HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պուտինիզմը Հայաստանում

Էդգար Վարդանյան

Պուտինի վարկանիշը Ռուսաստանում բարձր է քան երբեւէ։ Ռուսաստանցիներից շատերը հպարտանում են Պուտինով, նրա պատկերով վերնաշապիկները ամենապահանջարկված ապրանքներից են։ Նա ամեն ինչ ճիշտ է անում, բոլորի «պորտը տեղն է դնում»՝ ասում են այդ վերնաշապիկները կրողները։ Թեեւ չկան համապատասխան սոցիոլոգիական հետազոտություններ, բայց առօրյա դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում էլ պուտինիստները մեծ թիվ են կազմում։ Հետաքրքրական է, որ վերջինները շատ են նաեւ հայաստանյան իշխանություններին ընդդիմացողների շարքերում։  

 Սերժ Սարգսյանը նրանց համար ժողովրդին թալանող, թույլ, չկայացած քաղաքական գործիչ է, իսկ ահա Պուտինը…Պուտինը նրանց հերոսն է, նա «կինոյի մեջի» տղան է։ Նրանց պատկերացնումներում Պուտինը մի մարդ է, ով դեմ է օլիգարխներին՝ նա կամ ոչնչացնում են նրանց, կամ էլ իր կրնկի տակ պահելով վերջիններիս օգտագործում է պետությունը ուժեղացնելու համար։

Ըստ պուտինասերների, Պուտինը ժողովրդին շատ լավ է կերակրում՝ «հենա տեսեք Մոսկվայում բոլորի ձեռքին միայն թանկարժեք հեռախոսներ են, իսկ փողոցներում միայն արտասահմանյան արտադրության նոր մեքենաներ»։ Նա ժողովրդի «թասիբին» միշտ կանգնած է, աշխարհում ստիպում է բոլորին հաշվի նստել ռուսների հետ եւ, ինչու չէ, նաեւ վախենալ Ռուսաստանից։

Պուտինիստների աչքերում Պուտինը պարզ մարդ է, բայց միեւնույն ժամանակ նա շատ հոգեւոր է։ Նա «հարց լուծող» է, նա համ շատ խելոք է, ինտելեկտուալ է, համ էլ, եթե պետք լինի, անգամ գողերի հետ «կնստի-կհելնի»։ Պուտինը լեզու է գտնում ինչպես ակադեմիկոսի, այնպես էլ շարքային գյուղացու հետ։ Նա ազգային ավանդույթներին մեծ տեղ է տալիս, բայց եւ հետամնաց չէ։ Պուտինը տարատեսակ այլասերվածություններին դեմ է՝ «նա չի թողնի, որ տղամարդը՝ «կնիկ», իսկ «կնիկը»՝ տղամարդ դառնա»։ Ահա այսպիսին են Պուտինի վերաբերյալ պուտինիստների պատկերացումները։

Պուտինը պուտինիստների համար այնպիսի մարդ է, ինչպիսին հենց նրանք կուզենային լինել։ Վերջինները համոզված են, որ պետության զարգացումը կախված է նրանից, թե ով է երկրի ղեկավարը՝ եթե իրենց պատկերացումներով դա «ճիշտ» մարդ է, ուրեմն նրա ամեն մի արարքը «ճիշտ է»։ Պուտինը «ճիշտ» մարդ է, ուրեմն այն, ինչ կատարվում է նրա կողմից՝ արդարացի է։

Իրականում, պուտինիզմը այդպիսի մարդկանց աշխարհընկալման «արտադրանքն» է։ Եվ կարեւոր չէ, թե ինչպիսի՞ն է Պուտինը իրականում եւ ի՞նչ արդյունքների է հասել պուտինյան Ռուսաստանը։ Կրեմլյան պրոպագանդիստական մեքենան մարդկանց գիտակցության մեջ կարողացել է «ներմուծել»  Պուտինի վերոնշյալ կերպարը։

Այն, որ Պուտինի կառավարման տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ընդհանուր առմամբ, զգալիորեն լավացել է՝ փաստ է։  Փորձագետները դա բացատրում են, հիմնականում, գազի եւ նավթի վաճառքից ստացված մեծ եկամուտներով։ Բայց  պուտինիստները չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել, որ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը, որ  չնայած մեծ ծավալի բնական ռեսուրսների առկայության, Ռուսաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով զբաղեցնում է ընդամենը 73-րդ տեղը աշխարհում, որ Ռուսաստանում հարուստների եւ աղքատների միջեւ տարբերությունը շարունակում է մնալ ահռելի չափերի, որ Ռուսաստանի առանձին շրջաններում, ըստ էության, ՌԴ դաշնային օրենքների փոխարեն, գործում են շարիաթի օրենքները եւ այլն եւ այլն։

Պուտինիստները չեն նկատում, կամ չեն ուզում նկատել, որ հենց Պուտինի ռեժիմի օրոք է, որ մի շարք հետխորհրդային երկրներ, հատկապես Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, երեսը թեքեցին Ռուսաստանից եւ գնացին եվրոինտեգրման ուղիով, որ հենց Պուտինի օրոք է հակառուսական տրամադրությունները աշխարհում հասել ահռելի չափերի, որ հենց Պուտինի օրոք է Ռուսաստանը դուրս մնում խոշոր տնտեսա-քաղաքական ծրագրերից, որ հենց Պուտինի օրոք է ՆԱՏՕ-ն մոտեցել Ռուսաստանի սահմաններին։

Ամեն դեպքում, Հայաստանի զարգացման խնդրով մտահոգ քաղաքացիները եւ կազմակերպությունները չեն կարող անտեսել երկրում լայն տարածում ստացած պուտինիզմի գործոնը, քանի որ վերջինս իր հակաիրավական բնույթով երկրում ժողովրդավարական վարչակարգ հաստատելու հիմնական խոչընդոտներից մեկն է։ Ժամանակին ռուսաստանյան բոլշեւիկները կարողացել են հեշտությամբ «վերցնել» Հայաստանը նաեւ, կամ, միգուցե, հիմնականում այն պատճառով, որ ակտիվ շատ  հայերի գիտակցության մեջ հասցրել էին ամրապնդվել բոլշեւիստական գաղափարները։ 

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
Ռուսաստանն արդեն վարի էր գնում, շնորհիվ փթող ծերակույտի, շատախոս ու անողնաշար պարտոկրատ գորբաչի ու խրոնիկական շշասեր յոլկինի: Բավական է նշել որ թե բանակ եւ թե տնտեսություն համարյա զրոյացվել էին արդեն: Հակառակորդներն արդեն տոնում էին նրա վախճանն ու իրենց հաղթանակը: Պուտինը մեթոդական մշակում ու կոշտ մասնագիտական դաստիարակություն անցած ռուս է (Լենինգրադցի!) Այդ որակների ու վիթխարի ջանքերի միջոցով նա կարողացավ կասեցնել անկումն ու նույնիսկ դիմադրություն կազմակերպել: Ինչ վերաբերվում է մեզ, ապա պիտի գիտակցենք որ որեւ մեկից (նույնիսկ թուրքից!) նեղանալ - խռովելը հիմարություն է: Այստեղ ուղղակի պիտի ըմբռնել որ դաժան խաղ է գնում - գոյատեւելու համար: Շատ բախտավոր պիտի լինենք որ մի 10% - ոց Պուտին էլ մենք ունենանք:
Մայիս
Ամբողջ աշխարհը գնում է ԻՆՏԵՆՍԻՎ զարգացման ճանապարհով: Ռուսաստանը Պուտինը տանում է ԷՔՍՏԵՆՍԻՎ զարգացման ճանապարհով: Նույն ճանապարհով մենք ենք գնում այդքան ընդունելով Պուտինին: Այդ ճանապարհով գնալ նշանակում է ոչ մի տեղ չգնալ: եթե Պուտինը իր երկրի անսահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով տանում է երկրին այդ ուղղությամբ, ապա Հայաստանը գործնականում կործանում է այդ ուղղությունը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ժամանակին էլ նու՛յն բաները վերագրում էին «փրկիչ» Ստալինին: Պուտինիզմը հետադարձ է՝ դեպի ստալինիզմ: Ձեզ 2 ՑՆՑՈՂ օրինակ բերեմ. ա) այդքա՛ն հումքային ռեսուրսներ ունեցող Ռուսաստանը ԸՆԴԱՄԵՆԸ Իտալիայի տնտեսության չափն ունի, բ) միայն այս տարի արդեն 100 մլրդ դոլարի ռուսական կապիտալ է փախչել Ռուսաստանից: «Քաղաքակիրթ» ռուսը չի կարող առանց կուռքի, իսկ կուռքերի առկայությունը մի՛ բան է նշանակում. երկրի ՓԼՈՒԶՈՒՄ: Սադդամ, Քադդաֆի, Մուբարաք,...Պուտին: Ղրիմը՝ Պուտինի ՄԵԾԱԳՈՒՅՆ սխալն ու իր կործանման սկիզբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter