Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը
Այսօր` Երեւանի ժամանակով 23:40-ին, տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացման արարողությունը: Իսկ ուղիղ կեսգիշերին կսկսվի մրցաշարի տանտեր Բրազիլիայի եւ Հորվաթիայի հանդիպումը: Առաջին խաղը կկայանա Սան Պաուլուում: Իսկ եզրափակիչ խաղը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում:
32 հավաքականներ բաժանվել են 8 խմբի` յուրաքանչյուրում 4-ական թիմ: Խմբերում յուրաքանչյուր թիմ կանցկացնի 3 հանդիպում, այնուհետեւ լավագույն 2-ը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ: Այստեղ եւ մյուս փուլերում կգործի օլիմպիական սկզբունքը` պարտվողը կթողնի ասպարեզը: Ահա 8 խմբերը.
A.Բրազիլիա, Հորվաթիա, Մեքսիկա, Կամերուն
B.Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա
C.Կոլումբիա, Հունաստան, Կոտ դ’Իվուար, Ճապոնիա
D.Ուրուգվայ, Կոստա Ռիկա, Անգլիա, Իտալիա
E.Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս
F.Արգենտինա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Իրան, Նիգերիա
G.Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ
H.Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Հարավային Կորեա
Աշխարհի 20-րդ առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայի 12 քաղաքներում` Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլու, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա, Կուրիտիբա, Պորտու Ալեգրի, Կույաբա, Սալվադոր, Մանաուս, Ֆորտալեզա, Նատալ, Ռեսիֆի:
Աշխարհի առաջնություններն անցկացվում են 1930-ից: Առաջին չեմպիոնը Ուրուգվայն էր, 1934-ին եւ 1938-ին հաջողությունն ուղեկցել է Իտալիային, այնուհետեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը ընդհատեց մրցաշարի շարքը: 1950-ի առաջնությունում, որն, ի դեպ, անցկացվեց հենց Բրազիլիայում, երկրորդ անգամ չեմպիոն դարձավ Ուրուգվայը: 1954-ին Գերմանիան (ԳՖՀ) նվաճեց ոսկին, իսկ հետո եկավ Բրազիլիայի հաղթանակ ժամանակաշրջանը. ֆուտբոլի կախարդները հավասարը չունեին 1958 եւ 1962 թթ. առաջնություններում: Այդ ժամանակ էլ փայլատակեց ֆուտբոլի ապագա արքան` Պելեն: 1966-ը հաջողակ էր Անգլիայի համար, իսկ 1970-ին Բրազիլիան երրորդ անգամ նվաճեց ոսկե բարձունքը: 1974-ին ԳՖՀ-ն գերազանցեց տոտալ ֆուտբոլի մասնագետ հոլանդացիներին, իսկ 1978-ին հավասարը չուներ Արգենտինան: 1982-ը երրորդ չեմպիոնությունը բերեց Իտալիային, 4 տարի անց` 1986-ին, Մարադոնայի Արգենտինան դարձավ առաջինը: 1990-ը երջանկաբեր էր ԳՖՀ-ի համար, իսկ 1994-ին Բրազիլիան դարձավ քառակի ոսկե դափնեկիր: 1998-ը Զիդանի տարին էր. Ֆրանսիան լավագույնն էր, 2002-ին Բրազիլիան 5-րդ անգամ հասավ գագաթին, իսկ 2006-ին Իտալիան նվաճեց չորրորդ գավաթը: 2010-ն էլ Իսպանիայի առաջին չեմպիոնության տարին էր:
Այս առաջնությունում մասնագետները գլխավոր ֆավորիտ են համարում պենտակամպեոններին (հնգակի չեմպիոններին)` բրազիլացիներին: Բարձր են գնահատվում նաեւ Արգենտինայի, Գերմանիայի, Իսպանիայի հնարավորությունները:
Մինչեւ 1970 թ. ներառյալ աշխարհի առաջնության հաղթողին տրվում էր հաղթանակի աստվածուհու` Նիկեի տեսքով արձանիկը: Այս մրցանակը 1946-ից կրում էր ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի անունը, որն էլ հենց մրցաշարի նախաձեռնողն էր: Մրցանակը պատրաստված էր ոսկեպատ արծաթից եւ լազուրիտից, կշռում էր 3,8 կգ: Էսքիզի հեղինակը ֆրանսիացի Աբել Լաֆլյորն էր: 1970-ին, երբ բրազիլացիները երրորդ անգամ նվաճեցին այն, ըստ կանոնակարգի, մրցանակը վերջնականապես ի պահ հանձնվեց եռակի հաղթողներին: Սակայն 1983-ին թանկարժեք արձանիկը գողացվեց եւ այդպես էլ չգտնվեց: 1974-ից փոխանցիկ սկզբունքով խաղարկվում է ներկայիս գավաթը: ՖԻՖԱ-ի աշխարհի այս գավաթը պատրաստված է ոսկուց, կշռում է 5 կգ: Էսքիզի հեղինակը իտալացի քանդակագործ Սիլվիո Գացանյան է, պատրաստողը` «Bertoni» ընկերությունը:
Աշխարհի 20-րդ առաջնության թալիսմանը Ֆուլեկո անունով զրահակիրն է, որը Բրազիլիայի ամենահայտնի կենդանիներից է: Պաշտոնական երգը «We Are One (Ole Ola)» կատարումն է, որը ներկայացնում են Pitbull-ը, Ջենիֆեր Լոպեսը եւ Կլաուդիա Լեյտեն:
Առաջնության բացման խաղը կսպասարկի ճապոնական մրցավարական բրիգադը` Յուիչի Նիշիմուրայի գլխավորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել