
Թբիլիսիում Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
Հունիսի 12-ին, Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Լադո Ասաթիանի (նախկին Բայբության) փողոցի վրա գտնվող շենքի պատին բացվեց Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական ծառայությունը:
«Հուշատախտակի բացման նախաձեռնությունը սկսվել է 2013թ.-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի քաղաքապետարանի փոխհամաձայնության շնորհիվ: Կային մի շարք պայմանավորվածություններ, որոնց թվում նաև մի քանի հուշատախտակների բացման պայմանավորվածություն: Տվյալ փոխհամաձայնության շրջանակներում սա թվով երրորդ հուշատախտակի բացումն է: Մոտ ապագայում ականատեսը կլինեք նաև Մանթաշովի հուշատախտակի բացման արարողությանը: Տվյալ հուշատախտակի բացման նախապատրաստական աշխատանքներում որևէ խնդիրներ չեն եղել: Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերություններից մեկում տեսանյութ եղավ` նվիրված Թբիլիսիում հուշատախտակների բացմանը, այնտեղ ել կարևորվեց այս նախաձեռնությունը, և Թբիլիսիի քաղաքապետարանի դրական վերաբերմունքը այս ամենին փաստում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու:
Նմանատիպ հուշատախտակների բացումը օգնում է հավերժացնել ծագումով հայ, թբիլիսաբնակ բոլոր այն ականավոր, հանրահայտ, աշխարհահռչակ գործիչների հիշատակը, որոնք անհամեմատ մեծ ներդրում են ունեցել Թիֆլիսի զարգացման գործում: Նրանց ճանաչումը հանգեցնում է երկու ժողովուրդների առավել սերտ համագործակցությանը, միմյանց պատմությունը ճանաչելուն, ավելի արդյունավետ գործելուն»,- բացման արարողության առիթով ասել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը:
Այսօր բացված հուշատախտակի շնորհիվ այսուհետ յուրաքանչյուր անցորդ Թբիլիսիում, հետաքրքրության դեպքում, հնարավորություն կունենա կարդալու և իմանալու, որ այդ տանը ապրել է հայազգի աշխարհահռչակ գիտնական,ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանը:
Մեկնաբանել