HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վերափոխվող քաղաքը` Դիլիջան

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ մեր հարցազրույցը վերջին երեք տարիներին քաղաքում տեղի ունեցող վերափոխումների մասին է: Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ֆինանսական, կրթական եւ մշակութային քաղաք հայտարարված Դիլիջանը, փոփոխությունները որքանո՞վ են նպաստել քաղաքի տնտեսական զարգացմանը, բնակիչների կենսամակարդակի աճին:  

Պրն Սանթրոսյան, Դիլիջանը ֆինանսական եւ մշակութային քաղաքի վերածելու Կառավարության տեսլականն արդեն իրողությո՞ւն է:

Ֆինանսական կենտրոնի ձեւավորման գործընթացի իրականացման լավագույն վկայություններից է արդեն երկրորդ տարին քաղաքում գործող Կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը», եւ այն, որ Դիլիջան է տեղափոխվել Կենտրոնական բանկի աշխատակիցների 50-ից ավելի ընտանիք: Արդեն երրորդ տարին է, ինչ գործում է ՀՀ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը, որտեղ ընդգրկված են շուրջ 200 դպրոցականներ եւ երիտասարդներ: Բացի այդ, կենտրոնը կազմակերպում է բազմապիսի դասընթացներ` ներգրավելով ինչպես հանրապետության բուհերի դասախոսների, այնպես էլ արտասահմանցի առաջատար մասնագետների: Անցած տարի կազմակերպվեց ֆինանսական բացօթյա ցուցահանդես, որտեղ հանրապետության բանկերն իրենց տաղավարներով բնակչությանն ապահովում էին անհրաժեշտ ֆինանսական տեղեկատվությամբ:

Դիլիջանը եղել է մշակութային քաղաք, ունի մշակութային հարուստ ավանդույթներ: 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները Դիլիջանում գործել է «Ռոտոնդան»՝ ամռային ամֆիթատրոնը, որտեղ հայ բեմի խոշոր վարպետների ներկայացմամբ բեմադրվել են հայ եւ արտասահմանցի դրամատուրգների շատ նշանավոր գործեր: «Ռոտոնդան» եղել է ողջ կովկասահայ մտավորականության ամենահայտնի հավաքատեղիներից մեկը: Դիլիջանը հանրապետությունում առաջիններից մեկն է, որտեղ ստեղծվել է պետական թատրոն, ունի 130-ամյա փողային նվագախումբ, 110-ամյա գրադարան, 145-ամյա դպրոց, երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման հանրապետությունում հայտնի «Թումո» եւ «Այբ» կրթական կենտրոնների մասնաճյուղեր, հանրապետությունում եզակի «Հին Դիլիջան» պատմամշակութային համալիրը:

Դիլիջանի տարածքում է գտնվել Ռեդկին լագեր նշանավոր հնավայրը, որի գտածոները ցուցադրվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Երեւանի եւ Թբիլիսիի պատմության թանգարաններում եւ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում, որն ի դեպ, հանրապետության հարուստ թանգարաններից մեկն է:

Դիլիջանը նաեւ ֆինանսաբանկային տարածաշրջանային կենտրոն դարձնելու ուղղություն է հռչակվել, քանի՞ բանկ է գործում այսօր այստեղ եւ ի՞նչ առավելություններ է այն տալիս քաղաքին:

Դիլիջանում գործում է 7 բանկ: Բանկերը գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, որն ավելի դյուրին է դարձնում բնակչության սպասարկումը եւ, բացի այդ, ստեղծված է մրցակցային միջավայր, որը լայն հնարավորություն է տալիս մեր համաքաղաքացիներին ավելի նպաստավոր ընտրություն կատարել ծառայությունների հարցում:

Կառավարությունը, երբ ներկայացնում էր Դիլիջանի զարգացման իր ծրագիրը` շատ հավակնոտ կանխատեսումներ էր անում: Մասնավորապես ասվում էր, որ ներդրումների արդյունքում տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12%-ով, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12%, աղքատության մակարդակը` մինչեւ 11%, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչեւ 35 հազար մարդ եւ այլն»: Ներկայացրեք խնդրեմ, թե արված կանխատեսումները որքանով են իրականանում:

Դիլիջանում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերը մեծապես նպաստում են ե՛ւ տնտեսության զարգացմանը, ե՛ւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, ե՛ւ տարբեր ոլորտների, հատկապես զբոսաշրջության զարգացմանը: Միայն «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 600 դիլիջանցիներ, այլ շինաաշխատանքներում եւս տեղացիները բավարար ներգրավված են: Պետեկամուտների կոմիտեն անցյալ տարվանից սկսել է «Ուսումնական կենտրոնի» կառուցումը՝ նախկինում Կինոմատոգրաֆիստների միությանը պատկանող հանգստյան տան հենքի վրա, եւ այս կառույցի շինարարական աշխատանքներում նույնպես մեծ թվով դիլիջանցիներ են ներգրավված: Բավականին մեծ թիվ են կազմում սպասարկման ոլորտի աշխատողները, շարունակվում է ընդլայնվել սննդի արտադրության ոլորտը: Ավելի շատ աշխատողներ են ներգրավվում հանքային ջրերի արտադրության մեջ, շուտով «Դիլի» ագրոարդյունաբերական համալիրում կգործարկվի պաղպաղակի արտադրամաս:

Դիլիջան քաղաքը կրթական, մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջային կենտրոն դարձնելն, ինչպես՞ անդրադարձավ քաղաքի վրա, կրթական եւ ֆինանսական հաստատությունների ներկայությունը Դիլիջանի համար զուտ վարկանիշ ապահովող ցուցանի՞շ է, թե նպաստեց նաեւ քաղաքի տնտեսական զարգացմանը, տեղական բյուջեի աճին:

Նման խոշոր ծրագրերի իրականացումը, բնականաբար, պահանջում է ենթակառուցվածքների զարգացում, ընդլայնում, առաջանում է աշխատողների պահանջարկ, գնալով ավելանում է մեր ազգաբնակչության ֆունկցիոնալ ներգրավվածությունը նոր ստեղծվող հիմնարկներում: Իմ պատասխանը որպեսզի ավելի առարկայական լինի՝ կարող ենք համեմատել քաղաքի վերջին երեք տարվա բյուջեն· 2012թ·-ին այն կազմել է 297 մլն 085,1 հազ· դրամ, 2013թ․-ին՝ 346 մլն 804,4 հազ· դրամ եւ 2014թ·-ին՝ 433 մլն 845 հազ․դրամ։

Որքանո՞վ արժեւորվեց անշարժ գույքը Դիլիջանում, հողի գինը աճուրդների ժամանակ աճ արձանագրե՞լ է նախորդ տարիների համեմատությամբ, այդուհանդերձ, նկատի ունենանք, որ Դիլիջանը առողջարանային քաղաք էր մինչ այդ։

Անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ բարձրացել է, այդ թվում նաեւ հողի: Ինչ վերաբերում է Ձեր հարցի այն մասին՝ Դիլիջանը որպես առողջարանային քաղաք, նկատի ունենանք, որ 90-ականներին այն նույնպես տնտեսական լուրջ անկումներ է ունեցել, եւ մեծ ջանքեր են պահանջվել կրկին առողջարանային տեսքը վերագտնելու համար:

Նկատելի է, որ 2013թ.-ի ձեր իրականացրած աճուրդներում հողի գնորդները հիմնականում տեղացիներ չեն, հանրապետության այլ մարզերի բնակիչներն ի՞նչ հետաքրքրություններ ունեն Դիլիջանում, Ձեզ հաջողվե՞լ է մրցունակ ներդրումային միջավայր ձեւավորել:

Մեր համաքաղաքացիները հիմնականում ներդրումներ են անում սպասարկման ոլորտի օբյեկտների ուղղությամբ, (հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստի գոտիներ) եւ այլն: Աճուրդների մեծ մասին մասնակցում են մեր համաքաղաքացիները: Այլ բնակավայրերի քաղաքացիները եւս հետաքրքրված են նմանատիպ բիզնեսով եւ կարծում եմ, որ մեզ հաջողվում է ստեղծել մրցակցային միջավայր:

Բնակավայրի զարգացումը չափելու երկու նախապայման կա՝ մարդկանց թվաքանակի ավելացումը եւ տեղական բյուջեի աճը: Քաղաքի բնակիչներն ինչպե՞ս են մասնակցում համայնքի զարգացմանը։ Վերջին տարիներին հազարավոր մարդիկ են լքել քաղաքը, վերադարձ եւ հետաքրքրվածություն նկատվո՞ւմ է: Արտերկրում ապրող դիլիջանցիները հետաքրքրվա՞ծ են ներդրումներով եւ ո՞ր ոլորտում:

Բնակիչների ներգրավվածությունն ապահովվում է ե՛ւ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու, ե՛ւ հիմնական մասնագիտական աշխատանքներով ֆունկցիոնալ ներգրավվածության առումով: Այս ամենը, բնականաբար, դրական ազդեցություն է ունենում բնակչության շարժի վրա, հակազդում է արտագաղթին: Վերջին տարիներին նկատելիորեն աճել է դպրոց ընդունվող երեխաների թիվը, եթե 2013թ·-ին դպրոց է հաճախել 179 երեխա, ապա 2014թ·-ին այդ թիվը կհասնի 200-ի: Արտերկրում ապրող մեր համաքաղաքացիներն, իհարկե, հետաքրքրվում են ներդրումներով, նրանց եւս առավելապես հետաքրքրում են առողջարանային եւ զբոսաշրջային սպասարկման ոլորտներըՎերջին 5-6 տարիներին ընտանիքներով չէին հեռանում, իսկ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողները հիմա աշխատանք ունեն քաղաքում: Արտերկրում բնակվող մեր քաղաքացիները քաղաքի վերակառուցմանը մասնակցում են բարեգործական ձեռնարկներով, բիզնես են ցանկանում հիմնել, իրենց տներն են բարեկարգում, նորն են կառուցում եւ այլն:

Կարծում եմ, այս բոլոր վերափոխումների առանցքում հենց մարդը պետք է լիներ, Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրերը որքանո՞վ են նպաստում բնակչության ներգրավվածությանը, նրանց կենսամակարդակը որակական փոփոխությունների ենթարկվե՞լ է: Այստեղ «Դիլիջանը դիլիջանցիների համար չէ» արտահայտությունը շատ տարածված է:

Քանի որ հարցադրման որոշ կողմերի հետ կապված նախորդ հարցերում արդեն իսկ տրվեցին պարզաբանումներ, ընդհանուր առմամբ կարելի է ամբողջացնելով ասել, որ հիմնադրամն աջակցում է քաղաքապետարանին տարբեր ոլորտներում՝ կապված նոր աշխատատեղերի ստեղծման, կրթական հնարավորությունների ընդլայնման, սպասարկման ենթակառուցվածքների զարգացման հետ: Քաղաքապետարանի եւ հիմնադրամի ջանքերը համատեղվում են, դրական ազդեցություն է ունենում եւ ունենալու է նաեւ մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա: Իմ կարծիքով, «Դիլիջանը դիլիջանցիների համար չէ» հոռետեսական մտայնությամբ արտահայտությունը չի արտացոլում իրական պատկերը, բոլորիս նպատակն է շենացնել Դիլիջանը եւ իրականացվող մեծ ծրագրերը նույնպես դրան են միտված:

Ինչպիսի՞ վերափոխումների է ենթարկվել քաղաքը վերջին 2-3 տարիներին, Դիլիջանը հայտնի է որպես ինքնատիպ ոճ ունեցող քաղաք, նոր կառույցներն, արդյոք, չեն վերափոխո՞ւմ քաղաքի մասին այս ընկալումները:

Նորակառույցներն իրենց կոնցեպցիայով կապ են ստեղծում անցյալի եւ ներկայի միջեւ: Օրինակ` 2009թ.-ին ամֆիթատրոնի կառուցումը նպատակ ուներ վերածնել ամառային թատրոն ունենալու մեր ավանդույթը: Հին Դիլիջանը ուրիշ տեսք է ունեցել եւ խորհրդային տարիներին, կապված բնակարանաշինության ծավալների եւ այդ ժամանակ ընդունված ոճի հետ՝ բավականին կերպարանափոխվել է, այժմ աշխատում ենք քաղաքաշինական ծրագրերը նպատակուղղել հին Դիլիջանի ճարտարապետական դիմագծի վերականգնմանը:

2014 թ.-ի համար տասնյակ ծրագրեր են պլանավորվել, այդ թվում նաեւ` Դիլիջանի եւ շրջակա համայնքների գլխավոր հատակագծի մշակում: Նկատի ունենանք, որ քաղաքի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել եւ հաստատվել է ընդամենը 8 տարի առաջ: Պատճառը Դիլիջանը խոշորացման պիլոտային ծրագրում ներառե՞լն է, թե՞ ներկա զարգացման տեմպին կամ ժամանակակից քաղաքաշինության պահանջներին այն այլեւս համահունչ չէ:

Իհարկե, նկատի ունենալով ե՛ւ քաղաքի զարգացման ներկա տեմպերը, ե՛ւ համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, չէին կարող չենթադրել քաղաքի նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը:

Դիլիջանը շրջապատված է երկու շատ հայտնի եկեղեցական համալիրներով` Գոշը եւ Հաղարծինը, իսկ խոշորացման արդյունքում դառնալով մեկ համայնք՝ քաղաքի մասն են կազմելու: Շռայլություն չէ՞ ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 22 -ի N 1075-Ա որոշումով  քաղաքում նոր եկեղեցու կառուցումը, հատկապես, երբ վերջին տասնամյակների եկեղեցաշինությունը փաստեց, որ ճարտարապետական միտքը թռիչքներ չի գրանցում, նոր կառուցված եկեղեցիները պարզապես շինություններ են, որոնցում Աստված բացակայում է:

Հաղարծինի եւ Գոշավանքի առկայությունը բավարար չէ մեր ազգաբնակչության հոգեւոր սպասարկման խնդիրները բավարարելու համար, վանական այդ համալիրները գտնվում են քաղաքից 10-25 կմ հեռավորության վրա, որն ինքնին լրացուցիչ դժվարություններ է հարուցում: Բացի այդ, Դիլիջանն իր պատմության ընթացքում ունեցել է 4 եկեղեցի եւ դրանք եղել են մեր քաղաքի ամենագեղեցիկ ու նշանավոր շինությունները, որոնք քանդել են խորհրդային շրջանում: 1930-ականներից հետո մեր քաղաքացիները մշտապես երազել են ունենալ իրենց եկեղեցին եւ 2006թ. ստեղծվել էր շատ բարենպաստ հնարավորություն: 2006թ. նոյեմբերին Դիլիջան էին ժամանել ֆրեզնոյաբնակ մեր հայրենակից, բարերար Ջոն Սթիվենսը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը՝ Դիլիջանում եկեղեցի կառուցելու հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Ամերիկացի մեր հայրենակիցն այդ գործի համար նվիրաբերեց 1 մլն դոլար (ցավոք, նա կարճ ժամանակ անց մահացավ): Վեհափառը հայտարարեց, որ 2007թ. գարնանը կսկսվի եկեղեցու շինարարությունը, սակայն մինչ այժմ ոչինչ չի արվել: Ավելին, մեզ համար անհասկանալի պատճառներով Մայր Աթոռը չարձագանքեց հարցի վերաբերյալ մեր ավելի քան 3 հազար համաքաղաքացիների ստորագրությամբ  ուղարկված դիմումին: 

Քաղաքում կոմունիկացիաներ, ենթակառուցվածքներ են ստեղծվում, քաղաքի բարեկարգմանն այս կամ այն մասով մասնակցում են գրեթե բոլոր նախարարությունները, քաղաքապետարանն իր բյուջեով որքանո՞վ է մասնակցություն ունենում դրանց, ի՞նչ է հնարավոր անել սեփական միջոցներով:

Քաղաքապետարանն իր սեփական միջոցներով կարողանում է բարեկարգել համայնքային նշանակության ճանապարհները, վերանորոգել ենթակառուցվածքները, պահպանել բնակարանային ֆոնդը՝ հիմնանորոգելով բնակելի շենքերի տանիքները, շքամուտքերը, վերելակները։ Կառուցում ենք խաղահրապարակներ, բարեկարգում բակային տարածքներ, իրականանացնում համայնքում սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքներ։

Քաղաքի քառամյա զարգացման ծրագրով նախատեսվում է «համայնքը դարձնել շուրջտարի գործող ժամանակակից եւ միջազգային տուրիզմի եւ էկոտուրիզմի զարգացման կենտրոն,  ի՞նչ ներդրումներ են արվել այս ուղղությամբ նշված ցուցանիշն ապահովելու համար: Ստեղծվե՞լ են որակյալ սպասարկման, ժամանցային ծառայություններ եւ ենթակառուցվածքներ զբոսաշրջիկին քաղաքում պահելու համար:

Մեր բոլոր հյուրանոցները եւ հյուրատների մեծ մասն իրականացնում են շուրջտարյա սպասարկում եւ ժամանցի կազմակերպման լայն հնարավորություններ ունեն: «Դիլիջան» ազգային պարկում կան էկոտուրիզմի երթուղիներ, ծրագրեր են նախապատրաստվում ձմռանը դահուկուղիների ստեղծման ուղղությամբ: Քաղաքի թանգարաններում, ամֆիթատրոնում, արվեստի պետական քոլեջում, գեղարվեստի դպրոցում հաճախ են կազմակերպում մասսայական միջոցառումներ: Քաղաքի տարբեր հատվածներում կան համակարգչային սրահներ: Մենք ունենք սրճարանների պակաս եւ գործարարները նկատել են այդ բացը: Առաջարկներ կան եւ շուտով քաղաքի տարբեր հատվածներում այն իրականություն կդառնա: 

Մի առիթով ասացիք, որ քաղաքում գործում է 30 հանգստյան տուն եւ 100-ից ավելի հյուրատուն, դրանց առկայությունը որքանո՞վ է մեղմել բնակչության սոցիալական վիճակը:

Հենց 30 հյուրանոցների, առողջարանների եւ շուրջ 100 հյուրատների ու պանսիոնատների առկայությունը խոսում է մեծ քանակությամբ սպասարկող անձնակազմի առկայության մասին, որը բնականաբար մեղմում է բնակչության սոցիալական վիճակը:

Դիլիջանը մարզային քաղաքներից առաջինն է, որտեղ մաքրման կայան է կառուցվում, նկատելի՞ էր դրա հրատապությունը, թե՞ որպես ժամանակակից քաղաքի բաղկացուցիչ մաս, այն պետք է լինի:

Առաջին հերթին մեր քաղաքի առողջարանային բնույթն է ենթադրում դրա անհրաժեշտությունը: Գետի աղտոտվածության պայմաններում չի կարելի տասնյակ հազարավոր հանգստացողներ եւ զբոսաշրջիկներ ընդունել: Ամռանը գետը շատ տհաճ հոտ ուներ եւ էկոլոգիական լուրջ խնդիր էր առաջացանում: Մենք 3-4 տարի առաջ Աղստեւ գետի հունն ամբողջությամբ մաքրեցինք եւ արդեն քաղաքից դուրս մաքրման կայան ենք կառուցում: Հաղածինը եւ շրջակա մյուս գյուղերը նույնպես կմիանան կոլեկտորին եւ կոյուղի կունենան:

Դիլիջանը, մինչ այս ընդգրկուն միջոցառումները, մեր մարզային քաղաքներից որոշակիորեն տարբերվում էր իր կառավարումով՝ մաքուր քաղաքի համարում ուներ, աղբահանություն էր իրականացվում եւ այլն: Այսինքն՝ համայնքային կառավարման որոշակի մոդել ուներ, վարչարարության որոշակի հմտությունների էր տիրապետում, նոր իրավիճակում վարչարարությունը բարելավելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

Բնականաբար, ոչ միայն տեսնում ենք դրա անհրաժեշտությունը, այլեւ արդեն իսկ կոնկրետ գործնական քայլեր են կատարվում այն ավելի լավ կազմակերպելու ուղղությամբ: Ձեռք ենք բերել աղբի տեղափոխման 4 մեքենա քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված են բավարար չափով աղբամաններ: Աղբահանության վերահսկողությունը կատարվում է քաղաքապետարանից էլեկտրոնային ցանցի միջոցով:

Համայնքի դժվարություններից եք համարում ՏԻՄ-բնակչություն թույլ կապը, տեղեկատվություն ստանալու դժվարությունները: Դուք պահպանել եք 1957թ·-ից լույս  տեսնող քաղաքային «Դիլիջան» թերթը, ինչո՞ւ այն չեք դիտարկում նշված խնդիրները բարելավելու միջոց:

Միայն «Դիլիջան» թերթի միջոցով հնարավոր չէ իրականացնել այն, թերթը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ եւ չի կարող օպերատիվորեն արձագանքել իրադարձություններին: Անհրաժեշտ է տեղական հեռուստատեսություն եւ ռադիոհեռարձակում: Նախկինում ունեցել ենք մեր հեռուստատեսությունը, որը 2008թ.-ին դադարեցրել է աշխատանքները, պահպանել ենք նյութատեխնիկական բազան եւ արտոնագիր ձեռք բերելու դեպքում այն կարելի է վերագործարկել:

Դիլիջանի քառամյա զարգացման ծրագրով մտահոգիչ եք համարում հարկային պարտավորությունների կատարման վատ վիճակը եւ խնդիր եք դրել բարելավել համայնքի ֆինանսական դրությունը: Ի՞նչը չի գոհացնում ներկայում եւ ի՞նչ եք պատրաստվում անել:

Արդյունավետ աշխատանքի շնորհիվ ներկայում տեղական տուրքերն  ու վճարները, ինչպես նաեւ հարկային եկամուտները հավաքագրվում են լիովին։ Սակայն, մենք նույնպես դժվարություններ ունենք· քաղաքում կան ամառանոցներ, որոնց տերերը մշտապես այստեղ չեն բնակվում, նաեւ արտերկիր մեկնածներ կան, որոնք տարվա ընթացքում մեկ անգամ գալիս են եւ ամբողջությամբ վճարում են: Այնուամենայնիվ, հարկադրված ենք լինում նաեւ դատական կարգով գանձումներ կատարել, հիմա տուրքերը չվճարելու հետ կապված դատական հայցեր ենք ներկայացնում:

Համայնքների խոշորացման ծրագրի իրականացման արդյունքում Դիլիջան քաղաքն իր շուրջ համախմբելու է մի շարք բնակվայրերի, որոնք կենցաղային եւ սոցիալական մակարդակով ծայրահեղ վատթար վիճակում են, հնարավո՞ր է Դիլիջան քաղաքի վարչարարության մոտեցումներով համաչափ զարգացում ապահովել ողջ համայնքի համար եւ դրանից արդյոք չի՞ տուժի Դիլիջանը որպես բարեկարգ քաղաք:

Նախ` չեմ կարծում, որ մեր հարակից համայնքները գտնվում են ծայրահեղ կենցաղային եւ սոցիալական վիճակում: Միաժամանակ չեմ կարծում, որ նրանց զարգացումը կարող է նվազեցնել Դիլիջանի զարգացման հնարավորությունները: Այն, ինչ կապված է քաղաքում իրականացվող խնդիրների լուծման հետ բավականին հստակ են եւ իրականանալի: Տեղական իշխանության առաքելությունն է՝ որակյալ ծառայություններ մատուցել համայնքի բնակչությանը եւ զբոսաշրջիկներին, ապահովել համայնքի բնականոն զարգացումը:

Դիլիջանում զբոսաշրջիկների եւ ներդրողների համար գրավիչ միջավայր ձեւավորելը որքանո՞վ է հաջողվել ձեզ:

Քաղաքապետարանը բավականին լուրջ քայլեր է կատարել բնակչության սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ: Արդեն 4-րդ տարին է քաղաքապետարանում գործում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ ոչ միայն մեր համաքաղաքացիները կատարում են անհրաժեշտ հարկային մուծումները, այլեւ կարող են ծանոթանալ ՏԻՄ որոշումներին: Գործազրկության հաղթահարման գործում կարեւոր դեր են կատարում քաղաքում իրականացվող խոշոր ծրագրերը, նոր աշխատատեղերի ստեղծումը: Զբոսաշրջության առումով կարող եմ ասել, որ գործում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն: Քաղաքապետարանը խրախուսում է տուրիզմի ոլորտի զարգացմանն ուղված մասնավոր հատվածի նախաձեռնությունները: Ինչ վերաբերում է երիտասարդության աշխատանքային եւ ժամանցային վայրերին` այստեղ նույնպես նկատելի է որոշակի բարելավում: Քաղաքում ավելացել են երթուղիները, համեմատաբար փոխվել է սպասարկման որակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկող կազմակերպության հետ միանգամայն նոր ավտոբուսներով սպասարկումն իրականացնելու հարցում: Բնակչության 85%-ն ունի 24 ժամյա ջրամատակարարում:

Այս համալիր ներդրումները եւ քաղաքի վերափոխումը ի՞նչ փոխեց Ձեր մեջ իբրեւ քաղաքապետի, որն արդեն 9 տարի ղեկավարում է այն, կա՞ մի բան, որից մեծ բավարարվածություն ունեցաք եւ ի՞նչն է, որ ակնհայտորեն չի գոհացնում Ձեզ:

Թող անհամեստ չհնչի` ես ներքուստ հպարտանում եմ, որ օգտագործելով իմ աշխատանքային փորձը եւ այս տարիներին ձեռք բերված հմտությունները կարողացել եմ նպաստել քաղաքի նկատմամբ հատուկ մոտեցման ձեւավորմանը եւ նման խոշորամասշտաբ ծրագրերի ներդրմանը: Ամենամեծ բավականությունն ստացել եմ, երբ սկսվեց իրականացվել հակասողանքային ծրագիրը, որովհետեւ այն Դիլիջանի համար ամենակենսական խնդիրն է: Արդեն ավարտին են մոտենում 2-րդ թունելագծի աշխատանքները եւ շուտով հնարավոր կդառնա հզոր դրենաժային համակարգի միջոցով սողանքներից անվտանգ դարձնել քաղաքի ողջ կենտրոնական հատվածը:

Միաժամանակ չեմ կարող թաքցնել, որ ինձ դեռեւս չի գոհացնում հանրային գույքի, քաղաքի ունեցվածքի նկատմամբ մեր որոշ համաքաղաքացիների դրսեւորած անտարբեր ու անհոգի վերաբերմունքը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր համաքաղաքացիների հիմնական մասը մեծ լավատեսությամբ է նայում քաղաքի ապագային:       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter