HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Baku.am»-ն արդեն հասանելի է նաև ադրբեջաներենով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի «Baku.am» կայքէջը` արդեն ադրբեջաներենով: Կայքէջի ադրբեջաներեն տարբերակի պատրաստմանը նպաստել են այն բազմաթիվ նամակներն ու լայն արձագանքը, որը հետևեց կայքի գործարկմանը: Կայքէջը համալրվել է նորանոր նյութերով` Բաքվի հայկական նավթային ընկերությունների բաժնետոմսեր, լուսանկարներ, բացիկներ և այլն:

«Baku.am» քառալեզու վեբկայքը անցած ութ ամիսների ընթացքում այցելել են շուրջ 70.000 օգտվողներ, ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալ Բաքու քաղաքի հայ համայնքի պատմության, ժառանգության ու ճակատագրի հետ:

Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:

Առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ:

Բաքվի հայ համայնքը դարձավ ադրբեջանական և թուրքական իշխանությունների ծրագրած և երեք փուլով իրագործած էթնիկ զտման զոհ: Դրա արդյունքում դադարեց գոյություն ունենալ քաղաքի զարգացման պատմության մեջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը:

20-րդ դարի սկզբին Բաքուն, հանդիսանալով Ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոն, ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից և բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո: Այդուհանդերձ, հայերն առաջնային տեղ էին զբաղեցնում քաղաքի հասարակական, մշակութային և գործարար կյանքում: Հենց հայ գործարարների շնորհիվ սկսվեց և մեծ թափ առավ Բաքվի նավթարդյունաբերությունը:

Հայ գործարարների միջոցներով և հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցած շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականությունը չի հանդուրժում որևէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին:

Հիշեցնենք, որ կայքի պատրաստումը նախաձեռնել և իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` «Zօom graphics» ընկերության մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter