պետությունը՝ օգտագործելով բյուջեի գումարները: Հանրային ընկալման մեջ արմատավորվել է 5 տոկոսի հարկումը, սակայն այն կրկնակի է՝ 10 տոկոա, մնացած 5 տոկոսը վճարում է  պետությունը, այսինքն` կրկին մենք ենք վճարում: Իսկ այդ գումարի 1 տոկոսն էլ վճարում ենք ֆոնդերի կառավարիչներին` մեր գումարները տնօրինելու համար:

Այսպիով, մենք աղքատանում ենք, հարստանում են միջազգային անկառավարելի ֆոնդերը: Իսկ քանի դեռ վերացված է սերունդների միջև սոցիալական համերաշխությունը,  ապա մարդիկ կլինեն աղքատ ու անպաշտպան միայնակ ծերության մարտահրավերների դեմ հանդիման:

Նման խորքային բարեփոխումներ սկսելուց առաջ պետք է հանրային լայն քննարկումներ կազմակերպվեին` հասկանալու, թե արդյոք մենք ցանկանու՞մ ենք նման փոփոխություններ, ցանկանու՞մ ենք ապագայի համար գումար կուտակել և մեր ապագայի գումարները վստահել միջազգային ֆոնդերին, թե՞ ցանականում ենք այն պահել մեր բարձերի տակ:

ՀՀ-ում կենսաթոշակային համակարգի փոփոխությունները պետք է ապահովեն սերունդների համերաշխության և Սահմանադրության սոցիալական պետության հիմնարար սկզբունքները: Ծերերի համար ապոհովեն արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ նվազագույն շեմը՝ պարեն, հագուստ, հիգիենիա, կացարան, կենցաղային ծախսեր, առողջապահություն, սոցիալիզացիա, մշակույթ: Այս երկու դրույթները պետք է լինեն հիմնարար հանրային քաղաքականության նոր սպասվող փոփոխությունների ժամանակ:

Բացի այդ, մենք ապագան դիտարկում ենք բավարար փող ուեննալու դիտանկյունից և ինչքան շատ` այնքան լավ սկզբունքով: Եթե մենք նվազագույն շեմի մեջ մտնող պարտադիր պահանջմունքները կարողանանք ապահովել միչև ծերություն, ապա դրա համար անհրաժեշտ չի գումար հավաքել, օրինակ` կացարանը, կամ եթե ապագայում այնպիսի մեխանիզմ գործի, որ առողջապահական համակարգը լինի անվճար, ապա պետք չէ դրա համար գումար կուտակել և այլն:

Գործնական առաջարկներ

 1. Սկսել քննարկումներ սոցիալական ապահովության ու զարգացման հայեցակարգի վերաբերյալ ու բացահայտել կենսաթոշակային համակարգի տեղը և ֆունկցիան այդ համակարգում:

2. Դադարեցնել որևէ տեսակի հարկում կամ գումարի կուտակում մինչև ամբողջական հայեցկարգի ու ըստ դրա նոր կենսաթոշակային համակարագի մշակումը, իսկ եթե ամեն դեպքում անհրաժեշտ է հարկումը, ապա այն դարձնել ընդամենը 3 տոկոս, ասինքն` հանել պետության 5 տոկոս վճարումը, իսկ աշխատողի 5 տոկսն էլ դարձնել 3 տոկոս:

4. Մասնավոր ֆոնդերին զուգահեռ ստեղծել նաև պետական ֆոնդ, որպեսզի հանրությունը ունենա ընտրելու հնարավորություն:

5. Սկսել քննարկումներ` ստեղծելու փոքր կոոպերատիվ ֆոնդեր, որտեղ աշխատողներն իրենք կարող են կատարել իրենց սեփական ներդրումները և հիմնել  սոցիալական  բիզնեսներ: Սա կօգնի նաև զարգացնել ասոցիատիվ մշակույթը:

6. Պետք է մշակել պետական, մասնավոր ու աշխատավորական միություններով զարգացման ծրագրեր առողջապահության, բնակարանաշինության ոլորտում, որպեսզի այսօրվա ներդրումները ապահովեն ապագայում իրենց հասանելի ծառայությունները:

Այս գործնական առաջարկներն ուղղակի հնարավոր բազմաթիվ տարբերակներից են, մասնագիտական ու մասնակցային քննարկումների կարիք կա:

Ամենակարևորը սկզբունքների կիրառումն է, և մենք կարող ենք ստեղծել նոր, արժանապատիվ և բարեկեցիկ համակարգ, որը կարող է ուրույն տարբերակ լինել և ոչ մի կապ չուեննալ նախկին կամ ներկա համակարգերի հետ: Կարևորը մեր մոտեցումներն ու պատկերացումներն են մեր ապագայի ու հասարակության տարեց անդամների հանդեպ:

Գոռ Հակոբյան, քաղաքագետ, հանրային քաղաքականությունների մասնագետ, ՄԻԺԻ-ի փոխնախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter