HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողում բոլորն են ցանկանում պղտոր ջուրը փոխարինել մաքուրով

Լուսինե Փասադանյան

Շնող գյուղում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Աշխատանքներն իրականացնող «Շինաշխարհ» ՍՊԸ-ի աշխղեկ Արամ Սաֆարյանի խոսքով՝ այս ընթացքում կառուցվել է մոտ 6 կմ պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ, տեղադրվել են ջրաչափերի համար նախատեսված դիտահորեր:

«Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասի աշխատակիցներն արդեն կատարել են ջրագծի միացման աշխատանքները: «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասի շահագործման բաժնի պետ Սամվել Սոխակյանը նշում է, որ ջրաչափերը  կտեղադրվեն ոչ թե բնակիչների տներում, այլ մայր ջրատարի ու դեպի տուն գնացող խողովակի սահմանազատման հատվածում: «Ջրաչափեր ձեռքբերելը եւ դեպի տուն գնացող խողովակների կառուցումը բնակիչների պարտականությունների մեջ է մտնում: Այս բոլորից հետո արդեն բնակիչները բաժանորդագրվելու համար պետք է պայմանագրեր  կնքեն «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ»,- ասում է Սամվել Սոխակյանը: 

Ծրագրի ավարտից հետո, սակայն, խմելու ջուրը հասանելի կլինի գյուղի 50%-ին: «Լոռի բերդի» ջուրն ինքահոս է եւ ավելի բարձր հատվածներ հասնել չի կարող: Այդ հատվածների բնակիչների տներ ջուրը կհասնի պոմպակայանի օգնությամբ միայն»,- ասում է վերջինս: Այն, որ գյուղի միայն 50%-ը կարող է այս ծրագրից հետո ջուր ունենալ, արդեն իսկ բնակիչների դժգոհությունն է առաջացրել: 

Համայնքապետ Հովիկ Սահակյանը նշում է, որ գուղի բյուջեով, որը տարեկան կազմում է 83 մլն դրամ, անհնար է պոմպակայն կառուցել: «Բյուջեի միայն 72%-ը կազմում է համայնքապետարանի ու նրա ենթակա հիմնարկների՝ մանկապարտեզի, մանկական արվեստի դպրոցի ու մշակույթի տան աշխատակիցների աշխատավարձերը»: Հովիկ Սահակյանի խոսքով՝ պոմպակայանի կառուցումը հրատապ լուծում պահանջող հարց է: Ուստի, նպատակ ունեն եկող տարի գյուղում պոմպակայան կառուցել, որի միջոցով հնարավոր կլինի ջուրը հասցնել մինչեւ գյուղի ամենաբարձր կետը: Այս դեպքում ջուր կստանա ամբողջ գյուղը:  «Այս ուղղությամբ մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում, հարցը լուծելու ելքեր ենք փնտրում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի օգնությամբ հանդիպել ենք «Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրենի հետ: Նրանք մեզ խոստացել են մասնագիտացված խումբ ուղարկել Շնողում ուսումնասիրություն կատարելու համար, որից հետո արդեն պոմպակայան կառուցելու ծրագիր կմշակվի»,- նշում է համայնքապետը:

Վերջինս հայտնեց, որ այս տարվա բյուջեով նախատեսում է ջրի նախկին խողովակների մասամբ վնասված հատվածնում վերանորոգում կատարել: «Եթե նույնիսկ ամբողջ գյուղում նոր խմելու ջրագիծ կառուցվի, մենք շարունակելու ենք նախկին ջրագիծը շահագործել՝ թեկուզ միայն ոռոգման նպատակով»,- ասաց Շնողի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter