Գյումրու ավագանին պատրաստ է բյուջեից 40 մլն դրամ հատկացնել երգող շատրվան ունենալու համար
Մարիամ Խալաթյան
Գյումրու ավագանին այսօր գումարեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին մեծամասամբ դրամական միջոցներ հատկացնելու վերաբերյալ հարցեր: Մասնավորպես մեծ հետաքրքրություն առաջացրեց Վարդանանց հրապարակի շատրվանը գունաերանգային «երգող» շատրվանի վերափոխելու մասին հարցը: Բյուջեից այդ նպատակով 40 մլն դրամ է հատկացվելու:
Աշխատանքներին իր մասնակցությունն է ունենալու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դասընկերը: «Շատ բաներ հիմա արվում են քաղաքում ընկերական, մարդկային հարաբերությունների արդյունքում: Ի՞նչ է, մտածում եք մենք շատ մեծ բյուջե ունե՞նք, որ քաղաքում այսքան բան է արվում»,- նկատեց քաղաքապետը:
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հարցը զեկուցող քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանից հետաքրքրվեց. «Դուք շատ լավ ծանոթ եք քաղաքի ենթակառուցվածքներին, համարու՞մ եք, որ գումարն ավելի արդյունավետ չենք կարող ծախսել, ենթադրենք` փողոց նորոգել կամ մեկ այլ շատրվան նորոգվի»:
Քաղաքապետարանի պաշտոնյան հակադարձեց, որ քաղաքապետարանը նաև այլ ոլորտներում է պարտավոր ներդրումներ անել. «Քաղաքապետարանի խնդիրը միայն ասֆալտապատում իրականացնելը չէ, այլ տարբեր ոլորտներում համաչափ զարգացում ապահովելը»:
Համաչափության մասին Լևոն Բարսեղյանը շարունակեց, թե Գյումրու փողոցների 80 տոկոսն ավերակ է, ինչու՞ չեք մտածում ծայրամասերում էլ գումարներ ծախսելու և կենտրոնին հատկացվող միջոցները նվազեցնելու մասին: Այստեղ պաշտոնյան արդարացավ, թե փողոցներն էլ են ասֆալտապատում, որտեղ չեն կարող` խճապատում են, հետո նեղսրտած ավելացրեց. «Ինձ թվում է` շատրվանը մեզ պետք է: Վերջը, մենք էլ ենք մարդ, էլի»:
Ավագանու որոշմամբ դրամական օգնություն տրամադրվեց 163 սոցիալապես անապահով ընտանիքի, հաջողությունների հասած մարզիկներին պարգևատրելու, ԵԿՄ Գյումրու տարածքային բաժանմունքին, դրամատիկական թատրոնին և այլ նպատակներով: Գյումրու ավագանին դրամական աջակցություն տրամադրեց նաև նորաստեղծ դենդրոպարկում ջրագծի անցկացման համար:
Այստեղ տնկվել է մոտ 150 ծառ և 40 թուփ, սակայն տարածքը չունի ոռոգման ցանց, և ամառային ամիսներին ծառերի կյանքը վտանգված է: Ինքնահոս ոռոգման համակարգ ստեղծելու համար դենդրոպարկի կազմակերպիչները որոշ գումար են հայթայթել, իսկ աշխատանքներն ավարտելու համար համայնքի բյուջեից հատկացվեց անհրաժեշտ 45000 դրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել