Համայնքապետ փոխելով՝ ոչինչ հնարավոր չէ փոխել
Մարիամ Խալաթյան
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Աշոցք-Բավրա հատվածի մասին խոսելիս վարորդներն աշխատում են զուսպ արտահայտվել՝ բավարարվելով «ճամփա է էլի, սաղ երկրի ճամփեքի նման՝ անտեր, անտիրական» արտահայտությամբ: Նրանց համոզմամբ հարթ, կոկիկ եւ ասֆալտապատ ճանապարհներ ունենալը մայրաքաղաք Երեւանի մենաշնորհն է: Մինչեւ Բավրայի մաքսատուն հասնելն էլ նույն ավերակ, փոսառատ ճանապարհն է, որ դժվարացնում է հատկապես բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների ընթացքը՝ հնարավորություն չտալով նրանց նորմալ մանեւրելու:
Բավրայի բնակիչ Ժորա Վարդանյանը դժգոհելով միջպետական եւ համայնքային ճանապարհների վատ վիճակից, պահանջում է, որ սկզբի համար նախ` փոխվի գյուղի մուտքի մոտ տեղադրված ցուցանակը: Նրա կարծիքով այն պետք է լինի ոչ թե կապույտ, այլ սպիտակ գույնի: «Ես երկու անգամ անձամբ ասել եմ` գյուղի միջից անցնող ճանապարհին դուք դրել կապույտ ֆոնի վրա գրել եք «Բավրա»: Կապույտ ֆոնը նշանակում է, որ վարորդը մինչեւ 90կմ/ժ արագությամբ կարող է անցնել: Ասել եմ` փոխեք, դարձրեք սպիտակ, որ գալացողն իմանա` բնակավայր է մտնում: Հեչ մեկի պետքը չէ: Չնայած մյուս կողմից էլ նման ճանապարհով նշված արագությամբ անցնելու համար առնազն պիտի կամիկաձե լինես»,- նկատում է Ժորա Վարդանյանը:
Այսօր Բավրայում ապրելը շատ դժվար է, շատ ընտանիքներ անգամ անասուն չունեն, որեւէ մշակությամբ չեն զբաղվում, այլ գոյատեւում են արտագնա աշխատանքի վաստակով:
«Ոչ մի բան էլ չունենք, արտագնա աշխատանքով ապրում ենք, բայց գյուղը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում: Որ աշխատատեղ լինի ժողովուրդը մեծ հաճույքով կաշխատի ու գյուղից չի բացակայի»,- ասում է Բավրայի բնակչուհի Թաքուն Հակոբյանը:
Ովքեր անասնապահությամբ են զբաղվում, չեն դժգոհում, կաթը 170 դրամով մթերում են կաթնամթերք վերամշակող մի քանի կազմակերպություններ, խմելու ջրի խնդիր նույնպես չունեն: Բավրան նաեւ գազաֆիկացված չէ, բայց խոստացել են այս տարի անպայման հարցին լուծում տալ, բնակիչներն էլ լիահույս են: Բավրայում է նաեւ հյուսիսային մաքսակետը, որը որոշակի աշխատատեղեր ապահովում է գյուղացիների համար, բայց շատ քիչ է. գյուղի երիտասարդների 80%-ը գտնվում է արտերկրում, ուստի` գյուղում շրջելիս միայն տարեցների ես հանդիպում:
«Երիտասարդները կտրվում են գյուղից: Ներկա պահին 100 բնակիչ գտնվում է դրսում, ու նրանցից որը հետ կգա` Աստված գիտե: Ովքեր նոր են ամուսնանում, նույնիսկ մեղրամիսը չեն վայելում, թողնում են իրենց կնոջը` գնում արտագնա աշխատանքի»,- սրտնեղում է Ժորա Վարդանյանը: Ապա հավելում, որ միայն համայնքապետ փոխելով ոչինչ հնարավոր չէ փոխել, խնդիրները գլոբալ են, դրանք պետք է Կառավարությունը լուծի:
Հունիսի 8-ին Բավրայում ՏԻՄ ընտրություններ էին: Երկու մրցակիցներից բավրացիներն ընտրեցին ոչ թե գործող համայնքապետին, այլ նրա մրցակցին: ՀՀԿ-ական Մկրտիչ Պետրոսյանը ստանալով 127 քվե՝ պարտվեց 173 ձայն ստացած Կորյուն Սումբուլյանին: Վերջինս 2006-2010 թթ.-ին ղեկավարել էր Բավրան եւ իր աշխատելաոճով շատ լավ հայտնի էր համագյուղացիներին: Բավրացիները անձերի փոփոխության հետ կապված շատ մեծ հույսեր չեն կապում: Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ Բավրայում «վերեւների» ուշադրությունն է պետք առաջին հերթին, համոզված են նրանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել