Համայնքների շնչառությունը փակվեց, երբ օրենքն ստորադասվեց որոշմանը
Արմինե Ղուկասյան
2005 թ.-ին, երբ Կառավարության որոշմամբ հաստատվեց Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը, ակնհայտ դարձան համայնքի հողային կորուստները: Սեւանի քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը, ով վերջին մեկ տարում ամենայն մանրամասնությամբ զբաղվում է համայնքի վարչական սահմաններով պայմանավորված հիմնախնդիրներով, փաստում է. «Սեւան համայնքի վարչական սահմանների հողային հաշվեկշիռը կազմում է 1775.69 հա, այն դեպքում, երբ 1995թ·-ին հաստատված գլխավոր հատակագծով Սեւանն ուներ 2675 հա: Փաստորեն, Կառավարության 2005 թ· որոշմամբ կասեցվեց Սեւանի առողջարանային քաղաքի ուղղվածությունը, քաղաքը զրկվեց իր հողերից:
Ի հավելումն սրան` Կառավարության 2005 թ· մեկ այլ որոշմամբ՝ Սեւան քաղաքի վարչական սահմաններից 444.23 հա հողատարածք անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրվել է ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: 2008 թ. չափագրման արդյունքներով վերը նշված հողատարածքը կազմում է 540 հա, որտեղ ներառված են նաեւ 5.97 հա հողատարածք զբաղեցնող հիվանդանոցը եւ նրան կից հասարակական կառույցը: Այսինքն` ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին իրականում հանձնվել է 534 հա հողատարածք»:
««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերի մասին կառավարության 2009թ· N 1438-Ն որոշմամբ սահմանվում է` ««Սեւան» ազգային պարկի» տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գանձած վճարների առնվազն 30%-ը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը՝ ««Սեւան» ազգային պարկ»-ի եւ համապատասխան համայնքի ղեկավարի միջեւ կնքված պայմանագրերին համապատասխան:
Սեւանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն` ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականության հողերի վարձավճարների 30%-ն սկսել է համայնքի բյուջե վճարել ՀՀ կառավարության 29.06.2006թ. N 907-Ն որոշման հիման վրա` հետեւյալ չափերով (մլն դրամ)`
|
Հ/Հ |
Տարիներ |
Հաշվարկ |
Վճարում |
Պարտք |
|
1 |
2006թ. |
11.0 |
7.2 |
3.8 |
|
2 |
2007թ. |
11.0 |
5.0 |
9.8 |
|
3 |
2008թ. |
21.1 |
5.6 |
25.3 |
|
4 |
2009թ. |
11.7 |
16.3 |
20.7 |
|
5 |
2010թ. |
5.3 |
17.2 |
8.8 |
|
6 |
2011թ. |
14.9 |
21.6 |
2.1 |
|
7 |
2012թ. |
15.4 |
13.3 |
2.7 |
|
8 |
2013թ. |
16.8 |
3.7 |
15.8 |
Որոշումն ընդունելու ժամանակից անցել է համարյա 5 տարի: Քաղաքապետի խորհրդական Ռաֆայելյանը նշում է, որ 534 հա-ից ընդամենը 291 հա-ի հաշվարկված գումարներն են փոխանցվում Սեւան համայնքի բյուջե: 291 հա-ի համար կնքված պայմանագրերում վարձավճարների չափերը տատանվում են 3 դրամից մինչեւ 100 դրամ:
«2013 թ. տարվա արդյունքներով համայնքի բյուջե է վճարվել ընդամենը 1 մլն դրամ, այն դեպքում, երբ ազգային պարկն ավելի շատ վարձավճար է գանձել, իսկ մշակված առկա պայմանագիրը հնարավորություն չի տալիս օրենքով սահմանված կարգով պահանջել եւ գանձել արդեն իսկ ազգային պարկի գանձած գումարները: Պայմանագրի մյուս թերի կողմն այն է, որ հստակ չէ վարձավճարներն համայնքի բյուջե վճարելու ժամկետները, չկա ուշացման համար տույժերի հաշվարկման մեխանիզմ: 2013թ. ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարձավճարների գումարների` համայնքի բյուջե չվճարելու հետեւանքով համայնքի բյուջեի սեփական եկամուտների թերակատարումը կազմում է շուրջ 14%: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ սեփական եկամուտների կատարումը հասցվել է 86.3%-ի, միչդեռ ազգային պարկի վճարումների դեպքում` այն կկազմեր 100 եւ ավելի տոկոս»,- նշում է պրն Ռաֆայելյանը:
2009 թ·-ին ընդունված որոշման 2-րդ կետում 2013թ·-ի հունիսի 27-ին կատարվեց փոփոխություն, այն է` «գանձված վճարների» բառերից հետո լրացվեց «ավելացված արժեքի հարկ վճարելուց հետո մնացած մասի» բառերով:
Դեռեւս տարեսկզբին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախկին վարչապետ Տ. Սարգսյանին հղած նամակում համայնք-ազգային պարկ հարաբերությունների, առկա հիմնախնդիրների ներկայացման ժամանակ նշել էր. «2013թ. հուլիս ամսից հետո ընկած ժամկետի համար էլ ավելի է պակասելու համայնքի բյուջե ազգային պարկի վճարելիք 30% վարձավճարի չափը` պայմանավորված այն հանգամանքով, որ ազգային պարկը համայնքների գումարների հաշվին է վճարելու ԱԱՀ-ն: Այս դեպքում արդեն 30% հասկացողությունը մեխանիկորեն դառնում է 25%: Կառավարության համապատասխան որոշման հիման վրա համայնքի բյուջե վճարվող վարձավճարները 25% դառնալուց հետո ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սեւան համայնքի հետ պայմանագիր չի կնքել»:
Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանը նկատում է, որ երկու կառույցների միջեւ պայմանագրային պարտավորությունները խաթարվել են 2013թ·-ի երկրորդ կիսամյակից: «Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունից հետո ազգային պարկի տնօրինությունը կարծում է, որ նոր պայմանագիրը պետք է կնքվի 2014թ·-ի հունվարի 1-ից եւ ոչ թե 2013թ. հուլիսից: Նրանք պահանջում են 2013թ. երկրորդ կիսամյակը համարել անցած էտապ եւ բաց թողնել»,- ասում է Է. Ղազարյանը:
Այսպիսով, ստեղծվել է մի փակ շրջան, որի պատճառով համայնքը հնարավորություն չունի հետ ստանալ իր գումարները: Ուսումնասիրելով հայաստանյան օրենսդրական դաշտը` քաղաքապետարանի պատասխանատուները իրավամբ հարց են բարձրացնում` ի՞նչ կարգով կամ ինչո՞ւ է որոշվել, որ վարձավճարների 30%-ը պետք է հատկացվի համայնքերի բյուջե, չէ՞ որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածների համաձայն` համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարների 100%-ը վճարվում է համայնքի բյուջե, իսկ այս պարագայում ճիշտ հակառակն է: Օրենքը, չգիտես ինչու, ստորադասվել է որոշմանը` փակելով համայնքների շնչառությունը:
Քաղաքապետարանի պատասխանատուները եւս մեկ անգամ շեշտում են, որ դրանով խախտվել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի, ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի, ինչպես նաեւ ՀՀ նախկին եւ գործող Հողային օրենսգրքի պահանջները, համաձայն որոնց հողի հատկացման` օգտագործման կամ վարձակալության տալու իրավասությամբ օժտված են համայնքների ղեկավարները, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետները:
«ՀՀ ՏԻՄ օրենքի 57-րդ հոդվածի 3ա կետի համաձայն` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականության հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները համարվում են համայնքի բյուջեի ձեւավորման հիմնական աղբյուրներից մեկը: Նույնն է փաստում նաեւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.3ա կետը,- պարզաբանում է Ռաֆայելյանը,- սակայն նշված օրենքներով ամրագրված համայնքային շահերն անտեսելով, Կառավարության 29.06.2006թ.-ի «ՀՀ կառավարության` 2002թ. մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 907 որոշմամբ սահմանվել է, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինմանը հանձնված Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների տարեկան գումարի 30%-ն է փոխանցվում համապատասխան համայնքներին»:
Խնդրահարույց հարցերը քիչ չեն ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ համայնքների միջեւ` սկսած օրենսդրական դաշտից մինչեւ հողհատկացումներ, գումարային խնդիրներից մինչեւ պայմանագրային պարտավորություններ: Ներկայումս Սեւան համայնքի եւ ազգային պարկի միջեւ նոր պայմանագրի կնքման բանակցային փուլն է ընթանում, որը կարծես թե մտել է փակուղի: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի տեղեկացմամբ` հարցի կարգավորման նպատակով դիմել են կառավարություն, բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարություններ: Մինչ այդ համապատասխան գրություն է ուղարկվել ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանին` նոր պայմանագիր կնքելու գործողության ժամկետի վերաբերյալ: «Նկատի ունենալով, որ Կառավարության 10.12.2009թ. N1438-Ն որոշման 2-րդ կետը փոխվել եւ ուժի մեջ է մտել 2013թ. 2-րդ կիսամյակից հետո, ուստի ժամկետի առումով նոր պայմանագրի գործողության ժամկետը պետք է սկսվի 2013թ·-ի 2-րդ կիսամյակից, ոչ թե 2014թ·-ի հունվարից»,- նշված է գրության մեջ:
Ի պատասխան այս գրության ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը հայտնել է· «ՀՀ օրենսդրությամբ արգելված է հետին ամսաթվով պայմանագրեր կնքել եւ գործարքներ կատարել, ուստի ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը չի կարող պայմանագրի մեջ ներառել 2013 թ. 2-րդ կիսամյակը»:
Փաստորեն, խնդիրը մնում է առկախ, իսկ իրողությունն այն է, որ 2013թ· հուլիսից մինչ օրս ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը համայնքի բյուջե գումար չի վճարել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել