HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք խոշորագույն ռեժիսոր «Ոսկե ծիրանում»

Նունե Հախվերդյան

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը երկու կարեւոր բան է բերում Երեւան. ֆիլմեր, որոնք մեր մեկուկես կինոթատրոնում չենք տեսնում ու հայտնի մարդկանց: Ավանդույթի համաձայն` «Ի՞նչ դիտել այս տարի» հարցին հաջորդում է «Իսկ ովքե՞ր են գալու» հարցը, քանի որ արտամրցութային ծրագրերը հիմնականում կազմվում են պատվավոր հյուրերի կարգավիճակում Հայաստան ժամանած ռեժիսորների ֆիլմերի ցուցադրումներից:

Կարելի է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում, երբ աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներն իրենց կինոփառատոններն ունեն, կինոյում իրենց ուրույն ձեռագիրն ունեցող մարդկանց հրավիրելն ավելի բարդ է, քան ֆիլմի ցուցադրության իրավունք ստանալը: Լավ ռեժիսորներն ավելի քիչ են, քան կինոփառատոնները: Էլ չասած, որ նրանք, որպես կանոն, խիստ զբաղված ու բավականին քմահաճ են:

Այս տարի «Ոսկե ծիրանը» հրավիրել է Ցզյա Չժանկեին` ժամանակակից կինոյի ամենահետաքրքիր ռեժիսորից մեկին, ով իր առաջին ֆիլմերը սկսել է նկարահանել Չինաստանի օրենքներին հակառակ: Այսինքն` ոչ թե ենթարկվել է ցենզուրայի պահանջներին, այլ լիովին անտեսել դրանք` շատ լավ հասկանալով, որ իր ֆիլմերի սրությունը դուր չի գա իշխանություններին:

Չինական կինոյի «նոր ալիքի» ներկայացուցիչ հռչակված Չժանկեի ֆիլմերը զուրկ են էկզոտիկ արեւելյան կոլորիտից (ինչը գրավում է ամերիկյան ու եվրոպական լսարանին), դրանք ընդգծված կենցաղային հողի վրա են տեղի ունենում, որին գումարվում են տիեզերական հարցադրումները: Կյանքը նրա ֆիլմերում զարմանալիորեն հիշեցնում է մեր դեռեւս չհաղթահարված սովետական անցյալը` իր հսկայածավալ նախագծերով, հասարակ մարդու հանդեպ ծրագրավորված արհամարհանքով ու մեծ հաշվով`անզորությամբ:

Նրա վերջին` «Մեղքի դրոշմը» ֆիլմը, որն անցյալ տարի Կաննի փառատոնում լավագույն սցենարի համար ոսկե արմավենու ճյուղ ստացավ, ժամանակակից Չինաստանի սոցիալական դիմանկարն է: Չորս նովելներից բաղկացած ֆիլմի գլխավոր թեման բռնությունն է (ռեալ, սեփական տանդ դուռը թակող ու ոչնչացնող): Եվ հերոսները, ում կյանք է մտնում բռնությունը, բռնությամբ էլ պաշտպանվում են:

Կան իրավիճակներ, երբ այլ ելք չկա, թեկուզեւ հասկանում ես, որ դա ոչ թե պաշտպանություն է, այլ` կործանում: Անարդարությունների դեմ միայնակ դուրս եկած մարդիկ բոլորն էլ պարտվում են (համակարգն է կառուցված անտարբերության վրա), բայց չպատերազմել չեն կարող:

«Հասարակությունը դրդում է բռնության, մենք դա զգում ենք մեր մաշկի վրա ու նույն կերպ էլ պատասխանում ենք: Հաճախ դա ենթագիտակցաբար է կատարվում: Մենք չպիտի անտեսենք մեր շուրջը տեղի ունեցող բռնությունը: Ընդհակառակը` պիտի ուղիղ նրա երեսին նայենք, դա ինչ-որ բան փոխելու միակ հնարավորությունն է: Եթե աչք ես փակում, ուրեմն համաձայնում ես»,- իր հարցազրույցներից մեկում ասել է չինացի ռեժիսորը:

«Մեղքի դրոշմի» բոլոր չորս սյուժեներն իրական են, դրանց մասին հայտնի դարձավ Թվիթերի նմանությամբ աշխատող չինական սոցիալական ցանցից: Իսկ Ցզյա Չժանկեն դրանք միավորեց ու գլուխգործոցին արժանի ֆինալ ավելացրեց: Սա այն ֆիլմերից է, որն արժե դիտել: Ինչպես նաեւ ռեժիսորի մյուս ֆիլմերը` «Նատյուրմորտը», «Պլատֆորմը»:

«Ոսկե ծիրանը» Չժանկեի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է կազմակերպելու, իսկ ռեժիսորը վարպետության դաս կանցկացնի:

Եթե Չժանկեի ֆիլմերից շատերը բացահայտում կլինեն, ապա Օթար Իոսելիանիին հաստատ գիտեն բոլորը: Նրա «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Տերեւաթափ», «Լուսնի ֆավորիտները», «Այգիները աշնանը» եւ այլ ֆիլմերը վաղուց արդեն դասական են: Սակայն ֆիլմերի ցուցադրումից ավելի նշանային է այս խոշորագույն ռեժիսորի այցը: 80-ամյա վարպետը, ով դեռ 1980-ականներին Վրաստանից տեղափոխվել էր Ֆրանսիա, բացառիկ ճաշակի ու արժանապատվության տեր մարդ է:

Նրա գեղեցիկ, ալեգորիկ ֆիլմերը լի են օդով եւ գրեթե զուրկ են բառերից («Կարեւորը ոչ թե բառերն են, այլ հնչերանգը»,- ասել է ռեժիսորը): Իոսելիանիի հերոսները գրեթե միշտ մարդիկ են, որոնք զգում են, որ սկսել են ուրիշի կյանքով ապրել ու փորձում են հասկանալ` իսկ ո՞րն է իրենցը:

«Ինձ թվում է, որ ցանկացած բան պիտի անել այնպես, կարծես հաջորդ վայրկյանին տրամվայը կարող է ձեզ վրաերթի ենթարկել: Կոպիտ ասած` չի կարելի «խալտուրա» անել ու հուսալ, որ մասնագիտական փոքր զիջում անելուց հետո հնարավորություն կստանաք ձեր երազածն իրագործել: Հետո չկա»,- այսպես է բնութագրել Օթար Իոսելիանին կյանքի իր բանալին:

Օթար Իոսելիանին այն վարպետներից է, որոնք մի ողջ դար են խորհրդանշում (անգամ մեկ դար ու կես) ու տարբեր գաղափարախոսական ու կոմերցիոն ճնշումների միջով անցնելով` է’լ ավելի են նեղացնում այն լսարանը, որի համար կինո են ստեղծում:

Ի տարբերություն վրացի ռեժիսորի, հարավկորեացի Կիմ Կի Դուկը սիրում է էպատաժն ու լավ գիտե մոդայիկ դառնալու ուղիները: Այս տարվա «Ոսկե ծիրանին» սպասվում է նաեւ նրա այցը:

Կիմ Կի Դուկը հայտնի է իր էքստրեմալ, շոկ առաջացնող ու հնարամիտ կինոպատմություններով: Իսկ եվրոպական կինոփառատոնները սիրում են նրա ֆիլմերը, որոնք իրենց դաժան ու ֆիզիոլոգիական մանրամասներով արթնացնում եմ հանդիսատեսի նիրհող զգացմունքները: Երբ նրա «Կղզի» ֆիլմը տարիներ առաջ ցուցադրվեց Վենետիկի կինոփառատոնում, հանդիսատեսը, չդիմանալով դաժան կադրերին, գերադասեց դահլիճից դուրս գալ (այն դրվագը, որտեղ հերոսը ձկնորսական կեռեր է կուլ տալիս, հետո ձգում դուրս, թույլ նյարդեր ունեցողների համար չէ):

Կիմ Կի Դուկը, ով երբեք ռեժիսուրա չի ուսանել, այլ ճամփորդել է աշխարհով մեկ, կերպարվեստով զբաղվել ու նյութ հավաքել, թքած ունի կոռեկտության, ընդունված պատկերացումների վրա: «Ես ֆիլմեր եմ նկարահանում` ցույց տալու համար, որ մութն ու լույսն իրարից անբաժան են: Եթե մութ չլինի, չենք իմանա, թե որտեղ է լույսը»,- ասել է նա:

Նրա վերջին «Մյոբիուս» ֆիլմն իսկական գրոտեսկ է: Ֆիլմում բառեր ընդհանրապես չեն հնչում, փոխարենը արյան գետեր են հեղեղվում, ու ընտանեկան լուրջ խնդիրները կոմիկական ենթատեքստ են ստանում: Կիմ Կի Դուկի ֆիլմերը կարելի է սիրել կամ չսիրել, բայց դրանք անտարբեր չեն թողնում, քանի որ պարունակում են կինոյի նախաստեղծ էներգիան: Եվ ի՞նչ արած, որ այսօրվա կինոն գերադասում է խոսել բռնության մասին (այդ թվում նաեւ` հոգեբանական) ու բռնության լեզվով` աճպարարի պես մանիպուլյացիայի ենթարկելով ընդունված ու կլիշեացված պատկերացումները:

«Կղզի», «Դատարկ տուն», «Պիետա», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… եւ նորից գարուն», «Ամեն»… Կիմ Կի Դուկը հարուստ ֆիլմացանկ ունի, եւ Երեւանում նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կլինեն:

Այս երեք խոշորագույն կինոռեժիսորների այցը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում բարդ էր կազմակերպել: Բայց սա այն դեպքն է, երբ փառատոնը եւ ընդհանրապես Հայաստանը կարելի է գրավիչ համարել կինոյում բարձր դիրքեր գրաված ու ձեռագիր ունեցողների համար:

Ինչպես ասել է հայտնի սցենարիստ, պոետ, նկարիչ Տոնինո Գուերան` Հայաստանը ուղղահայաց երկիր է, եւ հարկավոր է ոչ թե կողքերը նայել, այլ` խորքերը: Կամ էլ` դեպի վեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter